Աշխատավարձերի պարտքեր Արմավիրի համայնքներում
Ֆինանսական տարվա առաջին եռամսյակն արդեն վերջանում է, բայց Արմավիրի մարզի մի շարք գյուղական համայնքներում դեռ պահպանվում են նախորդ տարիներից կուտակած աշխատավարձերի պարտքերը:
Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի փոխանցմամբ` տարին մեկնարկել են շուրջ 324 մլն. դրամ պարտքով, որից 235-ը 1996-2006թթ.կուտակում է: Թեև վերջին երկու տարիներին որոշ գյուղական համայնքներ կարողացել են 135 մլն. դրամի պարտքը մարել, բայց 20 համայնքներ էլ դեռ կան, որ չեն կարողանում ձերբազատվել դրանից:
Աշխատակազմի ղեկավարի ասելով` պարտքերը կուտակվել են հիմնականում համայնքների ղեկավարների կողմից տեղական բյուջեն սխալ պլանավորելու կամ, եկամուտների կատարման բարձր մակարդակ չապահովելու պատճառով:
Առանձին դեպքերում էլ դրանք ուռճացած թվաքանակով հաստիքներ ստեղծելու գյուղապետերի ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք են: Այս, ինչպես նաև աշխատավարձերի պլանավորման գործում համայնքների ղեկավարների սիրողական վերաբերմունքի պատճառով ոչ միայն աշխատողները տարիներով աշխատավարձի երես չեն տեսել, այլև` փակվել են մի շարք մանկապարտեզներ ու երաժշտական դպրոցներ:
Լեռնագոգի նախկին ղեկավարությունն օրինակ, պահպանելով հաստիքները, փակել է գյուղի միանգամից երկու մանկապարտեզները: Նախկին ավագանու անդամ Ռուբիկ Գևորգյանը մինչև հիմա զարմացած է, թե ինչու գյուղապետը փակված մանկապարտեզների աշխատողներին չազատեց աշխատանքից: «Աշխատողը տանը նստած աշխատավարձի էր սպասում, իսկ պարտքերը կուտակվում էին»,-ասաց Ռ.Գեւորգյանը:
Ռ.Գևորգյանի ասելով` սխալ էր բաշխվում նաև գյուղի երկու մանկապարտեզներին հատկացվող սննդի ծախը: Ըստ նրա` դրանցում գրեթե նույն թվով երեխաներ էին հաճախում, բայց դրանցից մեկին տրվող գումարը միշտ մի քանի անգամ գերազանցում էր մյուսին:
Տարեցտարի կուտակված պարտքերը լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել համայքների ներկայիս ղեկավարներին: Վերահաշվարկների արդյունքում նույնիսկ անիրական պարտքեր են հայտնաբերվել:
Լեռնագոգի ղեկավար Սարգիս Մարգարյանն անիրական պարտքերի մասով հարցը տեղափոխել է իրավական հարթություն: Դատական երկարատև վեճերի արդյունքում վճիռ է կայացվել հօգուտ համայնքի գործող իշխանության. դատարանը հիմնավորել է դրա անիրական լինելը և պարտքը համարել վճարման ոչ ենթակա:
Մի շարք համայնքներում էլ աշխատավարձեր չեն տրվել, որովհետև բյուջեներն են կալանքի տակ եղել: Լուկաշինում օրինակ էներգետիկներին ունեցած պարտքի պատճառով արգելանք էր դրվել համայնքի բյուջեի վրա: Չնայած հիմա կալանքը հանվել է, բայց աշխատավարձի մասով հարցը դեռ բաց է:
Գյուղապետ Փանոս Խորոզյանը Լուկաշին համայնքն իր ճեղքված բյուջեով ու ահռելի պարտքերով փոխանցել էր իր հաջորդին: Սա էլ գլուխ չէր հանել: Նոր գյուղապետի անկարողությունը Փ.Խորոզյանին նախկին պաշտոնին գալու հույսեր էր տվել: Օգտվելով դրանից, ինչպես նաև իր խնամու` ԱԺ պատգամավոր, ՄԱՊ-ի Ալիկ Պետրոսյանի հեղինակությունից, Խորոզյանը նախորդ տարի ետ բերեց գյուղապետի իր մանդատը:
«Իր թողած պարտքերը ինքն էլ կմարի»,-նկատեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
Վերջինս խոստովանեց, որ այսուհետ ստիպված են բյուջեները կազմելիս համայնքներին աջակցել ոչ միայն մեթոդապես, այլև` աշխատավարձերի պլանավորման , ինչպես նաև իրական թվակազմով հաստիքներ ձևավորելու հարցերում:
Հայկուշ Ասլանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել