Ճաղատ անտառը
Անի Մակարյան
Կար-չկար, մի կանաչ անտառ կար: Այնտեղ էր ապրում անտառի բարի հոգին: Նա մի կարճահասակ, ճերմակ և խիտ մազերով, երկար մորուքով, բարի երկնագույն աչքերով ծերուկ էր: Բարի ծերունին հետևում էր անտառ եկող մարդկանց, անտառի կարգ ու կանոնին, որպեսզի մարդիկ չաղտոտեին բնությունը և վնաս չհասցնեին ծառերին:
Մի անգամ մոտակա գյուղի անտառահատը, հակառակվելով անտառում ընդունված կանոններին, ցանկացավ կտրել հզոր ու փարթամ ընկուզենին: Այդ պահին հայտնվեց անտառի հոգին և հարցրեց նրան.
- Ինչո՞ւ ես կտրում ծառը,- բարկացավ ծերունին:
- Ձմռանը իմ ընտանիքը կմրսի, եթե ես վառելիք չունենամ,- խեղճացավ անտառահատը:
- Լավ, տղա՛ս,- բարի ժըպ-տաց ծերունին,- ես կօգնեմ քեզ, եթե դու համաձայնես այս ծառի փոխարեն կտրել այն չորացած կեչին, որի տեղում պարտավոր ես մի նոր ծառ տնկել:
Անտառահատը առանց հակառակվելու համաձայնում է: Այսպես ծերունին չէր թողնում, որ իր անտառից որևէ ծառ պակասի:
Երկար տարիներ լինելով անտառի պահապան` ծերունին մի օր հոգնում է և որոշում կարճ ժամանակով լքել իր սիրելի տունը: Նա վաղուց էր ուզում դա անել, սակայն միշտ մտահոգվում էր, որ իր վերադարձին շատ ծառեր արդեն հրաժեշտ տված կլինեն անտառին:
Այս անգամ նա դիմեց խորամանկության և անտառը կախարդեց այնպես, որ յուրաքանչյուր ծառին վտանգ սպառնալու դեպքում իր գլխից մի մազ պակասի:
Եվ ահա հոգնած պապիկը, հասնելով հանգստավայր, պառկում է քնելու` վստահ լինելով, որ վտանգի դեպքում անպայման սարսափելի երազ կտեսնի: Այսպես պապիկը քնում է մինչ ուշ աշուն և արթնանում է միայն ագռավի բարձր ձայնից: Արթնանալով` նա հայտնաբերում է, որ լրիվ ճաղատ է:
Իսկ ի՞նչ է անում ծերուկը հետո, փոքրի՛կ: Արդյո՞ք նրան հաջողվում է փրկել անտառը: Ողարկի՛ր մեզ հեքիաթի շարունակությունը և մրցանակ ստացի՛ր անտառի բարի հոգուց;
Նկարի հեղինակ` Տաթևիկ Սարոյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել