
Ջիլիզա. գյուղացիները Խորակերտը հեռվից են տեսնում (վիդեո)
Արդեն երեք տարուց ավելի է` չի լուծվում հայ-վրացական սահմանի վրա գտնվող Ջիլիզա գյուղի անցակետի բացման խնդիրը: Գյուղացիները չեն կարողանում այցելել իրենց գյուղի մոտակայքում գտնվող 12-13-րդ դարերում կառուցված Խորակերտի եկեղեցական համալիր:
«Ասում եմ այն, ինչ մտածում եմ: Ջիլիզայում ապրող այս մի բուռ ժողովրդին, բոլորին հերոսի կոչում պետք է տալ: Հենց այնպես չեմ ասում: Դժվար է այստեղ ապրել: Հարցը սննդին ու կենցաղին չի վերաբերում, խոսքը մեկուսացվածության մասին է: Մարդիկ իրենց պետք է զգան մեծ աշխարհի մի մասնիկը: Ճիշտ է, սա մեր հայրենիքի մի փոքր անկյունն է, սակայն կա ոչ միայն հացի խնդիր: Կան շատ արժեքներ, որոնք հացից բարձր են»,- ասում է Ջիլիզա գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Ծատինյանը:
Ոսուցչուհուն մտահոգող հայրենի գյուղի մեկուսացվածության խնդիրը առնչվում է հայ-վրացական սահմանի վրա գտնվող Ջիլիզա գյուղի անցակետի բացման և Վրաստանի տարածքում հայտնված Խորակերտի եկեղեցական համալիրին:
Գյուղապետ Մհեր Վարդանյանի տեղեկացմամբ` Ջիլիզայի անցակետի բացմանը հայկական կողմը պատրաստ է, նույնիսկ ավարտել է անցակետի շինարարությունը:
«Հիմա վրացական կողմը ոչ թե մերժում է, այլ ընդհանրապես ձգձգում է»,- ասում է գյուղապետը: Անցակետ չբացելով` Վրաստանն ուղղակի պատնեշում է ազգակցական, բարեկամական ու ընկերական հարաբերություններով միմյանց կապված Ջիլիզայի և նրան սահմանակից Վրաստանի տարածքում գտնվող հայկական Չանախչի, Խոժոռնի, Օփրեթի, Աղքյորփի, Գյուլլուբաղ, Ծոբ և մյուս գյուղերի ապրողների շփումը:
Սահմանակից հայկական գյուղերի իրենց հարազատների հետ շփվելու համար Ջիլիզայի բնակիչները 2 կմ ճանապարհի փոխարեն անցակետի բացակայության պատճառով արդեն 3 տարի շարունակ հատում են Ջիլիզա-Ալավերդի-Բագրատաշեն երթուղով 100 կմ երկարությամբ ճանապարհը:
ՀՀ վարչապետի 1996 թ. մայիսի 10-ի թիվ 272 որոշման համաձայն՝ ստեղծվեց Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով: Ջիլիզայում ապրողները տեղյակ չեն այդ հանձնաժողովի աշխատանքներից, վրացի սահմանապահներն էլ շարունակում են արգելել գյուղացիներին իրենց գյուղի կողմից մոտենալ Խորակերտ եկեղեցուն:
«Սահմանները դեռևս կոնկրետացված չեն, դրա համար հայ և վրացական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում պարզ կլինի, թե Խորակերտը մնում է հայկակա՞ն, թե՞ վրացական տարածքում»,- ասաց գյուղապետը:
Հովիկ Ծատինյանը պատմեց, որ Խորակերտի վիճակն իր աչքով տեսնելու համար մեկ տարի առաջ այցելել է եկեղեցի: «Խորակերտը, եթե կարողանան փրկել, դա մեծ գանձ կլինի մեզ համար: Մի ժամանակ խոզ էին բերում մեջն անում, հիմի լավ է` եկեղեցում դուռ էր դրված: Լալայան Ալբերտը դուռ է պատրաստել ու եկեղեցին փակել»,- ասաց Հովիկ Ծատինյանը:
Ըստ ջիլիզեցի Սուրիկ Ծատինյանի` Խորակերտը անվերապահորեն հայկական եկեղեցի է, կառուցվել է հայի ձեռքով, հայկական տարածքում և պետք է Վրաստանի իշխանությունները այն հանձնեն Հայաստանին. «Բա ու՞մն ա Խորակերտը, վրացին Խորակերտ ունի՞: Մերն է Խորակերտը, Ջիլիզա գյուղինն է: Եկեղեցին հայի ձեռքի գործ է, կառուցվել է հայկական տարածքում և պետք է վերադարձնել հայերիս»:
Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանը կարծում է, որ գյուղի զարգացման և տնտեսության աշխուժացման լավագույն տարբերակը զբոսաշրջության զարգացումն է, որի համար նա հույս է կապում նաև Հունաստանում գործող «Ղարաբաղի և Հայաստանի բարեկամների միություն» կազմակերպության հետ:
«Մենք զբոսաշրջիկներին կարող ենք մատուցել մեր պատմաշակութային հուշարձանները` Խորակերտի և Խուճապի եկեղեցիները, Չախալաբերդ ու Բազաբերդ կամ Բազկերտ ամրոցները, մեր մատուռներն ու մեր բնությունը»,- ասում է Մհեր Վարդանյանը:
Գյուղապետը չի բացառում, որ վրացիները սահմանային անցակետի բացումը ձգձգում են հենց հարևան հայկական գյուղերի շփումը խոչընդոտելու և Ջիլիզան մեկուսացնելու նպատակով: «Սակայն նրանք անցակետը չբացելը պատճառաբանում են սահմանային գծի ճշտմամբ»,- ասում է գյուղապետը: Իսկ Կառավարությունը սահմանամերձ գյուղին հատկացնում է ընդամենը 2 մլն դրամ դոտացիա, իսկ համայնքի բյուջեն դոտացիայի հետ միասին կազմում է 2,7 մլն դրամ: Ահա սրանով էլ պետք է գյուղապետը զարգացնի համայնքը, համոզի գյուղացիներին, որ չլքեն իրենց տները:
«Հետքի»` Խորակերտի և հայ-վրացական սահմանի վերաբերյալ հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Խորակերտի 12-13-րդ դարերի միջնադարյան եկեղեցական համալիրը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա և Վրաստանի Չանախչի գյուղերի միջև ընկած վայրում: Ըստ ԽՍՀՄ ժամանակաշրջանում տպագրված քարտեզների` այն գտնվում է Վրաստանի ԽՍՀ տարածքում. «Հարկ է նշել, որ այսօր հայ-վրացական պետական սահմանի այդ հատվածը դեռևս համաձայնեցված չէ: Ներկայումս հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման շուրջ ընթացող բանակցությունների արդյունքում 225 կմ սահմանագծից նախնական համաձայնեցված է 160 կմ-ը: Չհամաձայնեցված է մնացել 65 կմ»:
Ըստ ԱԳՆ պատասխանի` չհամաձայնեցված հատվածներն են Բավրա գյուղի, Ջիլիզա գյուղի մոտ գտնվող փոքր տեղայնքի, Սադախլո բնակավայր-Դեբեդ գետի, Խոժոռնի գյուղի, Սոմխեթի լեռնաշղթայի Իրգանչայ գյուղի, Աղքյորփի-Չանախչի-Բրդաձոր հատվածները: Հենց այս հատվածների համաձայնեցումը թույլ կտա ավարտել հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման բանակցային գործընթացը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել