Պաշտոնեական դիրքի չարաշահումներ՝ Արարատի մարզի Այնթապ գյուղում
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՝ պաշտոնատար անձի կողմից, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ:
Դատախազության կայքէջը տեղեկացնում է, որ Այնթապ գյուղի բնակչուհի Հ.Հարությունյանը գրավոր դիմում էր ներկայացրել ոստիկանությանը, որ իր տնամերձ հողամասի հարակից հողակտորը զավթել են գյուղապետն ու «Ինեսա» խանութի տերը եւ, տեղադրելով ժամանակավոր տաղավար, սառնարան, փակել են իր հողամասի ճակատային մասն ու իրեն զրկել շինարարություն իրականացնելու հնարավորությունից:
Դիմումատուի մատնանշած հանգամանքների ստուգմամբ պարզվել է, որ Այնթապ գյուղի գյուղապետ Լ. Թարվերդյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի հողաշինարարական հատակագծում թիվ 026 ծածկագրի տակ որպես այլ նշանակության հաշվառված հողակտորի մի մասի գործառնական նշանակությունը փոխելու նպատակով կազմել եւ 03.11.08թ. անշարժ գույքի կադաստրի աշխատակազմի՝ Մասիսի ստորաբաժանում է ներկայացրել քաղվածք՝ համայնքի հաշվեկշռում հողակտորը որպես հասարակական կառուցապատման հողակտոր հաշվառելու մասին՝ կեղծելով գործառնական նշանակությունը:
Կադաստրի ստորաբաժանման ղեկավար Ս.Հարությունյանը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ներկայացված ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա գրանցել է նշված հողակտորի համայնքային սեփականության իրավունքը եւ 05.11.2008թ. տվել համապատասխան վկայական:
Գյուղապետ Լ. Թարվերդյանն ուղղակի վաճառքի կարգով 20.01.09թ. հիշյալ հողակտորը վաճառել է Ս. Հովհաննիսյանին՝ չունենալով նշված հողակտորը ուղղակի վաճառքի կարգով օտարելու իրավունք:
Նախաքննությունն իրականացվում է ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել