HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում անցել են գյուղատնտեսական աշխատանքներին

a-xahramanyanՕրերս «Հետքի» խմբագրություն են դիմել Արմավիրի մարզի Արագած, Հայթաղ, Հովտամեջ, Դողս, Ամբերդ գյուղերի մի խումբ բնակիչներ դժգոհելով, որ իրենց հողամասերի որակական կարգերն իրականում շատ ավելի ցածր են եւ չեն համապատասխանում փաստացի գրանցված տվյալներին: Գյուղացիների ասելով, 4-րդ եւ 5-րդ կարգի հողերի համար իրենք վճարում են 2-րդ եւ 3-րդ կարգի հողերի վարձավճար, որը շատ ավելի թանկ է: «Հողը ուժը կորցրել է, բերք չենք ստանում, բայց գյուղապետարանում գրված է, որ իմ հողը 3-րդ կարգի է: Ե՞րբ են եկել ուսումնասիրություն կատարել, որ հաստատ ասում են իմ հողը բարձր կարգ ունի: Վերջին անգամ մեր գյուղում սովետի ժամանակ են հողի կարգը որոշել»,-ասաց Արագած գյուղից մի բնակիչ: «Ինչ խոսք, նման մտահոգություն իրոք կա: Նման խոսակցություններ, բողոքներ համայնքներում ես նույնպես լսել եմ: Այդ հարցը կառավարությունում բարձրացվել է ու որոշվել է, եթե համայնքներից բողոքներ ստանանք, մարզպետարանը տեղում հարցը ուսումնասիրի, որից հետո համապատասխան գրություն պետք է ուղարկվի տարածքային կառավարման նախարարություն: Այնտեղից էլ հարցը կբարձրացնեն կառավարության նիստում եւ գումարներ կհատկացվի կադաստրին, որպեսզի այցելեն գյուղեր եւ հողի ուսումնասիրություն կատարեն: Եթե գյուղացու բողոքը համապատասխանի իրականությանը, բնականաբար հողի կատեգորիան կփոխվի: Արդեն հանձնարարված է համայնքապետերին, որ եթե գյուղացիները դժգոհություններ ունեն բողոքները գրավոր ուղարկեն մարզպետարան»,-պարզաբանեց  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Անդրադառնալով սկսվող գյուղատնտեսական աշխատանքներին, Ա. Ղահրամանյանը փոխանցեց, որ այս պահին մարզում ամենակարեւորը պարարտանյութի խնդիրն է: «1900 տ պարարտանյութի գումար «Դվին հոլդինգի» հաշվին փոխանցված է, որից 1500 տոննայից ավելի պարարտանյութ արդեն ներկրել ենք մարզ, բայց պահանջարկն ավելին է: Բացի դա, մեծ աշխատանքներ է տարվում գարնանային աշխատանքները կազմակերպելու, ոռոգման համակարգերը վերանորոգելու ուղղությամբ: Ապրիլի 1-2-ից մեր ջրօգտագործողներին արդեն կարող ենք ոռոգման ջուր տալ, բայց կլիմայական պայմաններն այնպիսին են, որ ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի մեր ու գյուղացու բախտից եղանակը խոնավ է: Վստահ եմ, որ վերջին մի քանի օրերի տեղումների շնորհիվ Ախուրյանի ջրամբարը կլցվի: Այսօրվա դրությամբ մոտ 260 մլն խորանարդ մետր ջուր կա ջրամբարում: Համոզված եմ, այս տարի ոռոգման ջուրը կհերիքի մեր գյուղացիներին, չնայած, որ մարզում բավականին թվով խորքային հորեր էլ կան, եթե պետք լինի դրանք էլ կօգտագործենք»,-ավելացրեց մարզպետը: Մարտի 27-ին մարզխորհրդի նիստում էլ Արմավիրի մարզի համայնքապետերին տեղեկացվել է, թե մարզում գործող վերամշակող ձեռնարկություններն այս տարի ինչ քանակությամբ պոմիդոր կընդունեն: «Անցյալ տարի ընդունվել է մոտ 7 հազար տոննա պոմիդոր, բայց այս տարի հնարավորություն ունենք այդ ծավալը հասցնել 15 հազար տոննայի»,-ասաց մարզպետ Ղահրամանյանը, հույս հայտնելով, որ այս տարի արմավիրցիները բանջարբոստանային մշակաբույսեր ընտրելու ճիշտ ընտրություն կանեն եւ դրանք մշակելով իրացման խնդիրներ չեն ունենա: Նրա հավաստմամբ, գյուղացիներին ճիշտ ուղղորդելու համար մոտ օրերս բացատրական աշխատանքներ կտարվեն գյուղերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter