
ՀԱԿ-ից հիասթափված՝ մարդիկ Կարապետիչի հանրահավաքին չեն մասնակցում
«Ժողովրդական» կուսակցությունը առաջիկայում հանրահավաք կկազմակերպի Գյումրիում եւ կանցկացնի ազատամարտիկների համաժողով: Որովհետեւ «կան ազատամարտիկներ, որոնք մեզ հետ համագործակցում են եւ ուզում են միանալ մեր կուսակցությանը»,- ասում է ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը եւ նշում՝ բոլոր հայրենասիրական ուժերը կմիանան իրենց, «եւ այդ միությունն արդեն ընթացքի մեջ է»:
Այն, որ մարտի 21-ին ԺԿ կազմակերպած հանրահավաքը սակավամարդ էր, Տ. Կարապետյանն այսօրվա ասուլիսում պայմանավորեց մի քանի հանգամանքով: Նախ՝ իշխանությունները ճանապարհները փակել էին, ու թեեւ լրագրողներից մեկը նշեց, որ իրականում ոչ մի ճանապարհ էլ փակ չէր, Կարապետիչն իր ասածին էր. «Ճանապարհները փակել էին, մանավանդ Հոկտեմբերյանի եւ Արտաշատի կողմից: Հրազդանը բաց էր»:
Երկրորդ՝ ըստ նրա, քանի որ ասել էին, որ մտնելու են Ազատության հրապարակ, ցուցարարների կեսը, սխալ հասկանալով, դրոշներով գնացել էր Օպերայի մոտ:
«Բայց էլի ես պետք է ասեմ, որ սակավ էր,- նշեց Կարապետյանը եւ հավելեց,- բայց գիտեք՝ ինչն է շատ կարեւոր, որ ժողովուրդը հիասթափվում է ընդհանրապես հանրահավաքներից: Որովհետեւ ժողովուրդը պետք է դառնա գործոն: Պետք է կանգուն լինի, սկզբունքային, որ իշխանությունները վախենան: Ոչ թե վախենան, որ աթոռը կխլեն, այլ որ կպատժեն»:
Լրագրողները նկատեցին, որ ՀԱԿ-ի՝ մարտի 17-ին կազմակերպած հանրահավաքի դեպքում ճանապարհներն իրոք փակ էին, բայց այն, միեւնույն է, բազմամարդ էր: Արդյոք սա չի՞ նշանակում, որ ժողովուրդը, եթե հիասթափվել է, ապա միայն ԺԿ կազմակերպած շարժումից:
«Ոչ: Ժողովուրդը հենց մարտի 17-ի մարդաշատ հանրահավաքից է հիասթափվել: Կոչեր կային, որ գնալու ենք, նստենք ու դուրս չգանք: Դրա համար մարդիկ եկել էին, ընդհուպ՝ երեւանցիները, կանայք վերմակներով էին եկել՝ որքանով ինձ են պատմել: Մեր լրագրողներն ամեն ինչ նկարահանել են»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Իսկ նրանք, ովքեր «վերմակավորներին» չեն տեսել, ըստ նրա՝ ուրեմն, վատ են տեսել:
Երեւանում ԺԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 10-ին Մատենադարանի հարակից հրապարակում:
Մեկնաբանել