HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրոպական հարուստ փորձը»` Հայաստանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերին, ՀՀ-ում նաեւ ԵՄ նախագահող երկիրը (Չեխիա) ներկայացնող Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաշ Կնոտհեին եւ ԵՄ խորհրդատվական խմբի անդամներին։ Ողջունելով հյուրերին, վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը` Հայաստանի դիմումին արագորեն արձագանքելու եւ մեր երկրին աջակցելու նպատակով ԵՄ խորհրդատուների խումբ գործուղելու համար։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ եվրոպական հարուստ փորձը, անկասկած, օգտակար կլինի նաեւ Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի, տարբեր ոլորտներում հիմնարար բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Ընդգծելով խորհրդատվական այս ծրագրի կարեւորությունը, Ռաուլ Լուցենբերգերը տեղեկացրել է, որ Հայաստանը Եվրոպական հարեւանության քաղաքականությանը մասնակցող առաջին երկիրն է, որտեղ իրականացվելու է այդպիսի ծրագիր։ Ըստ նրա, Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի հետ համատեղ իրականացվելիք ծրագիրը շարունակական է լինելու, որոշակի փուլի ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, դիտարկվում է նաեւ հետագա երկարաձգման հնարավորությունը։ Ներկայացնելով ԵՄ խորհրդատվական խմբի անդամներին, Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշել է, որ նրանք խորհրդատվական աջակցություն են տրամադրելու ՀՀ պետական մի շարք մարմինների, այդ թվում` ՀՀ կառավարության աշխատակազմին, Աժ-ին, տարբեր նախարարությունների, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Ռաուլ Լուցենբերգերը եւ Թոմաշ Կնոտհեն շեշտել են նաեւ ծրագրի ոչ միայն երկկողմ, այլեւ միջազգային նշանակությունը։ Հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը համատեղ արդյունավետ աշխատանք է մաղթել ԵՄ խորհրդատվական խմբին, կարեւորելով գործուն աշխատանքային ծրագրի կազմումն ու դրա նպատակային իրականացումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter