Իտալիայում անցկացվել է Անտոնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» մենագրության շնորհանդեսը
Մարտի 26-ին Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի Քահանայապետական Լեւոնյան վարժարանի արարողությունների սրահում՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության եւ Ռիցոլի (Rizzoli) հրատարակչության կողմից կազմակերպվել է մեծանուն իտալահայ գրող, հրապարակախոս, գիտնական-հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» (La Strada di Smirne) Մեծ Եղեռնին նվիրված մենագրության շնորհանդեսը:
Անտոնիա Արսլանն առավել հայտնի է հայ հասարակությանը, որպես Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) հեռուստաֆիլմի սցենարին հիմք ծառայած համանուն վեպի հեղինակ, որը լույս է տեսել 2004թ. եւ թարգմանվել ֆրանսերեն, անգլերեն, ճապոներեն, հունգարերեն, հունարեն, շվեդերեն, իռլանդերեն, սլովեներեն, ռումիներեն, թուրքերեն, արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ այլ լեզուներով՝ նվաճելով մրցանակներ, այդ թվում՝ Premio Campiello (2004 թ.), Premio Stresa di Narrativa (2005 թ.), Premio P.E.N., Premio Manzoni:
«Արտույտների ագարակը» (2007 թ.) տեսաֆիլմը եւս արժանացել է տասնյակից ավելի մրցանակների:
Բազում մրցանակների դափնեկիր Արսլանն աշխատանքային գործունեությունը սկսել է Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ուսումնասիրությամբ եւ երկհատորյակի իտալերեն թարգմանությամբ, իսկ Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել նրա մենագրությունների կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցել են Իտալիայում հավատարմագրված երկրների դեսպաններ, դիվանագետներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել