Բաց նամակ նախագահ Օբամային` Հայոց ցեղասպանության հաստատման հորդորով
Անցյալ շաբաթ նախագահ Բարաք Օբամային ուղղված բաց նամակում ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների առաջատար կազմակերպությունը` Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, հորդորել է Օբամային իր հիշատակի ուղերձում «հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն», հավելելով, որ դա այն է, ինչ «2005թ. մարտի 18-ի Ձեր նամակով նախագահ Ջորջ Բուշին կոչ էիք անում անել»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):
«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը,- նշվում է նամակում, -դուք ցույց կտաք, որ այն առաջնորդն եք, ում նկատի ունեիք 2008թ. հունվարի 19-ին, ով ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին և վճռականորեն հակազդում բոլոր ցեղասպանություններին» Ավելին` «ամերիկյան դիվանագիտության մեջ կնշանավորեք մի նոր դարագլուխ, նաև հարգանքի տուրք կմատուցեք մեր սեփական խիզախ պատմության ճշմարտությանը, որի ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես են մեր արտաքին գերատեսչության արի ու անձնվեր աշխատակիցները վտանգում սեփական կյանքը` ցեղասպանության տարիներին փրկելով հայերին և նպաստելով այն ավելի քան 40.000 էջ փաստերի հավաքմանը, որոնք այսօր պահվում են Ազգային արխիվում»:
Անդրադառնալով սեփական պատմությունն ընդունելուց Թուրքիայի հրաժարվելուն` նամակում նշվում է. «Նաև այն կարծիքին ենք, որ հենց թուրք ժողովրդի և նրա ապագայի` որպես միջազգային, ժողովրդավարական գործընթացի մասնակցի, շահերից է բխում ստանձնել նախկին կառավարության պատասխանատվությունը հայ ժողովրդի ցեղասպանության համար, ինչպես դա արեցին Գերմանիայի կառավարությունն ու ժողովուրդը Ողջակիզման պարագայում: Վերջին տասնամյակում հարաճուն թվով թուրք գիտնականներ, գրողներ, մտավորականներ և հրատարակիչներ իրենց ենթարկել են կալանվելու ու սպանվելու ռիսկին` Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար: Նրանք գիտակցել են, որ սեփական երկրի պատմությունն ընդունելը, որքան էլ այն մութ լինի, առողջ ժողովրդավարության ձևավորման կարևորագույն մասն է»:
ՙՄենք այն կարծիքին ենք, որ անվտանգությունն ու ճշմարտությունը չեն հակասում միմյանց, և Միացյալ Նահանգների շահերից է բխում սատարել մարդու իրավունքների այն սկզբունքներին, որ կազմում են ամերիկյան ժողովրդավարության էությունը:
«Նախագահ Օբամայի գալիք այցը Թուրքիա բացառիկ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու մարդու իրավունքների այս կարևորագույն հարցին և դրա վերահաստատման անդառնալի միտմանը: Մենք ողջունում ենք Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանն ու նրա նախագահ Գրեգորի Սթանթոնին` բաց նամակի և պատմական ճշմարտությունը կարևորելու չդադարող աջակցության համար` որպես ցեղասպանության մերժման խնդրին դիմագրավելու արդյունավետ միջոցներից մեկը»,- ասել է ԱԱՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել