HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

«Անլիարժեքության դառը զգացումից ես արդեն ջարդվել եմ»,- ասում է հաշմանդամ Գոհարը

30_03-goharԵղեգնաձորի Մալիշկա գյուղից Գոհարը քսան տարի առաջ տեղափոխվեց Երեւան: Նա Երեւանում ավարտեց Առեւտրաիրավաբանական քոլեջի հաշվային բաժինը: Բնակություն էր հաստատել Ավանի հանրակացարանում: Այսօր էլ բնակվում է նույն հանրակացարանում, միայնակ: «Երկրորդ կարգի հաշմանդամ եմ մանկուց` երկկողմանի կոնքազդրային հոդախախտումով,կաղում եմ, իսկ հաշմանդամի համար նման պրոբլեմով գյուղում ապրելը շատ դժվար է, պետք է համակերպվես քո սահմանափակ հնարավորություններին ու փակվես տանը:

Մայրս մահացավ, հայրս էլ ամուսնացավ գյուղում: Եղբորս հոգսն էլ ինձ վրա էր, ես էի նրան խնամում 10 տարի, ինքն էլ ամուսնացավ եւ Չելյաբինսկում է ապրում»,- պատմում է Գոհարը: Իր ու եղբոր կարիքները Գոհարը հոգում էր` մաքրելով մեծահարուստների բնակարանները, խնամում էր ծերերին, սակայն բժիշկները նրան արգելեցին ծանր աշխատանք կատարելը, քանի որ ոտքերի վիճակը ֆիզիկական աշխատանքի պատճառով ավելի է  վատացել՝ հոդերը սկսել են քայքայվել: Գոհարն էնդոպրոտեզի կարիք ունի, սակայն  այդ մասին նույնիսկ չի էլ երազում, քանի որ հազիվ է գոյատեւում: «Եղբայրս չի կարողանում ինձ օգնել, որովհետեւ սեզոնային աշխատանք է կատարում, մի կերպ էլ իր ընտանիքն է պահում: Հայրս թոշակառու է, բացի այդ էլ նրա տղան` երկրորդ կնոջից, հաշմանդամ է, սայլակի վրա է»,- ասում է Գոհարը: Գոհարի ամսեկան եկամուտը 21 հազար դրամ է՝ 10 000-ը նպաստն է, 11 000 դրամը՝ հաշմանդամության թոշակը: «Այդ գումարով հնարավոր չէ տարրական հոգսերը հոգալ, մանավանդ ձմեռը, ցուրտ է, իսկ ես վախվխալով եմ տաքացնում տունը»,- ասում է Գոհարը: Գոհարը, թերեւս, այն մեկ միլիոն մարդկանցից է, ում մասին վերջերս Ազգային ժողով- Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մտահոգություն հայտնեց եւ հարց ուղղեց. «Ինչ է անելու կառավարությունը գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պարագայում սոցիալական հնարավոր ցնցումները մեղմելու համար, քանի որ Հայաստանում բնակվում է մեկ միլիոն սոցիալապես խոցելի մարդ: Վերոնշյալ թանկացումները կարող են հանգեցնել այլ թանկացումների, քանի որ  նախատեսվում է բարձրացնել որոշ ապրանքատեսակների մաքսատուրքը»: Պատգամավորի հարցին պատասխանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը: «Հնարավոր բարձրացումները նկատի ունենալով` դեռեւս անցած տարի կառավարությունը համապատասխան նախատեսումներ արել է: Դրանք արտացոլված են նաեւ 2009 թվականի պետական բյուջեում: Մասնավորապես այն բարձրացումները, որոնք տեղի են ունեցել 2009 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների, նպաստների, դրամական օգնությունների եւ վճարների գծով»,- ասել է նախարարը` ավելացնելով, որ 100-150 դրամի ավելի ծախսը «չի կարծում, որ մեծ գումար է»: Գոհարի համար 100-150 դրամ գումարն օրվա հացի փողն է, որը վաստակելու համար նա ցանկացած աշխատանք նստած վիճակում կարող է անել. «Չեմ  ուզում որեւէ մեկի համար հոգս դառնալ, միայն գործատուներից նստած աշխատանք եմ խնդրում, որովհետեւ ընդունակ եմ աշխատել, բայց չգիտեմ ինչու` այսօր հաշմանդամի առաջ փակ են բոլոր դռները»,- ասում է Գոհարը: Գոհարին այսօր օգնում են ընկերները, հարեւանները, սակայն նա դրանից ավելի վատ ապրումների մեջ է հայտնվում: «Ես ինձ ուզում եմ լիարժեք մարդ զգալ, ոչ թե հայտնվել մուրացկանի կարգավիճակում: Երիտասարդ եմ, ուզում եմ կայանալ, ուզում եմ ինձ մարդ զգալ, որովհետեւ անլիարժեքության դառը զգացումից ես արդեն ջարդվել եմ, իսկ ֆինանսական անապահովությունը կրկնակիորեն հարվածում է իմ ներաշխարհին…Ես դիմում եմ մեր գործատուներին, սփյուռքահայ բարեկամներին, ով կկարողանա օգնության ձեռք մեկնել ինձ, վարձահատույց կլինի անպայման»,- հուզվում է Գոհարը: Գոհարը նամակով  դիմել է Ազգային ժողովի Սոցիալական հարցերով հանձնաժողովին: Այնտեղից էլ նամակն այս տարվա փետրվարին ուղարկել են  Ավանի թաղապետին, որտեղից դեռ պատասխան չի ստացել: «Նամակի հետքերով երբ զանգեցի Սոցիալական հանձնաժողով, ինձ ասացին` սպասեք բարեփոխումների, որ ես պետք է դիմանամ, որովհետեւ հաշմանդամները ուժեղ մարդիկ են»,- ասում է Գոհարը: Դիմանալու կոչեր Գոհարին շատերն են տալիս, բայց նա սկսել է մտածել Հայաստանից հեռանալու մասին, որովհետեւ օրերն անցնում են աշխատանք փնտրելով: Ամենուր մերժում են հաշմանդամին աշխատանքի վերցնել, ավելին` ամեն մի խոսքից Գոհարը վիրավորվում է, հուսահատվում: «Երբ որեւէ տեղ եմ զանգում, որպեսզի տարրական գործ անեմ` սպասք լվանամ կամ մաքրեմ, ինձ ասում են` էլիտար խավն է օգտվում մեր ծառայություններից, մենք չենք կարող Ձեզ աշխատանքի ընդունել, նրանց դուր չի գա, որ հաշմանդամ է աշխատում: Բայց եթե էլիտար խավն է, պետք է մեր նմաններին աջակցի, մենք մեղավոր չենք, որ ծնվել ենք հաշմանդամ, այն էլ Հայաստանում: Հաշմանդամները պատվախնդիր մարդիկ են, նրանք չեն ուզում մուրալ, բայց տեղ տվեք, մեր մեջ էլ նույն հոգին է, մենք էլ Աստծո ստեղծած մարդն ենք»,- հուզված ասում է Գոհարը: Գոհարն օգնություն էր ակնկալում նաեւ հասարակական կազմակերպություններից եւ բարեգործական ընկերություններից. «40-50 հեռախոսահամար ունեի, գոնե մեկը եթե արձագանքեր, ես կմտածեի, որ Հայաստանում կարելի է մի քիչ էլ դիմանալ…»,- հուսահատ ասում է Գոհարը: Հաշմանդամների ընդհանուր միությունից էլ Գոհարին պատասխանել են, որ Հայաստանում հաշմանդամին աշխատանքով ապահովելը բարդ է: Զբաղվածություն պետական գործակալությունն իրականացնում է «Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագիրը: Ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է` գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով: Գումարը կազմում է 30 000 դրամ: 2008 թ. ծրագրում ընդգրկված էր 167 անմրցունակ անձ, որից 63-ը ձեռք է բերել աշխատանք: Ավան համայնքի Տարածքային զբաղվածության կենտրոնը 30 000 դրամ ամսեկան փոխհատուցման պայմանագիր է կնքում այն գործատուի հետ, ով աշխատանքի կընդունի սահմանափակ կարողությամբ անհատին, սակայն հազվադեպ են նման դեպքերը: Հրաժեշտից առաջ Գոհարն ասում է, որ աշխատանք գտնելու հույսը չի կորցնում: «Երեւի կգտնվի մեկը, ով թույլ կտա ինձ ներս մտնել իր տարածք եւ չի ամաչի իմ հաշմանդամության համար»,- ասում է Գոհարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter