Գյումրիում նշում են խոսքի ազատության տոնը
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության և խոսքի ազատության պաշտպանության շտաբի համակարգող Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ այս պահին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մեծ հանդիսավորությամբ նշվում է խոսքի ազատության տոնը: Լրագրողները խմում են բոլոր այն մարդկանց կենացը, ովքեր անցած տարի ճիշտ այս օրը Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը փրկեցին փակվելու վտանգից:
Տոնը փաստորեն խորհրդանշում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հաղթանակը հարկային ծառայության դեմ. հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անցած տարվա սեպտեմբերի 21-ի ելույթն ամբողջությամբ ցուցադրելուց հետո ` հարկային ծառայության օպերլիազորները «հյուրընկալվեցին» «ԳԱԼԱ»-ում ու ստուգումներ չանցկացրած` մոտ 26 միլիոն դրամով տուգանեցին հեռուստաընկերությանը:
Սա «ԳԱԼԱ» -ի անձնակազմը մեկնաբանեց որպես քաղաքական հաշվեհարդար: Թվում էր, թե հսկայական պարտքերի տակ ընկած հեռուստաընկերությունը պիտի դադարեցներ իր գոյությունը, սակայն գյումրեցիների մի խումբ հիմնադրեց խոսքի ազատության պաշտպանության շտաբ, մեկշաբաթյա հեռուստամարթոն անցակացրեցին ու «ԳԱԼԱ» -ին փրկեցին եթերազրկումից:
Տեղեկացնենք, որ հեռուստամարաթոնին մասնակցեցին ոչ միայն գյումրեցիները, այլ հանրապետության մյուս մարզերի բնակիչներն ու սփյուռքահայությունը: Կատարվեց 25 միլիոն դրամի հանգանակություն: Այս պահին ««ԳԱԼԱ»-ն ընդդեմ հարկայինի» գործը քննվում է Եվրադատարանում:
Հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը վստահ է, որ «Ա1+» նման իրենք էլ հաղթանակ են տանելու: «ԳԱԼԱ»-ն նույնիսկ սկսել է վերադարձնել քաղաքացիների գումարները` պատճառաբանելով, որ տնտեսական ճգնաժամ է, և մարդիկ փողի կարիք ունեն:
Այս պատմությունը բնութագրելով որպես խոսքի ազատության հաղթանակ` Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մարտի 25-ը խոսքի ազատության տոն հռչակեց:
«Անցած տարի այս օրն այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան, որոնք մեզ ուղղակի ստիպեցին ամեն տարի հիշել այս օրը, և նշել ինչպես կկարողանանք և որտեղ էլ լինենք: Բոլորդ էլ շատ լավ գիտեք այս պատմությունը, որի միջանկյալ հանգուցալուծումներից մեկն է եղել անցած տարի մարտի 25 –ին , ժամը 17.00-ին, երբ հաջողվեց հանրության աջակցության շնորհիվ ետ մղել Հայաստանի վարչական աննախադեպ գրոհը տեղական «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ: Այդպիսի հարձակումներ հաճախ են լինում և շարունակվում են: Գրոհի ետմղումն աննախադեպ էր իր պատմության մեջ: Նախկինում, մենք տեղյակ ենք, որ այդ հարձակումները եզրափակվել են մեղայական նամակներեով, որ «կներեք հարկային պարտքեր ենք ունեցել, էլ չենք անի»: Այդ մասին հանրությունը չի իմացել: Այս անգամ մեր հաշվարկներով, քանի որ ութ-տաս հազար հոգի է մասնակցել այդ հաղթանակին, որոշեցինք, որ արժե ամեն տարի մարտի 25-ին մենք որևէ կերպ նշենք: Կապ չունի դա պաշտոնական տոնացույցում կա, թե չկա: Եւ առաջիկայում էլ խորհուրդն այն է, որ չմոռնանաք այն, ինչ տեղի է ունեցել, որովհետև փորձը ցույց է տալիս, երբ մոռանում ենք կամ նահանջում ենք, քիչ-քիչ հետադիմական ռեժիմները ակտիվանում են, քնած չեն , գրավում են»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
Ելույթ ունեցավ նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Իհարկե, այսօր մեծ ուրախության օր է, բայց կներեք սուր արտահայտության համար, նաև ամոթի օր է: Ամոթի օր է այն մարդկանց համար, ովքեր երկար տարիների ընթացքում նախ փորձ էլ չեն արել իրենց խոսքի ազատությունը պաշտպանելու համար, իրենց մասնագիտական պարտքի իրավունքը վաստակելու համար: Ցավոք, մենք այդպիսի լրագրողներ շատ ունենք: Եվ միշտ ասել եմ, որ «ԳԱԼԱ»-ի օրինակն առաջին հերթին ոգևորող օրինակ է: Տրամադրությունները, որ ոչ մի բան էլ հնարավոր չի անել, պայքարելն անիմաստ է, և եթե քեզ ճնշում են, պիտի հարմարվես, չնայած մտայնությունը բավականին ուժեղ է, և մնում է ուժեղ լրագրողական միջավայրում: Ինձ թվում է մեկ տարի առաջ, այդ բոլոր մարդիկ իրոք ամոթանք ապրեցին, որ իրենցից շատ ավելի թույլ, շատ ավելի քիչ ճանաչված փոք լրատվամիջոց կարողացավ պաշտպանել իր սկզբունքները, կարողացավ հասնել նրան, որ աշխատում է այնպես, ինչպես որ ինքը, իր լրագրողները, իր տնօրինությունը ճիշտ է գտնում: Ես ցանկանում եմ, որ «ԳԱԼԱ»-ն բարգավաճի, դառնա հարուստ, մեծ հեռուստաընկերություն, թեև հասկանում ենք այն բոլոր դժվարությունները, որոնք առկա են: Իսկ երկրորդը, որ ցանկանում եմ «ԳԱԼԱ» -ին դա վճռականությունն է, համարձակությունը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքայանն էլ շեշտեց, որ ոչ մի գործ այդպիսի հաճույքով չի արել, ինչպես «ԳԱԼԱ» -ի փրկության դրամահավաքը Երևանում: «Այսօր երբ որ ես գալիս էի Գյումրի ժուռնալստիկայի համշխարհային պատմությունից հիշեցի, թե ինչպես 18-րդ դարում «Նորֆ Բրայդըն» թերթը փակվեց, 45-րդ համարը շատ ընդդիմադիր էր , առհասարակ այդ թերթն ընդդիմադիր էր, և իշխանությունները թույլ չտվեցին լույս տեսնի այն, և դրանից հետո Լոնդոնում բոլոր պատշգամբներում 45 թիվն էր փակցված, ես կարծում եմ, որ Գյումրիում 25 թիվը կարող է փակցվել, և մարտի 25-ը կարող է նշվել ոչ ֆորմալ առումով որպես խոսքի ազատության օր: Այն բազմաթիվ բարդություններից հետո, որոնք որ լրատվամիջոցները կրում են, բոլոր ոլորտները հետընթաց են ապրում՝ մենք ունեցանք շատ կարևոր մի հաղթանակ: Սա բոլորի հաղթանակն է, ովքեր պայքարում են խոսքի ազատության համար»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Տեր Վարուժան քահանա Տերտերյանն էլ, ով եկել էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ողջույնները փոխանցելու ինքանատիպ մաղթանքով հանդես եկավ:
«Դուք բոլորդ էլ գիտեք, որ սրբազանը ոչ միայն ճշմարտության կողքին եղավ, այլ խրախուսեց: Նախ հանդիսավոր է այս օրը, որովհետև մարդիկ կարողացան հաստատել, վերահաստատել և ասել, որ ճշմարտությունը թաքցնելն անհնարին է, եթե ճշմարտություն է, ուրեմն պիտի ասվի, եթե ճշմարտություն է, մարդկանց հասանելի պետք է լինի: Ճշմարտությունը թող միշտ ուղեկից լինի «ԳԱԼԱ» -ին, և ճշմարտությունը մշտապես թող հասանելի լինի: Թող Աստված պահապան լինի, և մեզ ամենքիս ճշմարտությունը հասանելի դարձնի»,-ասաց քահանա Տերտերյանը:
«Առավոտ» օրաթերթի օմբուդսմեն Մեսրոպ Հարությունյանն էլ շնորհավորելով բոլորին` նախազգուշացրեց, որ լրագրողների համախմբվածությունը առաջիկայում նորից պետք է գալու:
«Արդեն զգացվում է, որ Բաղրամյան 26-ի տեխնոլոգները նստել-մտածել, հորինել են զանազան բաներ, որ առաջիկայում մեր խոսքի ազատության, և լրատվամիջոցների ազատության իրավունքը հնարավորինս սահմանափակեն, տեսնելով, որ այլ կերպ կարծես թե չի ստացվում, հեռուստատեսություններին կարողանում են ճնշել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գրված օրենքով, հիմա էլ մտածում են, որ տպագիր լրատվամիջոցներին լռեցնել և արդեն մտածել են տեխնոլոգիան և գուցե թե արդեն շրջանառության մեջ են դրել կամ պատրաստվում են մի հասարակական կազմակերպության միջոցով շրջանառության մեջ դնել:Կարծում եմ, դա շատ շուտ է լինելու, ապագայում հարկ կլինի պայքարելու նման ոտնձգությունների դեմ»,- նախազգուշացրեց Մեսրոպ Հարությունյանը:
Տեղեկացնենք, որ ելույթներին զուգահեռ ցուցադրվում էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերության «Առճակատում» վերնագրով ֆիլմն ու այն մարդկանց լուսանկարները, ովքեր ամեն կերպ փորձում էին եթերազրկել հեռուստաընեկերությունը:
«ԳԱԼԱ» -ի «վնասատուների» շարքում իրենց «պատվավոր» տեղն էին զբաղեցնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, Գյումրիի հարկային տեսչության նախկին պետ Մարտին Զիլֆիմյանը, հարկային ծառայութայն օպերլիազոր Հովհաննես Հավհաննիսյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Գյումրիի տեղական հեռուստալիքներից խոսքի ազատության տոնը լուսաբանելու էր եկել միայն «Ցայգ» հեռուստաընկերությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել