HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Քաղաքական նշանակումները վնասում են տնտեսությանը

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ նախագահի հանդիպմանը՝ տնտեսական ճգնաժամից ելքեր գտնելու նպատակով, ասաց, որ չի թերագնահատում քաղաքական քննարկումները, քանի որ համերաշխության միջավայրը պիտի լինի պարտադիր պայման ներուժը համախմբելու բարեփոխումների համար: «Բայց քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումով չի հանգուցալուծվում տնտեսական ճգնաժամի խնդիրը, չի կարելի չափազանցնել ակնկալիքները քաղաքական կուսակցություններից, քանի որ տնտեսագիտական առումով շատ բան չեն կարող անել, միայն կարող են իրենց կուսակցական ծրագրերից հատվածներ ներկայացնել»,- ասաց բանախոսը: Թաթուլ Մանասերյանն ավելի շատ հակված է մտածելու, որ կարևոր են տնտեսագիտական մասնագիտական շրջանակների հետ հանդիպումները, որով կարելի է հարստացնել ճգնաժամից դուրս գալու զինանոցը, և պետք չէ դեղատոմսերը փնտրել արտերկրում կամ միջազգային կառույցներում: «Պետք է ելնել մեր երկրի առանձահատկություններից և երբեմն գնալ ոչ ստանդարտ քայլերի, որոնք կարող են բերել բաղձալի արդյունքի, բայց չեմ գտնում, որ մեր կառավարությունը սպառել է բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները»,- ասաց տնտեսագետը: Թաթուլ Մանասերյանը համոզված է, որ քաղաքականացված նշանակումները մեծ վնաս են տալիս երկրի տնտեսությանը: «Պրոֆեսիոնալների, բանիմացների մասնակցությունը ներկայիս կառավարման համակարգում նվազագույն է, 2-3 ղեկավարների կարող ենք ասել, որոնք համապատասխանում են իրենց գրաված դիրքին, կարող են ոլորտներ ղեկավարել»,- ասաց նա` հավելելով, որ կասկածում է, թե կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ կարող են պայքարել կոռուպցիայի դեմ, ստվերային դաշտում աշխատող մարդիկ կարող են կրճատել ստվերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter