«Հրապարակ». Ո՞նց են անելու
Երեւանի ավագանու համամասնական ցուցակը կազմելուց հետո հանրապետականների ճամբարում ուրիշ մտահոգություններ են իշխում: Ընտրակեղծիքների կնքահայրերը վստահ են, որ իրենք ծանրակշիռ մեծամասնություն են կազմելու, բայց ինչպե՞ս են անելու, որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն գոնե այնքան ձայներ ստանան, որ անցողիկ շեմը հաղթահարեն եւ մտնեն ավագանու կազմ: Հակառակ դեպքում, ինչքան էլ կեղծեն, ընդդիմությունը կարող է մնացած բոլոր ձայները տանել եւ ոչ պակաս ծանրակշիռ մեծամասնություն կազմել ավագանու կազմում, ինչը հղի է բազում վտանգներով: Ընտրակեղծիք անող թաղապետերին, քրեական հեղինակություններին կարող են պարտադրել, որ ՀՀԿ օգտին աշխատել, բայց ինչպե՞ պարտադրեն, որ ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի օգտին ձայներ բերեն:
Դատավորները գաղտնալսում են ու գաղտնալսվում
Պարզվում է` մեր երկրում խիստ տարածում է գտել գաղտնալսումներ անելը: Եվ դա անում է ոչ միայն իշխանությունը` գաղտնալսելով ու ձայնագրելով իր քաղաքական հակառակորդներին, մասնավորապես ընդդիմությանը, այլեւ, ասաենք, դատավորները: մեզ հասած տեղեկություններով` վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Էդիկ Մուրադյանի` աշխատանքից ազատման առիթը եղել է նրա որոշ խոսակցությունների գաղտնալսումը, որի ձայնագրությունները դրվել են Սերժ Սարգսյանի սեղանին: Սակայն, մեզ հասած լուրերով, նման մեթոդ կիրառել է նաեւ ինքը` Մուրադյանը` գաղտնալսելով իր մոտ «զրուցելու» եկած դատավորներին: Դժվար է ասել, թե նա ինչպես է այդ գաղտնալսումներն օգտագործելու: Չի բացառվում, որ դա ընդամենը հակակոմպրոմատ է` ինք նապաշտպանության ձեւ:
«ՀայՌուսգազարդը» փորձել է թաքցնել
Ավելի քան 10 օր «ՀայՌուսգազարդը» փորձել է թաքցնել իր սեփականատերերի փոփոխության հետ կապված գործարքը: Մարտի 12-ին ռուսական «Իտերա» ընկերությունը դադարել է «ՀայՌուսգազարդի» բաժնետեր լինելուց, քանի որ մյուս սեփականատեր «Գազպրոմին» է վաճառել կանոնադրական կապիտալում ունեցած 4,45 տոկոս բաժնեմասը: Երբ հայ-ռուսական գազային ընկերությունը հիմնադրվեց, ՀՀ կառավարության եւ «Գազպրոմի» բաժնեմասերը 45-ական տոկոս էին կազմում, 10 տոկոս` «Ինտերայինը»: Ժամանակի ընթացքում «Գազպրոմը», որի հիմնական բաժնետերը ՌԴ կառավարությունն է, Հայաստանից էներգետիկ հզորություններ խլեց, ձեւակերպեց որպես «ՀայՌուսգազարդում» ներդրում եւ դրանով մեծացրեց իր մասնաբաժինը: Մարտի 12-ից արդեն «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերն է, ինչի մասին հայկական կողմը տեղեկացել է միայն երեկ, իսկ ՀՀ կառավարությանը մնացել է փոշիացնել ընդամենը 20 տոկոս բաժնեմաս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել