Մատաղիսի գործն անհարկի ձգձգվում է
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մատաղիսի գործի դատաքննությունը դարձյալ հետաձգվեց փաստաբանների չներկայանալու պատճառով: Նրանցից մեկը` Ստեփան Ոսկանյանը, գրություն էր հղել դատարանին` տեղեկացնելով, որ Վրաստանում մեկ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկա գտնվել վերոհիշյալ դատավարությանը, իսկ Հայկ Ալումյանն անջատել էր իր բջջային հեռախոսը:
Նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանն ամբաստանյալներից խնդրելով վերջինիս «ձեռքի համարը»` փաստեց, որ ինքը ևս փորձել է գտնել փաստաբանին, սակայն այդ հեռախոսահամարով նա անհասանելի է:
Սպանված զինծառայող Մկրտիչ Մովսիսյանի հայրը` Մովսես Մկրտումյանը, դատական նիստի հետաձգման վերաբերյալ հետևյալ կարծիքն արտահայտեց «Ճիշտն ասած՝ ինձ էլ դուր չի գալիս անընդհատ ճանապարհածախս անել ու հասնել Գյումրի, բայց ես որդի եմ կորցրել ու ամեն ինչ կանեմ ճշմարտության բացահայտման համար: Թող դատը հետաձգվի, և գիտե՞ք ինչ պատճառով, քանի անգամ է` ես գալիս եմ դատավարությանը ու իսկական վկաներից մարդ չեմ տեսնում: Ընդամենը մեկն է կանգնած վկաներից, որը գործի հետ առնչություն չունի, բա ու՞ր են «աֆիցերները»: Նրանց հրավիրեք ու ես գիշերով, ոտքով էլ կհասնեմ Գյումրի, միայն թե ճշմարտությունը բացահայտեք»:
Հիշեցենք, որ Մովսես Մկրտումյանն ի սկզբանե համոզված էր, որ 24-ամյա ամբաստանյալներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը որևէ կապ չունեն իր որդու` Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության հետ: Դատը հետաձգվեց մինչև ապրիլի 10-ը` հաջորդ դատական նիստին դատապաշտպանների ներկայությունն ապահովելու պայմանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել