HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում իրավիճակը լարված է

25_03-n_burganadzeՎրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ շարունակվում են ընդիիմադիր ուժերի բողոքի ակցիաները, ցուցարարները պահանջում են ազատ արձակել իրենց ընկերներին: Արդեն մի քանի օր է, ինչ հարևան Վրաստանում բորբոքվել են կրքերը թե' ընդդիմադիր, թե' իշխանական դաշտում: Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Նինո Բուրջանաձեի գլխավորած կուսակցության 9 անդամների, այդ թվում նաև Բուրջանաձեի ամուսնուն` Բադրի Բիցաձեին, որը ժամանակին ղեկավարել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը` զենքի ապօրինի ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, ընդդիմադիր գործիչները հայտարարում են, որ այս ձերբակալություններն ապրիլի 9-ի զանգվածային ակցիաները վիժեցնելու և ընդդիմադիր ուժերը քայքայելու փորձեր են: Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու կազմակերպություններն ապրիլի 9-ը նշանակել են զանգվածային բողոքի ակցիաների մեկնարկի օր` պահանջելով Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հրաժարականը: Վրաստանում ընդդիմության ակտիվությունը նկատվեց 2007 թ.-ին, հատկապես նոյեմբերի սկզբին: Բազմաթիվ բողոքի ակցիաներին հետևեց նոյեմբերի 7-ի ակցիայն ցրելու իրադարձությունները, նույն թվականի նոյեմբերի 25-ի Միխաիլ Սահակաշվիլու ժամանակավոր հրաժարականը, 2008 թ.-ի հունվարին նախագահական նոր ընտրություններ, և նույն թվականի մայիսն` խորհրդարանական ընտրությունները: Սակայն, այս ամենով կրքերը չհանդարտվեցին: Ընդդիմադիրները հայտարարեցին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները, իսկ իշխանամետներն ասում էին, որ ընդդիմությունը չի կարողանում ընդունել իր պարտությունը: 2008 թ.-ի հունիսին ընդդիմությունը «թայմ աութ» հայտարարեց` նշելով, որ աշնանը կշարունակեն իրենց պայքարը և կստիպեն Սահակաշվիլուն հրաժարական տալ: Սակայն օգոստոսյան պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները խախտեցին ընդդիմության ծրագրերը: Եվ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընդդիմությունը նորից սկսեց բարձրացնել իշխանափոխության հարցը: 2008 թ.-ի նոյեմբերին ընդդիմության շարքերը համալրեց նաև Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Նա զբաղեցնում էր այդ պաշտոնը 2001 թ. նոյեմբերից մինչև 2008 թ. մայիս: Նինո Բուրջանաձեն ստեղծեց «Հանուն միասնական Վրաստանի-ժողովրդավարական շարժում» կուսակցությունը: Այդ ժամանակ ակտիվացավ նաև նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին, որը 2009 թ. հունվարին ստեղծեց «Արդար Վրաստան» կազմակերպությունը, որը այնքան էլ դուր չեկավ արդեն 1995 թ.-ից` Շեվարդնաձեից մինչ Սահակաշվիլին ընդդիմադիր կեցվածք ընդունած լեյբորիստներին: ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչի` Իրակլի Ալասանիի՝ ընդդիմության շարքերը գնալը 2008 թ. դեկտեմբերի 4-ին մեծ զարմանք առաջացրեց Վրաստանում, քանի որ վերջինս հանգիստ ու հավասարակշռված գործչի համբավ ուներ: Հունվար-փետրվար ամիսներին Ալասանին սկսեց իր շուրջը հավաքել այլ ուժերի, այդ թվում նաև ԱՄՆ-ում, այնուհետև և Շվեյցարիայում Վրաստանի նախկին դեսպան Լեվան Միկելաձեին: 2009 թ. հունվարին նրանց միացավ նաև Վրաստանի ԵԱՀԿ-ի նախկին դեսպանը՝ Վիկտոր Դոլիձեն: Փետրվարին Ալասանիի խումբը մտավ «Նոր աջեր» և Հանրապետականների միության մեջ և կազմվեց «Դաշինք հանուն Վրաստանի» միությունը: Փետրվարի 23-ին «Դաշինք հանուն Վրաստանին» Մ. Սահակաշվիլուց պահանջեց 10-օրյա ժամկետում հանրաքվե անցկացնել նախագահի վաղաժամկետ ընտրությունների մասին, հակառակ դեպքում միությունը սպառնացել էր համաժողովրդական շարժում սկսել նախագահի հրաժարականը պահանջելու համար: Իշխանությունները հայտարարեցին, որ նախագահի վաղաժամկետ ընտրությունների մասին հանրաքվե անցկացնելու մտադրություն չունեն: Նինո Բուրջանաձեն, որին համարում են նախագահի ամենահավանական թեկնածուն,  ապրիլի 9-ը հայտարարեց որպես Մ. Սահակաշվիլու հրաժարականի պահանջի համար մղվող զանգվածային ակցիաների օր: Եվ սրան հաջորդեցին ընդդիմադիրների ձերբակալությունները: Այդուհանդերձ, և՛ նախկին, և՛ նոր ընդդիմադիրները հայտարարում են, որ Մ. Սահակաշվիլին իր անհեռատես քաղաքականության արդյունքում երկիրը փակուղու առջև է կանգնեցրել: Ի պատասխան՝ իշխանություններն ասում են, որ «երկրում ժողովրդավարություն է, և յուրաքանչյուրը կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter