HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանուշ Հակոբյանի տարազներն ու Հասմիկ Պողոսյանի պատասխանը` «Ջավախք» ազգագրական համույթին (վիդեո)

Երաժշտական կենտրոնը միակն է «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթի բոլոր խմբերի համար: Պարերի երաժշտությունը պարունակող սկավառակներն էլ պարուսույց Լամարա Քսպոյանը խնամքով իր պայուսակում է պահում, որ հանկարծ չվնասվեն, և հանում միայն այն ժամանակ, երբ սկսում են փորձը: 

«Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթը գործում է Ախալքալաքում 2000 թվականից` տեր և տիկին Ալիկ և Լամարա Քսպոյանների ղեկավարությամբ: Այս տարիների ընթացքում խումբն ընդլայնվել է, և այժմ 120-ից ավելի երեխաներ են ընդգրկված համույթում, որտեղ երեք խումբ է գործում` փոքրերի, միջին տարիքի և ավագ: Բացի «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթից, Ախալքալաքի մշակույթի տանը գործող աշուղական դպրոցը մի քանի բաժին ունի` Ջիվանու անվան աշուղական անսամբլը և  ժողգործիքների անսամբլը: Աշուղական դպրոցի յուրաքանչյուր դասարանում պետք է գոնե մեկ երաժշտական կենտրոն լինի: Ավելին, աշուղական դպրոցից զատ Ախալքալաքի մշակույթի տանը վրացական պարի խմբակ է բացվել, որը նույնպես սպասում է, թե երբ կվերջանա «Ջավախք» համույթի սաների փորձը, որպեսզի երաժշտական կերնտրոնից նաև իրենք օգտվեն:

Երաժշտական կենտրոնը, սակայն, միակ իրը չէ, որի վնասման պարագայում «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթը, այդ թվում` աշուղական դպրոցի խմբակները, կհայտնվեն անելանելի վիճակում: Համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը կամ նույն ինքը Աշուղ Ալիք Ջավախքը ասում է, որ այսօր էլ ազգագրական համույթի հրատապ հարցը տարազներն են: Շուրջ 20 զույգ (20 աղջիկների, 20` տղաների համար) տարազ է անհրաժեշտ խմբին:

Լամարա Քսպոյանն էլ ավելացնում է, որ երեխաները հագնում են այն շորերը, ինչ հագել է ինքը, երբ եղել է նրանց տարիքին: Եվ կարելով-կարկատելով փորձում են շորերը ծառայեցնել նպատակին: ««Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի ժամանակ այնպիսի շորեր էինք հագել, որ ես ասում էի` Աստված ջան, մութն ընկնի մեր ելույթի ժամանակ, որ շորերը չերևան: Այդպես էլ եղավ, մութն ընկավ, և արհեստական լուսավորությամբ այդ խամրած շորերը չերևացին, երեխաները շատ լավ ելույթ ունեցան»,-հիշում է Լ. Քսպոյանը:

Այս տարի ՀՀ սփյուռքի նախարարությունը «Ջավախք» համույթին տարազներ է հատկացրել, սակայն դրանք ոչ միայն չեն բավարարել, այլ շած մեծ չափերի են եղել: Նախարարության տրամադրած տարազների ամենափոքր չափը նույնիսկ խմբի ամենամեծ աղջկան է մեծ: Պարողները ստիպված հնարավորինս փոքրացրել են դրանք , որպեսզի կարողանան իրենց ելույթների ժամանակ հագնել: Լ. Քսպոյանը չի ուզում բողոքել նվեր ստացած տարազներից, բայց նշում է, որ, օրինակ, երեք կապույտ տարազ համույթին է հասել, հինգ կարմիր` Նինոծմինդայի խմբին: Ստացվում է այնպես, որ, ասենք, 12 աղջիկ նույն շորն է հագնում, մեկը` ուրիշ: «Երեխային միշտ չես կարող ասել` եկեք պարի համար շոր կարենք, բասինաներ գնենք և այլն, և ամեն ինչ չենք ուզում դնել երեխաների վրա»,- ասում է Լամարա Քսպոյանը:

«Ջավախք» ազգագրականի սաները պատրաստվում են միջոցառման: Հաջորդ օրը պետք է Տուրցխ մեկնեն: Սակայն կմեկնի խմբի մի մասը: Համույթի պատասխանատուներն ասում են, որ հաճախ տարբեր հրավերներ թերի են մնում ֆինանսական և տրանսպորտ չունենալու պատճառով: «Վաղը մեզ հրավիրել են միջոցառման, տրանսպորտ չունենք, դրա համար ստիպված 18 աղջիկներից տանելու ենք 8-ին: Շատ կուզենայինք ունենալ մեր տրանսպորտային միջոցը, գոնե բոլոր երեխաներս տեղավորվեին»,- ասում է Լամարա Քսպոյանը:

«Եթե հրավիրողը մեզ ապահովում է տրանսպորտով, գնում ենք, մյուս փառատոններին կամ մրցույթներին տեղական իշխանությունն է որոշում` ուղարկե՞լ մեզ, թե՞ ոչ, իրենց ձեռնտո՞ւ է մեզ ուղարկելը: Եթե իրենց ձեռնտու է, ուղարկում են, եթե ոչ, ասում են` փող չունենք»,- մանրամասնում է Ալիկ Քսպոյանը:

Ախալքալաքի մշակույթի տանը, որտեղ «Ջավախք» ազգագրական համույթն անցկացնում է նաև իր փորձերը, ամռանը օդափախության համակարգ չկա, իսկ ձմռանը շենքը չի ջեռուցվում: Պարի համար անհրաժեշտ հայելիների և վարժանքների համար նախատեսված ձողերի մասին երեխաները միայն երազում են կամ հիշում ինչ-որ փառատոնի մեկնած քաղաքներում տեսած հայելապատ սրահները: Համույթը նաև մինի սկավառակներ չունի, ինչի պատճառով մի քանի անգամ, տարբեր փառատոններում մասնակցելու ժամանակ, համույթի ելույթը խափանվել է, որովհետև սովորական CD սկավառակը չի բացվել: Համակարգչի, հեռուստացույցի կամ DVD-ի մասին խոսք լինել չի կարող: Ամբողջ աշուղական դպրոցում միայն մեկ գրատախտակ կա:

Ալիկ Քսպոյանն ասում է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը տարազների հետ նաև որոշ գործիքներ է հատկացրել համույթին` դուդուկ, շվի, զուռնա: Սակայն մասնագետների համար հաստիքներ չկան: Իսկ աշխատակիցներն էլ չնչին գումարներ են ստանում` 70-80 լարի` մեկ թոշակառուի չափ: «Մենք դհոլ ունենք, բայց դհոլի ուսուցչի հաստիք չունենք:  Չունենք դուդուկի ու շվիի հաստիք, բայց պարապող կա, դպրոցը չունի տնտեսվար, հավաքարար: Տնօրենը և հավաքարար է, և տնտեսվար է, և դուդուկ նվագող պետք է գտնի, որոնք առանց փողի գալիս նվագում են: Իմ աշակերտներն են, իմ խաթր գալիս դաս են տալիս»,- պատմում է Ալիկ Քսպոյանը:

Աշուղական դպրոցը գործում է Ախալքալաքի մունիցիպալիտետի հատկացրած միջոցներով: Սակայն դպրոցը ոչ թե կարող է հատկացրած բյուջեից տնտեսել անհրաժեշտ գնումներ կատարելու համար, այլ պետք է դեռ գումար վաստակի գոյատևելու համար: «Մեր աշխատավարձի բյուջեն 93 հազար լարի է, որից 3 հազարը պետք է մենք աշխատենք: Բացի դրանից, վառելիքի, լույսի, թղթի, գրիչի, բանկային ծախսերը և այլն` ամբողջը մեր վրա է»,- ասում է Ալիկ Քսպոյանը:

Ստիպված համույթը վճարովի ելույթներ պետք է ունենա, այլապես չի կարողանա գոյատևել: «Իսկ մյուս տեղերում այդպես չէ. բացի նրանից, որ աշխատավարձ են տալիս, տալիս են նաև գրասենյակային ծախսերի, վառելիքի, լույսի և այլնի համար գումար: Մեզ նույնիսկ վառելիքի փող չեն տալիս, փող ունենք, վառում ենք, չունեցանք, չենք վառի»,-շարունակում է Ա. Քսպոյանը և նշում, որ նորմալ գործելու համար անհրաժեշտ է հատկացված բյուջեի կրկնակին:

Անցյալ տարի Ալիկ Քսպոյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին գրություն է գրել` նկարագրելով իրենց վիճակը և հրատապ կարիքները, սակայն պատասխան ստացել է միայն 6 ամիս անց. «6 ամիս այդ գրությունով էր զբաղված, երևի մտածում էր, թե ինչ գրի: Վեց ամիս անց քնած դշխուհին նամակ ուղարկեց, թե` քանի որ Հայաստանում ճգնաժամ է, դրա համար էլ մենք ձեզ օգնել չենք կարող: Դա սկզբից չգիտեի՞ր, որ գրեիր»:

Ալիկ Քսպոյանը նաև փորձել է անձմաբ Հասմիկ Պողոսյանին ներկայացնել իրավիճակը` նրա մոտ ընդունելության գնալով, սակայն, նախարարը, համակարգչի մոտ նստած, շատ զբաղված է եղել եղել. «Մեր նախարարությունը ոչինչ չի անում, միայն ասեն, թե իմ հային լավ չեն նայում, իսկ դու ինչպե՞ս ես նայում: Սկզբից ասեղը քեզ խփի, հետո մախաթը` մյուսներին: Եթե ունենք Հայաստան պետություն, սփյուռքի նախարարություն, մշակույթի նախարարություն,  ես ինչո՞ւ պիտի գնամ մեծահարուստի մոտ խնդրեմ, որ մեր աշուղական դպրոցին կենտրոն է անհրաժեշտ»:

Նրանք ուզում են հագնել Ջավախքի տարազը 

Լամար Քսպոյանը պատմում է Ջավախքի պարերի` «Կլոր պարի», «Ետ ու առաջի», «Բուլուլի», «Աշխատանքային պարի» առանձնահատկությունների մասին: Եվ քիչ անց ավագ խումբըը ոչ թե ճկույթներով, ինչպես ավանդական քոչարին է, այլ ձեռք-ձեռքի «Ջավախքի քոչարին» կպարի:

«Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթը բեմադրում է Ջավախքի բոլոր պարերը, որոնք մինչ օրս ուսումնասիրված և հայտնի են: Լամարա Քսպոյանը վստահեցնում է, որ իրենք աշխատում են նույնությամբ կատարել դրանք, որպեսզի ջավախքյան պարերը տարիների ընթացքում չփոխվեն: Վերջին տարիներին նրանց կատարումների ցանկում վրացական երգեր ու պարեր են ընդգրկել, որոնք պարում են Վրաստանում տարբեր փառատոնների և միջոցառումների ժամանակ:

«Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթն այս տարի արդեն երկու տարբեր փառատոններում առաջին տեղ է զբաղեցրել. մեկը Թբիլիսիում, մյուսը` Բաթումում: Համույթն արդեն ուզում է դուրս գալ Հայաստանի և Վրաստանի սահմաններից: Լ. Քսպոյանն ասում է, որ նրանք պատրաստ են միջազգային բեմերում հանդես գալու. «Տեղում մնալը մեզ համար արդեն քիչ է»: Հայաստանից հաճախ են խոստումներ տվել, թե համույթին կուղարկեն տարբեր փառատոնների, սակայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Հորովել» փառատոններից զատ այլ միջոցառման դեռ չեն հրավիրել:

«Ինչղ օր վիճակս է, ադպես ա դրությունս է,- ջավախքյան բարբառով և իր չսափրված լինելը նկատի ունենալով` կատակեց Աշուղ Ալիքը և ավելի լուրջ շարունակեց,- շատ վատ վիճակի ենք: Առկցի կուզեմ, օր էս տարի խումբը դուս տանիմ, 25 երեխա մի 10-15 քաղաք երթանք, փող վաստըկենք, գանք մեքենա գնենք, շոր առնենք` ինչ մեզի պետք է, ոչ հովանավոր պետք ըլնի, ոչ բան»:

«Ջավախք» երգի-պարի ազգագրական համույթի սաները Սարդարապատի թանգարանում տեսել են ջավախքցու տարազը: Լամարա Քսպոյանն ասում է, որ իրենք շատ են հավանել Ջավախքի տարազը և մեծ ցանկություն ունեն հենց այդ տարազներով հանդես գալու: Մինչդեռ նույնիսկ սովորական հայկական տարազներ ունենալը նրանց համար դեռևս երանելի ցանկություն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter