HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը բնակարաններ կկառուցի միայն սոցիալական արտոնյալ խավերի համար

ԼՂՀ կառավարությունն իր հերթական արտագնա նիստն այսօր գումարել է Մարտակերտում, որտեղ լսվել է նաեւ Մարտակերտի շրջվարչակազմի` 2008թ. գործունեության եւ շրջանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են  ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Օհանյանը տեղեկացրել է, որ անցյալ տարի ավելացել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը, որի շուրջ 59 տոկոսը ապահովել է բուսաբուծության  ենթաճյուղը: Նա միաժամանակ շեշտել է, որ  Մարտակերտի շրջանում զգալի տարածքներ դեռեւս ականապատված են, եւ խանգարում են գյուղատնտեսական աշխատանքներին: Կառավարության արտագնա նիստում վարչապետ Արա Հարությունյանն ընդգծել է, որ իշխանությունները ձգտում են հնարավոր բոլոր միջոցներով վերականգնել Մարտակերտի վաղեմի փառքը, շրջանը կրկին դարձնել հանրապետության առաջատար ու ազդեցիկ գոտիներից մեկը: Կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում կարգավորելու կապի, տրանսպորտի, ոռոգման խնդիրները: «Շուտով կսկսվի Աղդամ-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումը, որ նախատեսվում է ավարտել մոտ մեկ տարվա ընթացքում»,-նշել է վարչապետը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Մարտակերտի շրջանում եւս պետությունը բնակարաններ կկառուցի միայն սոցիալական արտոնյալ խավերի համար, սակայն հաշվի առնելով տարբեր գյուղերի ավերածության մեծ աստիճանը, կառավարության կողմից այդ կարգի բնակավայրերում մարդկանց կտրվի ֆինանսական աջակցություն: Առաջիկա 2-3 տարիներին կավարտվի զոհվածների ընտանիքների համար բնակարանային խնդիրների կարգավորումը: Շարքային քաղաքացիները պետք է ինքնուրույն լուծեն սեփական բնակարանային խնդիրները, ինչի համար ստեղծվում են տնտեսական գործունեության լավ պայմաններ: Պետությունը հիմնական ուշադրությունը կկենտրոնացնի ճանապարհների, դպրոցների, առողջապահական հիմնարկների, տարբեր ենթակառուցվածքների շինարարության վրա, ընդգծել է Ա.Հարությունյանը: Վարչապետը դարձյալ իր դժգոհությունն է հայտնել համայնքապետերի տեղերում պասիվ, հաճախ նաեւ` անտարբեր աշխատանքի կապակցությամբ: Նա աննորմալ է համարել այն, որ տրամադրելով պետական ծավալուն օժանդակություն գյուղի տնտեսվարողներին` տեղերից քիչ հայտեր են ստացվում: «Գյուղերում նկատելի է աշխատելու որոշ չկամություն, շրջանում եւս շատ հողատարածքներ չեն մշակվում»,- մտահոգություն է հայտնել վարչապետը: Նա շեշտել է, որ այսուհետ աջակցություն կլինի գերազանցապես աշխատող, ակտիվ տնտեսվարություն անող մարդկանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter