Տվեք վերջին տոմսը դեպի մանկություն
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Հայ ազգային կոնգրեսի տանիքի տակ հավաքված տարբեր տրամաչափի առաջնորդները պահում են իրենց, ինչպես խանդոտ կանայք հարեմում: Նրանք չեն հանդուրժում, երբ իրենցից ինչ-որ մեկը ավելի մոտ է հայտնվում սուլթանին, եւ հենց որ ի հայտ է գալիս «սիրելի կին», տեղնուտեղը սկսում են ի ցույց դնել մրցակցուհու կեղտոտ սպիտակեղենը: Առանձնակի դա դրսեւորվեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ՀԱԿ-ի համամասնական ցուցակը ձեւավորելիս: Դրանում իր նվաստացուցիչ 22-րդ տեղից մինչեւ հոգու խորքը վիրավորված Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, երբ բարձրաձայնեց, նմանվեց շանձարձակ Զեւսի: Դե, իհարկե, որպես իսկական մարքսիստ, չթր կարող Դավիթ Հակոբյանը անտարբեր անցնել ՀԱԿ-ում տիրող անարդարության կողքով: Է, սուրբ միամտություն, սուրբ միամտություն... Ինչպես ասվում է հին երգում` «տվեք վերջին տոմսը դեպի մանկություն»: ՀԱԿ-ի ցուցակում տրիբունը բարձր տեղ չի տեսնի, ինչպես Վան Գոգը` իր ականջները: Ժամանակին ընդգրկվելով Կոնգրեսում` նա կարծում էր, թե ընկել է պարկեշտ հասարակություն: Այնինչ հայտնվեց մատնոց խաղացողների ընկերախմբում:
Կարմիր կովը կաշին չի փոխի
«Կարծու՞մ եք` Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվում է քաղաքապետ աշխատել: Տեսեք` այժմ ինչ իրավիճակ է: Նա ի՞նչ է հայտարարել` կընդունի միայն իր հաղթանակը հաստատող արդյունքը: Մարդը նախօրոք ասում է, որ իր համար միակ ընդունելի տարբերակն այդ է: Իսկ սա նշանակում է, որ եթե իրենք չընտրվեն, նա կհայտարարի ընտրություններում կատարված կեղծիքների մասին եւ հունիսի 1-ից դարձյալ կսկսի այն գործընթացը, որը իրականացրեց նախորդ ընտրություններում: Համենայդեպս, տրամաբանությունը սա է թելադրում: Ես այստեղ դարձյալ սադրիչ գործողությունների համար նախաբան եմ տեսնում»,-նման կարծիք հայտնեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել