Ռուսաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Երեւանցի Արսենը
Նախօրեին` գիշերվա ժամը 1-ին, Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, «օրենքով գող» Արսեն Մկրտչյանը, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է «Երեւանցի Արսեն» մականունով: Ռուս իրավապահների տվյալներով` նա ներգրավված է մարդկանց առեւանգման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
Արսեն Մկրտչյանը ձերբակալվել է «Վուլկան ուդաչի» խաղատան մոտ: «Criminalnaya.ru» գործակալության փոխանցմամբ` անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 10 գ «հերոին» տեսակի թմրամիջոց: «Օրենքով գողի» նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «Թմրանյութերի ապօրինի շրջանառություն» հոդվածով: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Չորս տարի առաջ «Երեւանցի Արսենին» ռուս իրավապահները ձերբակալել են մարդկանց առեւանգման կասկածանքով: Այն ժամանակ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր «ՏՏ» տեսակի ատրճանակ եւ 5 գ «հերոյին»: Արսեն Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործը դատարան էր մտել «Մարդկանց առեւանգման» եւ «Թմրանյութերի ապօրինի շրջանառության» ծանրակշիռ մեղադրանքներով: Սակայն անցյալ տարի Միտիշինսկու քաղաքային դատարանը «օրենքով գողին» դատապարտել էր ընդամենը 3,5 տարվա ազատազրկման` պայմանականորեն չկիրառելով նշանակված պատիժը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել