Ո՞վ է ավելի դաժան...
Աննա Պապոյան
յն, ինչ ես հիմա կպատմեմ, իրական պատմություն է: Մի անգամ անտառ էի գնացել ընկերներիս հետ ու, ինչպես լինում է հաճախ, զմայլվելով Զանգեզուրի բնությամբ, ես մոլորվեցի: Ինձ համար ամեն ինչ այնքան հարազատ ու ծանոթ էր, որ սկսեցի զբոսնել` առանց մտածելու այն մասին, թե ինչպես եմ ընկերներիս մոտ վերադառնալու: Արդեն մութը վրա էր հասնում, արևը մայր էր մտնում: Ու դա ասես հրաշք լիներ:
Հանկարծ ես նկատեցի մի գեղեցիկ ու անչափ զարմանալի տեսարան. կենդանիները դուրս էին եկել արևին մնաս բարով ասելու և դիմավորելու լուսնին: Կենդանիների միջից առանձնանում էր մի մեծ շուն: Շու՞ն… Ո՛չ, գայլ էր, որն անջատվեց խմբից, մոտեցավ ինձ ու հավատարիմ շան պես նստեց ոտքերիս մոտ: Այդ պահին ինձ թվաց, որ ես գիտեմ գայլային լեզուն: Ես շոյեցի նրան, խոսեցի հետը ու հասկացա, որ նա էլ ինձ է հասկանում: Ասաց, որ իր անունը Լուպուս է, և Հայաստան հասնելու համար երկար ճանապարհ է անցել, քանի որ շատ է լսել մեծերից այստեղի զարմանահրաշ բնության մասին: Մենք զբոսնում էինք երեկոյան անտառում, խոսում աշխարհում ամեն ինչից` մարդկանց ու կենդանիների կյանքից, այն օրենքներից, որոնց ենթարկվում են նրանք: Ես նրան հարցրի, թե ինչու են կենդանիները մեկը մյուսին ուտում: Նա պատասխանեց, որ դա բնության օրենքն է, և որ առանց դրա ոչինչ չի լինում աշխարհում: Ես այդ պահին նրան ասացի.
- Բայց դուք` կենդանիներդ, ի՜նչ դաժան եք:
Նա գլուխը կախեց ու ոչինչ չպատասխանեց:
Լուպուսն ինձ ուղեկցեց իր տուն` ասելով, որ ես շատ եմ հեռացել ընկերներիցս, և վտանգավոր է այդքան ճանապարհը գիշերային անտառով անցնելը, պետք է սպասել մինչև առավոտ:
Առավոտյան ընկերս ինձ համար նախաճաշ բերեց. չմտածեք, թե դա ինչ-որ նապաստակ կամ գառ էր, այլ ուղղակի հատապտուղներ ու մրգեր: Մենք նախաճաշեցինք ու ճամփա ընկանք: Ճանապարհին շատերին հանդիպեցինք, ու ես հասկացա, որ կենդանիները մարդկանցից ավելի լավ են բարեկամություն անում, և նրանցը դիմակավոր կեղծ ժպիտ չէ, այլ իսկապես մտահոգություն, անհանգստություն ու սեր:
Արդեն կեսօր էր, և մենք գրեթե տեղ էինք հասել: Մի պահ, չգիտես ինչպես, ես առաջ ընկա ու իմ հետևից մի կրակոց լսեցի: Շրջվեցի ու տեսա, որ ծառերի հետևում դարանակալած իմ ընկերները կրակել են Լուպուսին: Ես վազեցի նրա մոտ, գրկեցի նրան, ու Լուպուսը վերջին շնչով հառաչեց.
— Ինչ դաժան եք դուք, մարդի՛կ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել