Բաց դիմում-բողոք ՀՀ նախագահ պրն. Ս. Սարգսյանին
Դուք, պրն. ՀՀ նախագահ, շատ հաճախ եք հայտարարում , թե անողոք պայքար եք մղելու կոռուպցիայի դեմ և այն արմատախիլ եք անելու մեր երկրից: Ես չեմ հավատում Ձեր խոսքին և լուրջ պատճառներ ունեմ Ձեզ չհավատալու:
Ձեզ եմ ներկայացնում կոռուպցիոն ծանր մի դեպք, որ իմ նկատմամբ իրականացվել է մեր երկրի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այն էլ Ձեր անունից, իրենց պնդմամբ` Ձեր հրամանով:
1999թ. աշնանը իմ նկատմամբ իրականացվել է կանխամտածված խմբակային ծանր խարդախություն մի խումբ անձանց` Արթուր Ամիրյանի, նրա կնոջ` Անահիտ Պետրոսյանի, Կարինե Պետրոսյանի և այլոց կողմից: Այդ հանցավոր մարդկանցից ճանաչում էի միայն Ա. Ամիրյանին, որի հետ աշխատում էինք ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնում. ես` դոցենտի պաշտոնում, իսկ նա մեր ամբիոնի ասիստենտներից էր:
Այս հանցավոր մարդիկ ընդամենը մեկ ամսվա ընթացքում տարբեր հոգեբանական մանիպուլյացիաների, վարպետորեն մշակված արհեստական ծանր իրավիճակների խաղարկման արդյունքում ինձանից շորթել են մեծ գումար, առնվազն 18800 ԱՄՆ դոլար, չարաշահելով մարդկանց նկատմամբ իմ վստահությունն ու դժվար վիճակում հայտնվածներին օգնության ձեռք մեկնելու իմ պատրաստակամությունը:
Հետագայում նրանք տարբեր «պատճառաբանություններով», կեղծիքներով կարողացան ձգձգել գումարը վերադարձնելը, փորձեցին ինձանից ուժով խլել ինձ տրված ստացականներն ու Ա. Պետրոսյանի անձնագիրը (որն ինձ էին տվել, որպես գրավ տվածս գումարի դիմաց)` պատճառելով ինձ լուրջ մարմնական վնասվածքներ:
2002թ. հուլիսի վերջին Ա. Ամիրյանը, Ա. Պետրոսյանն ու նրա եղբայրները` Գագիկ և Աշոտ Պետրոսյաններն ինձ հայտարարեցին, որ իրենք ինձ խաբել են ու լավ են արել, որ մտադիր չեն ինձ որևէ գումար վերադարձնել, որ ինձանից անչափ շնորհակալ են տվածս գումարների համար, բայց եթե ես շարունակեմ անհանգստացնել իրենց կամ, եթե այս հարցով դիմեմ ոստիկանություն, ապա պրոբլեմներ կունենամ, իսկ իրենց ոչինչ չի լինի, «իրենց թիկունքին Սերժիկն ա կանգնած», այսինքն` Դուք, պրն. ՀՀ նախագահ:
Այս վերջաբանից անակնկալի եկած` դիմեցի իրավապահ մարմիններին, վստահ, որ արագորեն կբացահայտվի նրանց հանցագործությունը, և ես ետ կստանամ իմ գումարները: Ավաղ, շատ շուտով հասկացա, որ այդպես չի լինելու: Իհարկե, ի վերջո, հարուցվեց քրեական գործ (քրգործ թիվ 14116302) և ես, ի վերջո, տուժող ճանաչվեցի:
Սակայն այդ ամենը զուտ ձևական բնույթ էր կրում և միայն մեր ուշադրությունը շեղելու, ժամանակ շահելու նպատակ էր հետապնդում: Այն իրավապահ պաշտոնատար անձիք, որ ի պաշտոնե կոչված էին և պարտավոր էին անկողմնակալ լինել ու բացահայտել ճշմարտությունը, իրենք էին ամուսնուս և իմ նկատմամբ բացահայտ խարդախություն իրականացնում գործի քննության հենց առաջին օրվանից` չխորշելով իրենց նպատակին հասնելու բոլոր հնարավոր անօրինական մեթոդներից ու միջոցներից: Եվ դա, իրենց պնդմամբ, արվում էր հենց Ձեր հրամանով, Ձեր ցուցումով, պրն. ՀՀ նախագահ:
Ժամանակ շահելու և այդ ընթացքում թիվ 14116302 քր. գործը անդառնալիորեն, իրենց բառերով` «բիրիք» կարճելու նպատակով ՀՀ իրավապահ համակարգի կողմից մեր նկատմամբ իրականացվել են երկու ծանր կազմակերպված խմբակային խարդախություններ, որոնք սերտորեն կապված են թիվ 14116302 քրգործի հետ և այդ հանցագործությունները բացահայտվել են:
Դրանցից առաջինը մեր նկատմամբ իրականացվել է ՀՀ նախկին ոստիկանապետ պրն. Հ. Հարությունյանի հարազատ քեռու` Հայկազ Անդրեյանի, նրա երկու որդիների, քենակալի և այլոց միջոցով (դա առանձին քրգործ է` թիվ 12209504): Հ. Անդրեյանը և նրա ղեկավարած կազմակերպված հանցավոր խումբը հանդես էին գալիս իրենց բարձրաստիճան պաշտոնյա հարազատների անունից:
Համակարգի կողմից նրանց, փաստորեն, առաջադրանք էր տրվել համոզել ինձ, որ ես առժամանակ չբողոքեմ, չպայքարեմ և սպասեմ, որ թիվ 14116302 քրգործը կարճվի, ոստիկանությունից հասնի ՀՀ գլխավոր դատախազություն ու այդ ժամանակ, իրենց պնդմամբ, «Հայկը (ոստիկանապետը` խմբ.) ասել ա, որ ինքն անձամբ կզանգի ՀՀ գլխավոր դատախազին, կհրամայի թիվ 14116302 քրգործը քննել ՀՀ գլխավոր դատախազությունում և հարցին արդարացի լուծում տալ»:
Ավելին, իմ վստահությունը շահելու նպատակով այդ հանցավոր մարդիկ ինձ ծանոթացրին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության բաժնի պետերից պրն. Թ. Պետրոսյանի հետ, որն էլ հաստատեց, թե անհանգստանալու կարիք չկա, որ իմ գործով նախարարի մակարդակով են զբաղվում, ուղղակի մի քիչ սպասել է պետք:
Ես, թեև դժվարությամբ, բայց համաձայնվեցի, քանի որ այդ հանցավոր մարդիկ մեզ գտել էին իմ նախկին ուսանողներից մեկի միջոցով, որին, ցավոք, վստահում էի: Հ. Անդրեյանը ՀՀ ոստիկանապետ պրն. Հ. Հարությունյանի անունից և, իր ասելով` նրա պահանջով, ինձանից մեծ գումար շորթեց` 5200 ԱՄՆ դոլար, իբր այս-այն բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցելու նպատակով, պարտադիր պայմանով, որ թիվ 14116302 քրգործի վարույթի ավարտին ողջ գումարը, այդ թվում նաև 5200 ԱՄՆ դոլարը, կգանձվի Ա. Ամիրյանից ու կվերադարձվի ինձ: Իրավապահներն ինձ ասում էին, որ Ա. Ամիրյանը հզոր մեջք ունենալով 5000 դոլարի կաշառք է տվել, ես էլ պետք է տամ, որ քրգործը արդար լուծում ստանա, չտամ` չի լուծվի:
2004թ. փետրվարի կեսերին, ի վերջո հասկանալով, որ այս հանցավոր մարդիկ մեզ պատահաբար չէին հանդիպել, որ նրանք համակարգի կողմից էին ուղարկվել ու համակարգի առաջադրանքն էին կատարում, և ձեռքիս ունենալով մեր նկատմամբ նրանց իրականացրած հանցագործությունների բազմաթիվ անհերքելի փաստեր, ես գրավոր դիմեցի ՀՀ ոստիկանապետ պրն. Հ. Հարությունյանին, որով հայտնում էի, որ Երևանում գործում է կազմակերպված հանցավոր մի խումբ` բաղկացած պրն. ՀՀ ոստիկանապետի ընտանիքի անդամներից, որ այդ խումբը հանդես է գալիս հենց ՀՀ ոստիկանապետի և նրա եղբոր` ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետի տեղակալ պրն. Հակոբ Հարությունյանի անունից:
Դիմումում ներկայացրել էի անհերքելի փաստեր, պահանջել բացահայտել մեր նկարմամբ այդ խմբի իրականացրած ողջ հանցանքը, պատժել նրանց և վերադարձնել մեր 5200 ԱՄՆ դոլարը, որ նրանք մեզանից շորթել էին ՀՀ ոստիկանապետ պրն. Հ. Հարությունյանի անունից:
Նույն օրը այդ դիմումի ևս մի օրինակը անձամբ հանձնել եմ պրն. Հակոբ Հարությունյանին: Չմանրամասնելով դեպքերը` նշեմ միայն, որ ՀՀ ոստիկանապետից դիմումիս որևէ պատասխան այդպես էլ չստացա, դրան որևէ ընթացք չտրվեց: Իսկ պրն. Հակոբ Հարությունյանն ի վերջո հայտարարեց, որ ինքը քաջատեղյակ է թիվ 14116302 քրգործի մանրամասներին, որ իրենց ձեռքերը կապված են, որ իրենք հրաման են կատարել, որ վերևից իրենց անգամ հրամայվել էր իմ համառությունը կոտրելու և ինձ լռեցնելու նպատակով ինձ մեղադրանք առաջադրել, որին իրենք, իբր, չեն համաձայնվել և այլն. այս ամենի ապացույցներն առկա են, պրն. նախագահ:
2004թ. մարտի վերջին ես երկու առանձին դիմում եմ հղել ՀՀ գլխավոր դատախազ պրն. Ա. Հովսեփյանին: Դրանցից մեկով խնդրում էի բացահայտել ՀՀ ոստիկանապետ պրն. Հ. Հարությունյանի ընտանիքի անդամներից կազմված կազմակերպված հանցավոր խմբի կողմից մեր նկատմամբ իրականացրած ծանր հանցագործությունը (ավելի ուշ հարուցվել է որպես թիվ 12209504 քրգործ) Մյուս դիմումով խնդրում էի վերացնել թիվ 14116302 քրգործի անօրինական կարճումը, որի դեմ չէի կարողացել պայքարել վերընշված հանցավոր խմբի կողմից մեր նկատմամբ իրականացրած նշված հանցագործության պատճառով:
Այդ երկու քրգործերի (թիվ 14116302 և թիվ 12209504) հետագա քննությունը խնդրում էի իրականացնել ՀՀ գլխավոր դարախազության քննչական վարչությունում, ՀՀ գլխավոր դատախազի հսկողության տակ: Այս կերպ ես հույս ունեի ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին հասկացնել, որ ինձ վախեցնելն ու ահաբեկելն անիմաստ է:
Մեզ (ինձ և ամուսնուս) անմիջապես հրավիրեցին ՀՀ գլխավոր դատախազություն: Հանդիպմանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (արդեն նախկին) պրն. Ժ. Խառատյանը, ՀՀ գլխավոր դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Պրն. Խառատյանը հայտարարեց, թե ինքն ամաչում է, որ երկու լուրջ մտավորականների նկատմամբ իրականացված բացահայտ խմբակային խարդախության դեպքի հետ կապված քրգործն այսքան ձգձգվել է և, որ դա համակարգին պատիվ չի բերում ու ներողություն խնդրեց մեզանից համակարգի վատ աշխատանքի համար:
Նա նշեց, որ դեռևս 2003թ. մարտի վերջին, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը ծանրակշիռ փաստերի հիման վրա վերացրեց թիվ 14116302 քրգործի անօրինական կարճումը, Երևան քաղաքի դատախազ պրն. Հ. Բադալյանը մեծ աղմուկ բարձրացրեց ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ պրն. Ա. Թամազյանին հայտարարեց, թե «նա (Թամազյանը` Մ.Հ.) քանի՞ գլխանի ա, որ իր (այսինքն` Հ. Բադալյանի` Մ.Հ.) կարճած գործի կարճումը վերացնում ա» ու պահանջեց կարճման վերացման որոշումը չեղյալ համարել:
Այս ծանր իրավիճակից դուրս գալու նպատակով պրն. Ա. Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազության և Երևան քաղաքի դատախազության դատախազներից կազմված հատուկ հանձնաժողով է կազմում, որը մեկ ամսից ավելի մանրակրկիտ ուսումնասիրում է թիվ 14116302 քրգործի նյութերը և եզրակացնում, որ մեր նկատմամբ, իրոք, իրականացվել է ծանր խմբակային խարդախություն, և քրգործը ուղարկվում է հետագա քննության:
Պրն. Խառատյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն այսուհետ հետևողականորեն հետամուտ է լինելու մեր նկատմամբ իրականացված ակնհայտ ծանր խմբակային խարդախության հետ կապված քրգործի արդարացի լուծմանը և թույլ չի տալու ոչ մեկի միջամտությունն այս գործում, և որ ՀՀ գլխավոր դատախազ պրն. Ա. Հովսեփյանը որոշում է կայացրել այս երկու (թիվ 14116302 և թիվ 12209504) քրգործերի վարույթներն իրականացնել ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում, ՀՀ գլխավոր դատախազի վերահսկողության տակ:
Սակայն օրեր անց ինձ տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանապետ պրն Հ. Հարությունյանի ընտանիքի անդամներից կազմված կազմակերպված հանցավոր խմբի «գործունեությունն» ուսումնասիրվելու է Էրեբունու դատախազությունում, իսկ մեր հիմնական` թիվ 14116302 քր. գործի հետագա վարույթը, կարճումը վերացվելուց հետո, իրականացվելու է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում:
Նշեմ, որ ՀՀ ոստիկանապետ պրն. Հ. Հարությունյանի ընտանիքի անդամներից կազմված կազմակերպված հանցավոր խմբի կողմից մեր նկատմամբ իրականացված հանցավոր գործունեությունն անհերքելի փաստերի ճնշման տակ ի վերջո լրիվ բացահայտվել է (հենց քրգործ թիվ 12209504):
Սակայն այդ քրգործի վարույթը, առաջին օրվանից սկսած, անընդհատ ու անհարկի ձգձգվում էր: Հետո, երբ մենք անժխտելի փաստեր ներկայացրինք, քրգործի վարույթն անմիջապես կասեցվեց, իբր հանցավոր խմբի անդամներից մեկը, իհարկե, ոչ ղեկավարը, փախուստի է դիմել և մեկնել արտերկիր` Բուլղարիա:
Ավելին, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժինը գրավոր հաստատել էր նրա արտերկիր մեկնելու փաստը և այս իրավիճակում քրգործի հետագա վարույթը, իբր, հնարավոր չէր իրականացնել: Մեկ-երկու օր անց մենք այդ «փախստականին» հանդիպեցինք Երևանում ազատ զբոսնելիս, նկարահանեցինք նրան, ներկայացրինք Էրեբունու դատախազություն:
Ներկայացրինք նաև գրավոր դիմում, հայտնելով մեր բողոքն այս դեպքի կապակցությամբ` հայտնելով մեր անվստահությունը դատախազության անօրինական քայլերի նկատմամբ: Թիվ 12209504 քրգործի կասեցումը վերացվեց, սակայն ՀՀ գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իմ առջև որոշակի պայման դրվեց, ըստ որի ես պետք է համաձայնվեի, որ ՀՀ ոստիկանապետ պրն. Հ.Հարությունյանի քեռու և նրա որդիների մասով քրգործը կարճվի և միայն այդ դեպքում մենք ետ կստանանք նրանց կողմից շորթած 5200 ԱՄՆ դոլարը և մեր բուն հարցը` թիվ 14116302 քրգործի կարճումը, արագորեն կվերացվի, նրա հետագա քննությունը կիրականացվի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում, այն անկողմնակալ ու արդարացի ընթացք և լուծում կստանա: Ես այլ ելք չունեի և ստիպված համաձայնվեցի, հուսով, որ ի վերջո, արդարացի լուծում կստանա մեզ այդքան տառապանք և հիասթափություն պատճառած թիվ 14116302 քրգործը:
Այդ կապակցությամբ հաճախակի դիմում էի այդ քրգործի կարճման վերացման հարցով զբաղվող ՀՀ գլխավոր դատախազության դատախազ պրն. Սոկրատ Հովսեփյանին, որն էլ պնդում էր, թե իրենից ոչինչ կախված չի, ինքը կատարող է, թե սպասել է պետք, մինչև թիվ 12209504 քրգործը «բարեհաջող ավարտվի» (ես համաձայնվեի, որ ոստիկանապետի հարազատները չենթարկվեն քրեական պատասխանատվության), որ այդ քրգործի ընթացքից է կախված մեր հիմնական` թիվ 14116302 քրգործի հետագա ընթացքը և այլն, և այլն:
2004թ. նոյեմբերի 17-ին, երբ դեռ չէր ավարտվել թիվ 12209504 քրգործը, անհասկանալի իրավիճակում, հանկարծամահ եղավ ամուսինս` ֆիզ.մաթ.գիտությունների դոկտոր Լ. Քոչարյանը: Ամուսնուս մահվան հաջորդ օրը, դիմումիս ներկայացման օրվանից ութ ամիս անց, ինձ զանգեց ՀՀ գլխավոր դատախազության դատախազ պրն. Փարսադանյանը, ասաց, թե այսուհետ ինքն է զբաղվելու թիվ 14116302 քրգործով և ինձ առաջարկեց նույն օրն անպայման ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազություն` իր հետ հանդիպման:
Ես ներկայացրի իմ վիճակը, ասացի, որ ի վիճակի չեմ անգամ ոտքի վրա կանգնել, որ ի վերջո կարող եմ բժշկի եզրակացություն ներկայացնել, նաև, որ այդ գործի կապակցությամբ երկու օր առաջ եմ դիմել պրն. Ս. Հովսեփյանին, որն էլ ասել է, թե իրեն հրամայվել է թիվ 14116302 քրգործի կարճումը վերացնել թիվ 12209504 քրգործի «բարեհաջող ավարտից» հետո միայն, որն էլ առայժմ վարույթի մեջ է:
Պրն. Փարսադանյանը բղավեց. «Նախ, ի՞նչ կապ ունի քու մարդու մեռնելը գործի հետ և հետո, Հովսեփյանի ձեռքից գործը վերցրել են, տվել ինձ» և այլն, և այլն: Չմանրամասնելով, նշեմ, որ պրն. Փարսադանյանն ի վերջո «համաձայնեց» սպասել, որ ես մի քիչ սթափվեմ:
Սակայն օրեր անց ՀՀ գլխավոր դատախազությունից ստացա գրություն, որով մերժվում է թիվ 14116302 քրգործի կարճումը վերացնելու իմ խնդրանքը (դիմելուց ութ և կես ամիս անց): Զարմանալու ոչինչ չկար, ՀՀ գլխավոր դատախազությունն իր դերի մեջ էր: Համակարգը հուսով էր, որ ես անվերադարձ ջախջախված եմ ու այլևս իրենց չեմ անհանգստացնի:
2005թ. մայիսի վերջին մեր փաստաթղթերի մեջ ես հայտնաբերեցի թիվ 14116302 քրգործի հետ կապված կարևորագույն մի փաստաթուղթ, որի գոյության մասին քրգործի քննության ընթացքում ես միշտ նշել եմ, սակայն չեմ գտել և այն չեմ ներկայացրել քննությանը: Փաստաթղթի մասին խոսել եմ իմ ծանոթներից Աննա Ավետիսյանի հետ, որն էլ առաջարկեց դիմել իր համակուրսեցուն` նախկինում իրավապահ համակարգում բարձր պաշտոն ունեցող Ռազմիկ Խաչատրյանին: Աննայի ասելով ՀՀ գլխավոր դատախազ պրն. Ա. Հովսեփյանն անչափ ուրախ կլինի կատարել Ռ. Խաչատրյանի խնդրանքը:
Ռ. Խաչատրյանի ընդամենը մեկ զանգով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ պրն. Մնացական Սարգսյանը ընդունեց մեզ, մի բան, որ ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում. պրն. Մ. Սարգսյանը Ռազմիկին ու ինձ շատ ջերմ ու սիրալիր ընդունեց իր առանձնասենյակում:
Պարզվեց, որ պրն. Սարգսյանը քաջատեղյակ էր թիվ 14116302 քրգործի մանրամասներին որը խիստ զարմացրեց ինձ, խոստացավ անպայման օգնել և, ի վերջո, այդ չարչրկված գործին արդարացի լուծում տալ: Ցավոք, ես դարձյալ ընդունեցի այդչափ բարձր մակարդակով ինձ առաջարկված խայծը: «Տարօրինակ» զուգադիպությամբ թիվ 14116302 քրգործի կարճման վերացման հարցը հանձնարարվեց ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հ. Սարգսյանին, որն այդ քր. գործի քննության ողջ ընթացքում իր կարևոր դերն է ունեցել (դրա անհերքելի ապացույցները ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազություն):
Հետագա երեք ամիսների ընթացքում ինձ ասվում էր, թե թիվ 14116302 քրգործի նյութերը ՀՀ ոստիկանությունը համառորեն չի ուղարկում ՀՀ գլխավոր դատախազություն` ելնելով այդ հարցում ՀՀ ոստիկանապետ պրն. Հ. Հարությունյանի համար իրավիճակի ողջ բարդությունից: Հետո, թե այդ քրգործի նյութերը կորել են, չկան և դատախազ Հ. Սարգսյանը, իբր, դիմել է ՀՀ ոստիկանապետին և պահանջել, որ այդ կապակցությամբ ծառայողական քննություն իրականացվի:
Երեք ամիս անց, Ռ. Խաչատրայնն ինձ հայտնեց, թե թիվ 14116302 քրգործի նյութերը գտնվել են և դատախազ Հ. Սարգսյանը 2 000 ԱՄՆ դոլար է պահանջում քրգործի կարճումը վերացնելու ու նրա հետագա վարույթը ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում թողնելու համար, այլապես քրգործի կարճումը չէր վերացվի:
Ես հրաժարվեցի որևէ գումար տալ նրանց: Օրեր անց դատախազ Հ. Սարգսյանն ինձ հրավիրեց իր առանձնասենյակ զրույցի: Նա ցուցադրաբար պատառոտեց իմ ներկայացրած նորահայտ փաստաթղթի պատճենը և ցիրուցան արեց սենյակով մեկ. «Էս էլ քու նորահայտ փաստաթուղթը, ու՞ր ա, չկա, կորավ-պրծավ, գնա, ում ուզում ես բողոքի, ո°չ ինձ ո°չ էլ Արթուրենց վնաս չես կարալու տաս: Մեր մեջքը պինդ ա, մեր մեջքը Սերժիկն ա, թե կարաս գնա Սերժիկի հետ կռիվ տուր»- հրճվանքով ու շնչակտուր բղավեց դատախազ Հ. Սարգսյանը:
Ես որոշեցի բացահայտել այդ հանցավոր խմբի գործունեությունը: Հանդիպեցի Աննայի, Ռազմիկի և վերջինիս եղբոր Արմենի հետ ու ձայնագրեցի մեր խոսակցությունները, որոնք բացահայտում էին նրանց կողմից իմ նկատմամբ իրականացրած խմբակային խարդախությունը, դատախազ Հ. Սարգսյանի կողմից 2 000 ԱՄՆ դոլար կաշառքի պահանջը և այլն: Այս լուրջ, անհերքելի փաստերի հիման վրա դիմեցի ՀՀ գլխավոր դատախազ պրն. Ա. Հովսեփյանին` խնդրելով բացահայտել այդ խմբակային խարդախությունը և պատժել մեղավորներին:
Անմիջապես հարուցվեց քրգործ, որը քննվեց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում քրգործ թիվ 61206905, քննիչ Վահագն Հարությունյան: Քննության արդյունքում ապացուցվել է այդ հանցավոր մարդկանց կողմից իմ նկատմամբ իրականացված խմբակային խարդախությունը:
Սակայն դարձյալ, այդ քրգործի քննության վերջում, ինձ «առաջարկվեց» Հ. Սարգսյանի և Ա. Վարդանյանի մասերով քրգործը կարճել, հաշվի առնելով, որ նրանք ՀՀ դատախազական համակարգի աշխատակիցներ են, պայմանով, որ այդ դեպքում միայն իմ հիմնական հարցը` թիվ 14116302 քրգործի կարճումը, անհապաղ կվերացվի և նրա հետագա վարույթը կիրականացվի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում: Ինձ ասվեց նաև, որ թիվ 14116302 քրգործի նյութերը արդեն բերվել են ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչություն և ուսումնասիրվում են, որ իմ նկատմամբ իրականացված խմբակային խարդախությունն իրենց համար ակնհայտ է:
Ու դարձյալ մեր իրավապահ համակարգի հարգելի այրերը, արդեն որերորդ անգամ, ինձ, մեղմ ասած, խաբեցին` թիվ 14116302 քրգործին դարձյալ ընթացք չտրվեց: Սա է ՀՀ իրավապահ համակարգի գործելաոճը, այդ համակարգի ձեռագիրը:
Պրն. ՀՀ նախագահ, դիմում եմ հենց Ձեզ և հենց բաց դիմում- բողոքով երկու պարզ պատճառներով.
- նախ Դուք ՀՀ նախագահն եք, ՀՀ նախկին վարչապետը և, նաև ՀՀ իրավապահ գործող համակարգի ստեղծողներից եք: Ուրեմն Դուք առավելագույնս տեղեկացված եք ՀՀ իրավապահ համակարգում տիրող ծանր իրավիճակին` ամենաթողությանը, կոռուպցիային ու «բիրիք» գործելաոճին և, իհարկե, պատասխանատու եք դրա համար: Բացի այդ, ինչպես վերը նշեցի.
- թիվ 14116302 քրգործի քննության ողջ ընթացքում Ա. Ամիրյանը, Ա. Պետրոսյանը և նրա եղբայրները` Աշոտ և Գագիկ Պետրոսյանները, դատախազ Զ. Հովհաննիսյանը, քննիչներ Հ. Բաբայանը, Հ. Ավետյանը, դատախազ Հ. Սարգսյանը, Արաբկիրի, Քանաքեռ - Զեյթունի քննչական բաժինների, Երևան քաղաքի և ՀՀ գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում էին հենց Ձեր անունից, Ձեզանով վախեցնել ինձ, ստիպել, որ հրաժարվեմ այդ քրգործում արդարության հասնելու և գումարներս ետ պահանջելու մտքից, սպառանալով, որ հակառակ դեպքում կունենամ ծանր պրոբլեմներ:
Ավելին, քննիչ Հ.Ավետյանը պնդում էր, թե իր համար իմ նկատմամբ իրականացված կանխամտածված խմբակային խարդախությունն ակնհայտ է: «Բայց իմ ձեռքերը կապված են,- բղավում էր նա,- ինձ հրամայված ա կարճել քրգործը, ես էլ պիտի կարճեմ, ես կատարող եմ, ես հո երեք երեխաներիս հացը չպիտի կտրեմ քո գումարը վերադարձնելու համար: Քո կռիվը ինձ հետ չի, քո կռիվը Սերժիկի հետ ա, ինքն ա կանգնած Արթուրենց մեջքին, ես փոքր մարդ եմ, կարա՞ս, գնա Սերժիկի հետ կռիվ տուր, ինձ հետ գործ չունես»:
Նշեմ, որ այս տարիների ընթացքում թիվ 14116302 քր. գործի վարույթի շուրջ տեղի ունեցած դեպքերը միարժեք հաստատում են նրանց այդ պնդումները: Ավելին`
• թիվ 14116302 քրգործի քննության արդյունքում ավագ քննիչ Հ. Ավետյանը ի վերջո «պարզել է», որ ես Ա. Ամիրյանին և Ա. Պետրոսյանին գումարներ եմ տվել ոչ թե օգնության կարգով (ինչպես միշտ պնդել եմ ես և ինչպես պնդել են Ա. Ամիրյանը, Ա. Պետրոսյանը և իրենց կողմից վկաները` իրենց հանցավոր «թիմակիցները», քրգործի քննության առաջին փուլում), այլ, որ ես գումարները ներդրել եմ իրենց հետ համատեղ առևտուր իրականացնելու նպատակով, որ ես ստել եմ նաև տվածս գոմարների չափի մասով, որ լուրջ շահույթներ եմ ունեցել համատեղ առևտրից, մեծ գումարներ եմ հանել առևտրից, և այժմ ավելի մեծ գումարներ շորթելու նպատակով զրպարտում եմ նրանց և այլն, և այլն: Ավելին,
• թիվ 14116302 քրգործի քննության ընթացքում Ա. Ամիրյանը և Ա. Պետրոսյանը գրավոր դիմել են Արաբկիրի դատախազ պրն. Անդրեասյանին, պահանջել, որպեսզի դրամաշորթության նպատակով իրենց նկատմամբ զրպարտության և Ա. Պետրոսյանի անձնագիրը տարիներ առաջ իրենց իսկ տանից գողանալու համար ինձ մեղադրյալ ճանաչեն և ենթարկեն պատասխանատվության: Ինձ վախեցնելու նպատակով այս կապակցությամբ առանձին քրգործ է հարուցվել: Այդ դեպքում քննիչ Հ. Ավետյանի «բացահայտումների» արդյունքում ինչու՞ ես քրեական պատասխանատվության չեմ ենթարկվել: Շատ պարզ` որովհետև դրա որևէ հնարավորությունը չկար: Այլապես Ձեր կողմից իրենց տրված հրամանն ի կատար ածելու համար ՀՀ իրավապահ համակարգն ինձ հաճույքով բանտախուց կնետեր գլխացավից ազատվելու հույսով: Ավելին`
• առ այսօր թիվ 14116302 քրգործի նյութերը, փաստորեն, «հույժ գաղտնի» գրիֆի տակ են պահվում, պրն. ՀՀ նախագահ: Այս տարիների ընթացքում այդ քրգործի նյութերից կրկնօրինակներ վերցնելու իմ բոլոր դիմումները մերժվել են, որը օրենքի և մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Այսպես, 23.10.07թ. նման խնդրանքով ՀՀ ոստիկանապետ պրն. Հ.Հարությունյանին դիմել է փաստաբան պրն. Ա. Զաքարյանը և 15.11.07թ. ստացել էր անորոշ պատասխան: 19.11.07թ. պրն. Ա. Զաքարյանը նույն խնդրանքով դիմել է երկրորդ անգամ` խնդրելով սպառիչ պատասխան, և մերժվել է: 23.02.2009թ. արդեն որերորդ անգամ դիմել եմ ՀՀ ոստիկանապետ պրն. Ա. Սարգսյանին և դարձյալ ստացել եմ մերժում:
Պրն. ՀՀ նախագահ իմ նկատմամբ իրականացված կանխամտածված խմբակային խարդախությունների և, հատկապես, մեր երկրի իրավապահ կոռուպցիոն համակարգի կողմից անմարդկային, «բիրիք» գործելաոճի, հոգեբանական ու ֆիզիկական ճնշման ադյունքում, որ իրենց պնդմամբ արվում էր Ձե°ր հրամանով, Ձե°ր ցուցումով, ես ընթացք չեմ տվել ամբողջությամբ պատրաստ իմ դոկտորական թեզին, դադարեցրել եմ լուրջ բյուջեներով մի շարք միջազգային գիտական գրանտային ծրագրեր (այդ թվում` չորս մասից բաղկացած, 20 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության համագործակցային ծրագիր ԱՄՆ գիտության դեպարտամենտի հետ):
2004 թ. օգոստոսի 30-ին ես իմ դիմումի համաձայն ազատվեցի ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտի պաշտոնից` նշելով, որ չեմ կարող աշխատել նույն ամբիոնում ինձ թալանած հանցագործի հետ: 2008թ. սկզբին ես հրաժարվեցի նաև իմ ղեկավարած գիտական թեմայից, որն իմ իսկ կողմից ժամանակին առաջադրված և լուծված հիմնարար խնդրի արդյունք է (կիսահաղորդչային վարիզոնային համակարգերի ֆիզիկա` տեսություն, կիրառություն, ինչպես նաև տեխնածին երկրաշարժեր): Այս բնագավառներում զուգահեռաբար աշխատել եմ ողջ գիտական գործունեությանս ընթացքում, բնագավառներ, որոնցով այսօր էլ խիստ հետաքրքրված են միջազգային խոշոր գիտական կենտրոններ և արտադրող ընկերություններ:
Պրն.ՀՀ նախագահ, ես մեր նկատմամբ կանխամտածված խմբակային ծանր խարդախություն իրականացրած Ա. Ամիրյանին, Ա. Պետրոսյանին, նրանց հանցավոր «թիմակից» ընկերներին չեմ մեղադրում: Նրանք իրենց գործն էին անում` հանցագործը հանցագործություն է անում, գողը` գողություն:
Ես մեղադրում եմ մեր երկրի իրավապահ համակարգին, որը պարտավոր էր գողի, հանցագործի ձեռքը բռնել, պարտավոր էր օրենքի սահմաններում բացահայտել մեր նկատմամբ իրականացված ծանր խմբակային հանցագործությունը, պարտավոր էր պաշտպանել մեր իրավունքները, ինչն այդ համակարգի կարևորագույն ֆունկցիան է, և որը, փաստորեն, համակարգը չի կատարում` այդ կերպ խրախուսելով ու խթանելով հանցագործությունների աննախադեպ աճ մեր երկրում, որի բավական լուրջ մասն այդ համակարգի կողմից պարզապես թաքցվում է:
Ես մեղադրում եմ նախ և առաջ Ձեզ, պրն. ՀՀ նախագահ, որ չարաշահելով Ձեր պաշտոնեական դիրքը, «թիկունք եք կանգնել» հանցավոր խումբ մարդկանց` առաջնորդվելով «ցեղային», «խմբային» շահերով, անձնական օրինակով խրախուսելով մեր երկրի իրավապահ համակարգում կոռուպցիայի, «թայֆայականության» էլ ավելի բարգավաճմանը: Ձեզ ի՞նչ փույթ, թե այդ քայլով Դուք խեղում եք այլ` պարկեշտ, օրինապաշտ մարդկանց կյանքը: Նրանք յուրային չեն:
Պրն.ՀՀ նախագահ, ես անպայման հասնելու եմ ճշմարտության բացահայտմանը թիվ 14116302 քրգործում, ով էլ կանգնած լինի այդ հանցագործների «թիկունքին»: Անպայման հասնելու եմ նաև մեր երկրի իրավապահ համակարգում իմ նկատմամբ իրականացված անօրինությունների բացահայտմանն ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն: Միայն դրանից հետո ես կվերադառնամ իմ գիտական ու մանկավարժական գործունեությանը:
Ես մտավորական եմ, ինձ համար անձնական շահից և իմ անձից վեր է ճշմարտությունը: Ուստի առաջարկում և պահանջում եմ`
• նախ անպայման և անհապաղ ընդունել ու լսել ինձ,
• սահմանել Ձեր անձնական վերահսկողությունը նոր երևան եկած փաստաթղթի հիման վրա թիվ 14116302 քրգործի անօրինական կարճման անհապաղ վերացման, քրգործի հետագա վարույթի ընթացքում անաչառ, անկողմնակալ քննություն իրականացնելու, մեղավորներին պատժելու, իմ կորցրած գումարները վերադարձնելու գործընթացների վրա,
• առանձին քննության առարկա դարձնել թիվ 14116302 քրգործի վարույթի ողջ ընթացքում ՀՀ իրավապահ համակարգի կողմից իմ նկատմամբ իրականացված գործողությունների օրինականությունը` սահմանելով Ձեր անձնական վերահսկողությունն այդ գործընթացների վրա:
Պրն. ՀՀ նախագահ, անպայման արձագանքեք ու անպայման ընթացք տվեք բաց դիմում- բողոքիս: Ձեր լռությունը, խուսափելը հավասազոր կլինի Ձեր համաձայնությանը ողջ վերն ասվածին և, ցավոք, կապացուցի, որ Դուք չեք ուզում և կամ չեք կարող մեր երկրում, հատկապես մեր երկրի ծայրագույնս կոռումպացված իրավապահ համակարգում դյուզն անգամ օրինականություն հաստատել: Բայց դա Ձեր պարտականությունն է:
Բաց դիմում-բողոքի մեկական օրինակ փոխանցել եմ ՀՀ վարչապետ պրն. Տ. Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ պրն. Հ. Աբրահամյանին, ՀՀ ԱԺ խմբակցություններին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն. Ա. Հարությունյանին, «ՀԱԿ» նախագահ պրն. Լ. Տեր-Պետրոսյանին և այլոց:
Պրն. ՀՀ նախագահ նշեմ, որ էթիկայի նորմերը պահպանելու նպատակով դեռևս 30.05.08թ. դիմում-բողոքս ուղարկել եմ Ձեզ` ծրարի վրայի «անձամբ» մակագրությամբ: Այժմ եկել է այն բաց մամուլում տպագրելու և Ձեզ այդ կերպ դիմելու ժամանակը:
Հայցում եմ բոլորի ներողամտությունը դիմում-բողոքիս ծավալուն լինելու համար:
Հարգանքով`
ֆիզ.մաթ.գիտ. թեկն.ածու, դոցենտ,
«Հասարակական Էկոլոգիական
դաշինքի» շարժման անդամ Մանե (Մանյա) Հակոբյան
հեռ.` 45-07-04 (բն.) և
093.97-17-57
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել