
«Առավոտ». «Ցուցակային աբիժնիկներ»
Թերթն իր խմբագրականում անդրադառնում է քաղաքապետի ընտրություններին և ցուցակներին, և նշում, որ ինչպես թեթի խմբագրություն են գալիս տարբեր մարդիկ, ներկայանում ազատամարտիկներ կամ ջոկատի հրամանատարներ նյութական օգնություն ուզելու համար, այնպես էլ կուսակցական ցուցակներում հայտնվում են գործիչներ, որոնք իրենց հնարավորություններն ու վաստակը շատ ավելի բարձր են գնահատում, քան այն տեղը, որըն իրենց հատկացվել է, ու, չհայտնվելով «հրամանատարների» շարքում, դառնում են «աբիժնիկներ»: Այդպիսիք կան, իհարկե, նաև իշխանական կոալիցիայի կուսակցությունների ցուցակներում, բայց այդ մարդիկ իրենց դժգոհությունը չեն համարձակվում արտահայտել հրապարակավ` բողոքողներին կարող են զրկել իրենց շնորհված պաշտոնական դիրքից կամ նյութական բարիքներից: Եվ ստացվում է, որ «ցուցակային աբիժնիկները» բացահայտվում են միայն ՀԱԿ-ում:
Կոնգրեսի դեպքում դա կապված է ևս մի խնդրի հետ: Հավաքել տարբեր տրամաչափի և ուղղվածության կուսակցություններին, տարբեր ինտելեկտի ու մշակույթի մակարդակի մարդկանց մեկ քաղաքական դաշինքի մեջ` միանգամայն արդարացված է նախագահական ընտրությունների պարագայում: Այն բանից, թե ով կլինի երկրի նախագահը` կախված է երկրի ապագան...: Երկրի ճակատագիրը չի որոշվում նրանով, թե ով կլինի Երևանի քաղաքապետը, բայց շատ բան որոշվում է. որքանով գեղեցիկ ու բարեկարգ կլինի Հայաստանի մայրաքաղաքը, որքանով այնտեղ հարմար կլինի ապրել, ինչպիսի օդ են շնչելու երևանցիների երեխաներն ու թոռները: Բայց այդ խնդիրները լուծելու համար չարժե իրար գլխի հավաքել խայտաբղետ կուսակցությունների և գործիչների կոնգլոմերատը, որի մի մասն էլ, «աբիժնիկներից» ելնելով, կսկսի Կոնգրեսի դեմ հակաքարոզչություն անել, ինչ է թե` իրենք նախընտրական ցուցակում իրենց ուզած տեղում չեն:
Խմբագրականը ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա. բոլոր 7 ցուցակներում կան թեկնածուներ, որոնք քաղաքի մշակույթի, քաղաքի մտահորիզոնի տեր մարդիկ են, և կան, ներեցեք կոպիտ խոսքի համար, գեղացիներ: Նույնիսկ այն դեպքում, եթե նրանց ապուպապերը ծնվել են Երևանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել