HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրող Շամշյանին սկսեցին դատել

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, սկսվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դատաքննությունը: Շամշյանը մեղադրվում է դատավորի եւ դատարանի նկատմամբ դրսեւորած անհարգալից վերաբերմունքի համար: Ըստ մեղադրանքի` «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Շամշյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է Սմբատ Այվազյանի դատավարության ընթացքում, որը քննում էր դատավոր Գագիկ Ավետիսյանը: «Դեռ նախաքննական մարմնին ես միջնորդել եմ, որպեսզի, հանցակազմի բացակայության պատճառով, հարուցված քրեական գործը կարճվի,- ասում է ֆոտոլրագրողի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը: - Այդ օրը մինչ դատական նիստը սկսվելը, Գագիկ Ավետիսյանն Շամշյանին ասաց` ինձ մի նկարեք: Շամշյանն էլ պատասխանեց, որ ինքը չի նկարում, ձայնագրում է: Սակայն, չիմանալով, որ այդ տեխնիկան, իսկապես, ունակ է ձայնագրելու, ամենայն հավանականությամբ դատավորը չհավատաց եւ մտածեց, որ իր նկատմամբ իրականացվում է ծաղրանք: Եվ սանկցիա կիրառեց լրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ` հեռացնել դատարանի դահլիճից: Ընդամենը սա է եղել»: Այսօրվա նիստում մեղադրյալն ու նրա պաշտպանը դատավոր Խաչատրյանին ներկայացրին ինքնաբացարկի միջնորդություն: Պաշտպան Արսենյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ որ «առանց համապատասխան առիթի ու հիմքի» հարուցված այ գորը վարույթ ընդունելով` նախագահող դատավորը պաշտպանական կողմի մոտ կասկած է առաջացրել, որ դատավորը չի կարող օբյեկտիվ ճշմարտությունը վեր համել: Իսկ Շամշյանը նշեց, որ ժամանակին մեկ այլ գործով, որին ինքը ներկա է գտնվել որպես լրագրող, Արմեն Խաչատրյանը իրեն հեռացրել է դատական նիստերի դահլիճից: Ուստի, «հիմքեր կան ենթադրելու, որ դատավորը սույն գործով չի կարող լինել անաչառ»: Երկու միջնորդություններն էլ դատարանը մերժեց: Այնուհետեւ պաշտպան Արսենյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նաեւ մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանի նկատմամբ, ինչը կրկին մերժվեց: Դատավարության կարգը սահմանելուց հետո Դատավորը նիստը հետաձգեց` ֆոտոլրագրողի առողջական խնդիրներով պայմանավորված: Գագիկ Շամշյանը օրերս է դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անվտանգության ծառայության աշխատակցի կողմից ծեծի ենթարկվելու պատճառով: Դատավարությունը կշարունակվի մարտի 30-ին: Իսկ հաջորդ օրը նույն դատարանում կսկսվի «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter