Լավ է ուշ, քան երբեք
Անվար տեխնոլոգիայով իրականացվող ցանքսը շուրջ 50 տոկոսով կրճատում է ծախսերը` ապահովելով հացահատիկային կուլտուրաների բարձր բերքատվություն: Այս տեխնոլոգիայով մշակված ցորենի բերքատվության ցուցանիշներին ծանոթանալու նպատակով այսօր Շիրակի մարզի Կառնուտ համայնք էր այցելել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 17 հա-ի վրա կատարած ցանքաշրջանառությունն առաջին հայացքից գոհացուցիչ էր: Ցանքսն իրականացրած ֆերմերների հավաստմամբ՝ բերքի բավական բարձր ցուցանիշ է արձանագրվել: Հաջորդ տարի գյուղատնտեսության նախարարությունը որոշել է անվար ցանքի փորձնական ծրագիրն իրականացնել արդեն 200 հա-ի վրա:
Կառնուտ գյուղում անվար տեխնոլոգիայով արդեն չորրորդ տարին է՝ հացահատիկի ցանքաշրջանառություն են իրականացնում եւ հիմանականում գոհ են արդյունքներից: Կառնուտցի ֆերմեր Հովհաննես Գաբոյանը հիմնականում զբաղվում է կարտոֆիլաբուծությամբ եւ հացահատիկային կուլտուրաների մշակմամբ արդեն 20 տարի: «Էյ-թի-ջի» հայ-ամերիկյան կազմակերպությունից ձեռք բերած հացահատիկի սերմը մշակում է անվար տեխնոլոգիայով: Անցյալ տարի նույն տեխնոլոգիայով փորձնական մշակության համար սերմացու ստացել է կառավարությունից: Բերքատվությունից չի դժգոհում, հիմնական դժգոհությունը կապված է իրացման գների հետ: «Եթե հասկը ափի մեջ տրորեք, կտեսնեք, որ շատ կարծր ցորեն է: Սա երկցան ցորեն է: Կարող ես եւ աշնանը ցանել, եւ գարնանը ու դա մեծ առավելություն է»,- ասում է Հովհ. Գաբոյանը:
Գյուղատնտեսության նախարարի համոզմամբ՝ անվար ցանքաշրջանառությունը կիրառելով՝ գյուղացին հնարավորություն է ստանում բավական գումար տնտեսելու եւ դա կավելացնի անմշակ հողերի իրացումը: «Կար մի ժամանակ, որ գյուղացին բերք չէր ստանում կամ լավագույն դեպքում հա-ից ստանում էր 17-18 ցենտներ բերք: Մենք ներկրելով բարձր բերքատու էլիտային սերմացուն, Շիրակի մարզում արդեն կարող ենք ապահովել միջինը 30-ից 31ցենտներ բերք,- հայտարարեց գյուղնախարարը,- եւ գյուղացին լրացուցիչ եկամուտ կստանա, կնշանակի կմեծանա նաեւ շահագրգռվածությունը հող մշակելու, ցանքատարածություններն ավելացնելու: Մենք սերմացուն գյուղացուն տալիս ենք ձրի, ասում ենք՝ ցանի, երբ բերքը ստանաս, այդ ժամանակ էլ կվերադարձնես: Մի՞թե սա օգնություն չէ»:
Սերգո Կարապետյանը խոսեց նաեւ ցածր տոկոսադրույքներով տրվող վարկերից՝ շեշտելով, որ դա այսօրվա դրությամբ ամենամեծ օգնությունն է գյուղացիական տնտեսություններին: «Մենք գարնանը մոտ 7,5 մլրդ դրամի վարկեր տվեցինք, որի 4 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, իսկ աղքատ համայնքերին` 8 տոկոս: Այս աշնանը եւս 7,5 մլրդ դրամի վարկ է տրամադրվելու, եւ սա մեծ հեղափոխություն է վարկային համակարգում գյուղացուն տրամադրվող վարկերի տեսակետից: Օգոստոսի վերջին կսկսենք տրամադրել»,- տեղեկացրեց Ս. Կարապետյանը: «Հետքի» այն հարցին, թե արդյոք դա ուշացած քայլ չէր բանկերի կողմից սննակացած բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար, գյուղնախարարը նկատեց. «Համաձայն եմ, ուշացած էր, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել