HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

33 պատգամավորներից 22-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով

Ղարաբաղի խորհրդարանում ընդգրկված 33 պատգամավորներից 11-ն ընտրվել են համամասնական, իսկ 22-ը` մեծամասնական ընտրակարգով: ԱԺ այսօրվա նիստի ընթացքում պատգամավորներ Գագիկ Պետրոսյանը եւ Ռուդիկ Հյուսնունցը (երկուսն էլ «Հայրենիք» խմբակցությունից) հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն մտցնել ԼՂՀ Ընտրական օրենսգրքում եւ համամասնական ընտրակարգով ընտրվելու հնարավորություններն ավելի ընդլայնել` 22 տեղ հատկացնելով համամասնականին: Ինչպես նշեց գլխադասային` պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը, հարցի առնչությամբ լսումներ են կազմակերպվել, որին հրավիրվել են նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը: Լսումների մասնակիցների կարծիքները տարբեր էին, եւ «քանի որ հարցի առնչությամբ չկա միասնական կարծիք», Գ. Գրիգորյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը` հույս ունենալով, որ մինչեւ երկրորդ ընթերցում քաղաքական ուժերի կողմից առաջարկություններ կներկայացվեն հանձնաժողով: Հետքի հետ զրույցում Գագիկ Պետրոսյանը նախաձեռնությունը հիմնավորեց կուսակցությունների կայացման անհրաժեշտությամբ. «Քանի որ 2005-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներդրվել է համամասնական եւ մեծամասնական համակարգը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ մոտ կուսակցություններն այդքան էլ լավ չեն կայացած ու դրանց կայացման խնդիրը կա, որոշել ենք համամասնական ընտրակարգով ընտրվելու հնարավորություն տանք ավելի մեծ թվով պատգամավորների»: Նա միաժամանակ նշել է նաեւ, որ ցանկանում են խորհրդարանին քաղաքական մարմնի որակում տալ: Հեղինակները ակնկալում են, որ ապագայում խորհրդարանը 100 տոկոսով կանցնի համամասնական ընտրակարգին: Հիշեցնենք, որ Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են հաջորդ տարվա ամռանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter