HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Գերզարգացած բանկային համակարգ, թերզարգացած տնտեսություն

27_03-t_manaseryan«Բանկային համակարգն այսօր չի ծառայում տնտեսությանը, բանկային համակարգը պետք է գործի ոչ թե ինքնանպատակ, այլ ծառայի տնտեսությանը, կառավարության հակաճգնաժամային ծրագիրը չի կարող ունենալ հաջողություն, եթե բանկերը չեն կատարում իրենց գործառույթները`տնտեսության իրական հատվածին սպասարկելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Թ. Մանասերյանի համար հասկանալի չէ այն տրամաբանությունը, որով տնտեսական ճգնաժամի ժամանակ բարձրացվում են վերաֆինանսավորման տոկոսադրույքները այն պատճառաբանությամբ, որ այսպես թե այնպես կառավարության կողմից նպատակային ֆինանսավորում է իրականացվում այն բիզնեսներին, որոնք ունեն հիմնավոր բիզնես ծրագրեր: «Բոլորը չէ, որ կազմում են բիզնեսպլաններ, բոլորը չէ, որ հավակնում են այդ աջակցությանը, ուրեմն պետք է դաշտը առողջ լինի, բանկերը ոչ թե պետք է ինքնանպատակ հարստանան նաև այն բազմամիլիոնանոց ռեսուրսների շնորհիվ, որ տրամադրվել են Հայաստանին, այլ շահույթները պետք է ավելի զուսպ լինեն, հակառակ դեպքում մենք կունենանք գերզարգացած բանկային համակարգ, թերզարգացած տնտեսություն, և այդ խզումը կբերի ոչ պակաս պայթյունի, ինչպես մի շարք երկրներում»,- հատարարեց տնտեսագետը: Ըստ տնտեսագետի, պետք է շտկել արտահանման-ներմուծման բացասական սալդոն: Բայց Թաթուլ Մանասերյանի մեկնաբանությամբ` տեղական արտադողին պաշտպանելը չպետք է լինի ներմուծումը փակելու ճանապարհով, այլ արտահանման կարողությունը զարգացնելու: «Մենք մեծ կախվածություն ունենք լեռնամետալուրգիական արդյունաբերությունից, որի անկումը հսկայական վնաս բերեց երկրի տնտեսությանը, դրա համար էլ պետք է հնարավորինս շատ ապրանքներ արտահանման ուղղվածությամբ ընդգրկված լինեն առևտրային հաշվեկշռում, չի կարելի, որ տնտեսությունը 1-2 ճյուղից կախված լինի»,- ասաց նա: Հայաստանում արտադրել հնարավոր ապրանքների նկատմամբ տարիֆային շեմը բարձրացնելու կառավարության նախագիծը, որ մերժվեց Ազգային ժողովում, Թաթուլ Մանասերյանի ասելով. «ներկրողների դիմադրության պատճառով չպետք է կորի կառավարության միջանցքներում, քանի որ այն կոչված է գրեթե վերացման վտանգի տակ գտնվող տեղական արտադրության պաշտպանությանը»: Թաթուլ Մանասերյանի հաշվարկներով` տեղական արտադրության ապրանքները շուկայում 5-6 տոկոս են կազմում, չնայած առաջին անհրաժեշտության ապրանքների մեր բնակչության պահանջարկը պարտավոր ենք ինքներս ապահովել. «Բացի այդ, պետք է փակել այդ օրինագծի սողանցքները, քանի որ ներկրողներն իրենց ներկրածը կարող են ներկայացնել որպես հումք տեղական արտադրության համար, բայց այդ հումքը վաճառվի այլ նշանակությամբ»: Տնտեսագետը համոզված է, որ կարիք չկա բյուջեն ենթարկել սեկվեստրի, սակայն պետք է վերաբաշխել ծախսերը` ըստ անհրաժեշտության: Ըստ նրա` այս առումով կառավարությունը դրվատելի քայլեր արել է: Բայց Թաթուլ Մանասերյանը համոզված է նաև, որ պետք է 30-ից 40 հազար դարձնել նվազագույն աշխատավարձի շեմը, քանի որ 30 հազարը շատ քիչ է կենսաապահովման նվազագույն շեմից: Նա հավելեց նաև, որ պետք է վերանայել այն սոցիալապես խոցելի շերտերի ցուցակները, որոնց թիվն ավելացել է դրսից տրանսֆերտների կրճատման պատճառով: Դա պարտադիր է, որպեսզի այդ մարդիկ դուրս չմնան պետության ուշադրությունից: «Դրությունը գնալով վատանում է, առայժմ ես շատ հստակ ուղիներ չեմ տեսնում, որոնք կարող են փրկել վիճակը, բայց կառավարությունը դեռ չի սպառել բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter