Քննարկվել են ճգնաժամի պայմաններում ՀԲ-ի հետ հետագա համագործակցության հնարավորությունները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` հոլանդական խմբում նաեւ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Ռուդոլֆ Յան Թրեֆերսին։ Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում Համաշխարհային բանկի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։
Շնորհակալություն հայտնելով պարոն Թրեֆերսին` ՀԲ-ում մեր երկիրը ներկայացնելիս կատարած արդյունավետ աշխատանքի համար, վարչապետը հույս է հայտնել, որ այսուհետ եւս Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, կօգնեն հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ճգնաժամը մի կողմից նաեւ նոր հնարավորություններ է ստեղծում, որից պետք է օգտվել` ավելի եռանդուն իրականացնելու բարեփոխումները, հավաքագրելու ներքին կարողությունները, բացահայտելու մրցունակ ոլորտները։
Ըստ նրա, Հայաստանում տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քիմիական, հանքահումքային եւ այլ ոլորտներում աճի որոշակի ներուժ կա, որը նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ հնարավոր է արդյունավետորեն զարգացնել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել