HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անավարտ պատմություն` երկու ակնթարթի արանքում

30_03-r_mangasaryan2007 թ. նոյեմբերին, երբ ֆոտոլրագրության այդ տարվա կուրսն արդեն մի ամիս դասի էր հաճախում, ես ուշացումով գնացի Կովկասյան լրատվամիջոցների իստիտուտ` ընդունվելու «Ռուբենի մոտ»: Հույսս, Ֆոտոներիցս բացի, նաեւ նույն կուրսը երկու տարի առաջ ավարտած Անահիտի վրա էր, որը որպես ծանոթ պիտի բարեխոսեր Ռուբենին ու փորձեր մեղմել ուշացած լինելուս հանգամանքը: Ռուբենն առաջին օրը մի քանի բառ խոսեց հետս, ասաց` կմտածենք, երկրորդ օրը երկար տնտղեց ֆոտոապարատս, ասաց` կմտածենք, երրորդ օրը նայեց ֆոտոներս, չասաց, որ հավանեց, ես ընդունվեցի: Հետո ասաց` ես պարոն Մանգասարյանը չեմ, ես Ռուբենն եմ: Ասաց` մի ամսվա անցածը մի շաբաթում պիտի նկարես: Նկարեցի: Տարվա վերջում գերազանցությամբ ավարտեցի դասընթացը, ու Ռուբենը երեւի թե ուրախ էր, որ ինձ հնարավորություն տվեց: Դրա մասին երբեք չասաց ինձ, բայց ժպտում էր, ու ես հասկանում էի: Ու հիմա ինչ-որ անցյալ ժամանակի մեջ պատմում եմ ժամանակն իր լուսանկարներում կանգնեցրած լուսանկարչի մասին, որը մեզ սովորեցնում էր հենց այդ արվեստը` ժամանակը ճիշտ պահին գեղեցիկ կանգնեցնել ու պատմել մարդկանց մասին, ամենասովորական մարդկանց մասին` ամենաանպաճույճ ձեւով: Եվ հենց նա էր, որ իր օբյեկտիվով վավերագրել էր Հայաստանի ողբերգական ու դժվարին ժամանակները` երկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմը, անկախության առաջին տարիները, մութնուցուրտը, քաղցը: Ու հիմա նրա լուսանկարներն ավելի քիչ բան չեն պատմում հենց իր` Ռուբենի մասին, քան այդ մռայլ տարիների, ու ցույց են տալիս, թե ուր է նայել նրա տեսնող աչքը եւ հատկապես ինչն է փորձել նկատել տալ ու հիշել: Նա իր փորձը, տարիների ձեռք բերածն ու սովորածը հասցրեց կիսել հազիվ երեք տասնյակ ուսանողների հետ, որոնք հնարավոր է երբեւէ չզբաղվեին լուսանկարչությամբ, եթե չլիներ Ռուբեն Մանգասարյանի ֆոտոլրագրության կուրսը Կովկասյան լրատվամիջոցների իստիտուտում: Ես, համենայնդեպս, միգուցե լինեի չզբաղվողներից մեկը: Ու երախտիքի խոսքեր եմ մտմտում, բայց շնորհակալությունը հավանաբար գլխավորը չէ, որովհետեւ ամենատեղին հատուցումը լավ լուսանկարներն են, ամենամեծ երախտագիտությունը` լուսավոր հիշատակը` որպես անավարտ պատմություն... Աննա Դավթյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter