HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Չախալյանը պահանջել է ապահովել բոլոր վկաների ներկայությունը դատարանում

Մարտի 25-26-ին Ախալցխայի շրջանային դատարանում տեղի է ունեցել  «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի, նրա ընտանիքի անդամների դատավարությունը:

Մարտի 25-ին 2006 թ.-ի հոկտեմբերի 9-ի դեպքերի շուրջ վկայություն է տվել այն ոստիկանը, որը դեպքի վայր էր ժամանել Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի հետ, բայց ցուցմունքներում նշել է, որ ինքը մենակ է եղել և չի տեսել, թե ով է ծեծել ոստիկանապետին, ինչ գործողություններ են տեղի ունեցել և ով է հրահրել անկարգությունները, չնայած բոլորին հայտնի էր, որ ինքն անմիջական մասնակից և ականատես է եղել:

Հրապարակվել են գործով անցնող երեք վկաների ցուցմունքներ, որոնք այժմ արդեն մահացած են: Դատական նիստի ավարտին դատարանը փորձել է պարզել, թե արդյոք պաշտպանական կողմը պատրաստ է պաշտպանական ճառին, և պարտադրել էր ամսի 27-ին ելույթ ունենալ պաշտպանական ճառով:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանն առարկել է այս պահանջի դեմ` հիմնավորելով, որ իրենք ի վիճակի չեն այդքան կարճ ժամկետում պատրաստվել, մանավանդ, որ դեռևս կարևոր ապացույցներ կան, որոնք չեն հետազոտվել: Ավելին, ցուցմունքներ չէին տվել ո'չ Վահագն, ո'չ Ռուբեն և ո'չ էլ Արմեն Չախալյանները:

Մարտի 26-ին ցուցմունքներ են տվել պաշտպանական կողմի հրավիրած 2 վկաներ ը`Յուրկ Բարբարյանն ու Ռոման Ալբանյանը, որոնք, ըստ էության, ոչ մի տեղեկություն չեն հայտնել: Պաշտպանական կողմի միջնորդությունը` հետազոտել առավել կարևոր ապացույցները, դատարանը մերժել է: Վահագն Չախալյանը հանդես է եկել հայտարարությամբ և պահանջել գործով անցնող բոլոր վկաներին հրավիրել դատարան և անձամբ իր դեմ ցուցմունք տալ:

«Այս գործի բացահայտումը մտնում է նաև իմ իրավասությունների մեջ: Եթե Ձեր նպատակը իրականությունը պարզել է, և  ոչ թե ինձ պատժելը, թույլ տվեք օրենքով ինձ վերապահված իրավունքով անցկացնել իմ սեփական հետաքննությունը և այդ նյութերը կցել այս քրեական գործին»,- ասել է Վահագն Չախալյանը:

Չախալյանն իր ցուցմունքների ժամանակ մեկ անգամ ևս կրկնել է, որ անօրինական է գտնվում կալանքի տակ և պահանջել է բոլոր վկաներին ներկայացնել դատարան, «հակառակ դեպքում  իրենց ցուցմունքները հանել իմ դեմ առաջադրված մեղադրանքից»,- ասել է Վահագնը:

Դատարանը մերժել է նաև Վահագնի բոլոր պահանջները: s-voskanyan

«Չգիտես ինչու` դատարանն անընդհատ մերժում էր  մեր բոլոր միջնորդությունները և կտրականապես չէր ուզում անդրադառնալ 2006 թ.-ի հոկտեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ գլխավոր գործող անձանց դատարան կանչելու և հարցաքննելու հարցին  (խոսքը ոստիկանապետի և նրա որդու մասին է), ովքեր, ըստ էության, համարվում էին և' տուժող, և' այդ միջադեպերի հրահրող անձինք, սակայն չգիտես ինչու` և' դատախազը, և' դատարանը դեմ են այդ անձանց դատարան գալուն»,- ասում է Չախալյանների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

Դատարանը դեմ է  եղել  նաև Չախալյանների տանը հայտնաբերված զենքի հետ կապված որևէ ապացույց հետազոտելուն, և այդ կապակցությամբ պաշտպանների յուրաքանչյուր առարկություն և միջնորդություն կտրուկ մերժվել է: Ավելին, դատավորը հենց սկզբից ասել է, որ այդ հարցին չպետք է այլևս անդրադառնալ, քանի որ դատարանն իր համար արդեն պարզել է հարցի հետ կապված մանրամասները:

«Դատարանը կանխակալ կարծիք էր հայտնում նախքան դատավճռի կայացումը, որ դատարանն ինչ վերաբերմունք ունի այս գործի հանգամանքների վերաբերյալ, որը, կարծում եմ, իմ պաշտպանյալի անմեղության կանխավարկածի, նրա իրավունքների կոպիտ խախտման փաստ կարելի է դիտել»,- ասում է Ստեփան Ոսկանյանը:

Ստեփանի Ոսկանյանի` 2006 թ.-ի հոկտեմբերի  9-ի իրադարձությունների տեսագրությունը դիտելու միջնորդությունը դատարանը սկզբում մերժել է, սակայն ընդմիջումից հետո, ի վերջո, համաձայնվել է: Երբ տեսաերիզը կնքված վիճակում դատարան է բերվել, պարզվել է, որ նույնիսկ մեղադրող կողմը տեղյակ չէր տեսաերիզի բովանդակության մասին` ում կողմից կամ որ հեռուստաընկերության կողմից է այն արված: Տեսագրության դիտումից հետո պարզվել է, որ այն վերաբերում է ոչ թե հոկտեմբերի 9-ի, այլ մարտի 11-ի իրադարձություններին: Դատական նիստի մասնակց հարազատներից մեկը պատմեց, որ տեսագրության մեջ Վահագն Չախալյանը երևում էր մի քանի կադրերում, սակայն որևէ անկարգություն նրա կողմից կամ «Միասնական Ջավախքի» անդամների կողմից չի եղել: Ընդհակառակը, Վ. Չախալյանի կազմակերպության հետ կապ չունեցող մի քանի անձինք, ովքեր պրովակատորների նման բորբոքում էին ժողովրդին: Նույնիսկ դատարանն է հետաքրքրվել այդ անձանցով, և պաշտպանի հարցին, թե արդյոք պարզվել են այդ անձանց ինքնությունները, մեղադրող կողմը չի պատասխանել:

Լսվել է նաև Վահագնի հայտարարությունը հանրահավաքին, որտեղ նա համբերության ու համախմբման կոչ է արել ժողովրդին: Ախալքալաքի դատարանի դեպքերի հետ կապված տեսագրությունում պարզ երևացել է նաև, թե ինչպես դատավորն առանց որևէ միջադեպի, հանգիստ դուրս է եկել դատարանից, փակել դուռը, հարցազրույց տվել տեղական հեռուստաընկերություններին և փաստել, որ ոչինչ տեղի չի ունեցել:

Տեսաերիզում եղել են նաև եկեղեցու բակում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ Վահագն Չախալյանն ընդհանրապես կադրերում չի երևացել: Պաշտպանական կողմն արձանագրել է դատարանի թույլ տված խախտումները. դատավորը նիստի ժամանակ արգելել է խոսել հայտնաբերված զենքերի մասին թե' Վահագնին, թե' նրա պաշտպանին` ասելով, որ դա արդեն հիմնավոր ապացուցված է:

Դատավորը նաև սահմանափակել է պաշտպանների ելույթների ժամանակը, Վահագնի ցուցմունք տալու ժամանակը, Ստեփան Ոսկանյանին հնարավորություն չի տվել խոսել 3 րոպեից ավելի, իսկ երբ պաշտպանական կողմը փորձել է առարկել, ելույթներ ունենալ կամ հայտարարություններ անել, դատարանը սաստել է նրանց` նշելով, որ եթե շարունակեն առարկել կամ վիճաբանել,  կամ կտուգանի, կամ 30-օրյա կալանքի կենթարկի:

«Դատարանն ինքն էր հանդես գալիս թարգմանչի դերում, քարտուղարին թելադրում էր, թե ինչպես արձանագրի այս կամ այն ասվածը»,- պատմում է փաստաբանը և հավելում, որ երբ Ռուբեն Չախալյանը ցանկացել է ցուցմունք տալ 2008 թ.-ի հուլիսի 21-ի դեպքերի շուրջ, դատարանն ընդհատել է` ասելով, որ եթե ցուցմունք է տալիս, ապա պետք է ամբողջությամբ տա, եթե ոչ` ավելի լավ է չտա ընդհանրապես:

Արդյունքը եղել է այն, որ Ռուբեն Չախալյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Ցուցմունք տալուց հրաժարվել է նաև Արմեն Չախալյանը: Դատական նիստն ավարտվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ` ժամանակ տրամադրել ելույթին պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամկետներով` կամ ապրիլի 6-7-ը, կամ ապրիլի 15-16-ը: Իսկ հստակ օրվա մասին դատարանը կտեղեկացնի ավելի ուշ: Մինչ այսօր Չախալյանների գործով հարցաքննվել է տուժողների ու վկաների կեսը` ընդհանուր առմամբ մոտ 15 մարդ, որոնց մոտ կեսը` վրացիներ:

Գերակշիռ մասը եղել են ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում նաև Ախալքալաքի շրջանային դատարանի երկու դատավորներ, որոնք Վահագնի դեմ որևէ բան չեն ասել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter