HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Ժառանգությունը» ստանձնելու է հասարակական հսկիչի դերը

««Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել սրանից հետո մասնակցել բոլոր ընտրություններին, եւ որեւէ բացառություն այլեւս չի լինելու»,- այսօր Ուրբաթ ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նա շեշտեց, որ կուսակցության հաղթաքարտը չփոշիացնելու համար գնացել են ծայրահեղ միջոցի՝ չմասնակցելուն, ինչի համար էլ բանախոսը հայցեց կուսակցության ընտրազանգվածի ներողամտությունը: Վ. Խաչատրյանը «նոնսենս» համարեց ընտրական հանձնաժողովներում ՀԱԿ-ին տեղ տալու հարցը, «քանի որ տեղեր չեն տալիս, չեն վերցնում իրավական առումով», իսկ կուսակցության հիմնական գործառույթը լինելու է հասարակական հսկիչի դերակատարությունը. «Բարձր ենք գնահատում հասարակական հնչեղությունը այս ընտրությունների, ուստի առավելագույնը կանենք` ընտրությունների մինչեւ վերջին պահը արդարացիությունը պահելու համար»: Նախագահական ընտրություններին հանձնաժողովներում ՀԱԿ-ին տեղեր տվել էին, որովհետեւ լիցենզավորված անձանց պակաս կար, իսկ այժմ «Երեւանում կուսակցության առավել ուժեղ հատվածն է եւ լիարժեք պատրաստ է ծածկել բոլոր ընտրական հանձնաժողովները»: Ասուլիսի մյուս բանախոս, կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ ընդգծեց. «Ժառանգությունը» շարունակելու է իր գործելաոճը, եւ հանձնաժողովականները աջակցություն են ցուցաբերելու ցանկացած բողոքի, ընթացք են տալու իրենց լիազորությունների շրջանակում»: Վարդան Խաչատրյանի ասելով` հասարակական հսկիչի դերն իրականացնելու են մամուլի միջոցով. «Ցույց ենք տալու դինամիկան, թե ինչից ուր է գնացել ընտրական գործընթացը»: Վարդան Խաչատրյանը համաձայն չէ լրագրողների այն կարծիքներին, թե ՀԱԿ-ի նկատմամբ կուսակցության վերաբերմունքը թշնամական է: Նա նշեց, որ ընտրությունների շուրջ բանակցությունները սովորական գործընթաց էր: ՀԱԿ-ի քարոզարշավին «Ժառանգության» մասնակցությունն էլ որոշումների տեսքով չի լինելու, այլ` սեփական ցանկության: «Մենք երբեւէ որեւէ որոշում ինչ-որ հանրահավաքի մասնակցելու առումով չենք կայացրել, բոլոր նման կարգի միջոցառումներին ազատ է թողնվում կուսակցության ղեկավարության ու անդամների մասնակցությունը»,- ասաց Հ. Խուրշուդյանը: Վարդան Խաչատրյանն էլ ասաց, որ «Ժառանգությունը» միշտ ժողովրդի կողքին է եւ «ընդդիմությունը միայն ժողովրդով է ընդունակ որեւէ դրական գործընթաց իրականացնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter