Շուշիի քաղաքապետի ընտրությունները կայացան, բայց ձայների վերահաշվարկ է լինելու
Երեկ կայացան Շուշիի քաղաքապետի ընտրությունները: Քարոզարշավի ժամանակ թեժ պայքարի ապացույցը ընտրությունների ընթացքն էր ու ձայների հարաբերակցությունը: Երեկ երեկոյան Շուշիի ընտրատեղամասերը փակելուց եւ ձայները հաշվարկելուց հետո պարզ դարձավ, որ ընդամենը 3 ձայնի տարբերությամբ հաղթեց Կարեն Ավագիմյանը, որը մինչ այդ Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի տնօրենն էր:
Շուշեցիները համայնքի ղեկավար էին ընտրում երկու ընտրատեղամասում` 21/1-ում եւ 21/2-ում: 21/1-ում ոչ պաշտոնական տվյալներով` Կարեն Ավագիմյանի օգտին քվեարկել են 399 ընտրող, Ալբերտ Խաչատրյանի օգտին` 408, իսկ ահա 21/2 ընտրատարածքում Կարեն Ավագիմյանի օգտին քվեարկել են 378 ընտրող, իսկ Ալբերտ Խաչատրյանի օգտին` 366 ընտրող: Երկու ընտրատեղամասերում էլ անվավեր թերթիկների թիվը 33 էր:
Երկու ընտրատեղամասերում էլ, ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ էին անցնում, չնայած թիվ 21/2 ընտրատեղամասում մենք ականատես եղանք, որ ժամանակ առ ժամանակ ընտարտեղամասում մարդկանց կուտակումներ էին առաջանում. եղել են պահեր, երբ տեղամասում միաժամանակ 10-ից ավելի մարդ էր հայտնվում եւ այլն: Նույնը նաեւ ընտրատեղամասի մոտակայքում էր, որտեղ մի քանի հոգանոց մարդկանց խմբեր էին հավաքվում, այնինչ օրենքով նրանց չի թույլատրվում հավաքվել ընտրատեղամասի տարածքում, այլ միայն 50 մետրից ավելի հեռավորության վրա:
Թիվ 21/2 ընտրատեղամասում համեմատաբար արտառոց դեպքեր են արձանագրվել: Օրինակ ընտրողներից մեկը հեռախոսի միջոցով նկարել էր իր քվեն դրած քվեաթերթիկը, իսկ, երբ հանձնաժողովի անդամներից մեկը նկատել եւ նրանից պահանջել է, որ հեռախոսը ցույց տա, նա մերժել է ու իսկույն պատռելով քվեաթերթիկը եւ թողնելով այն ընտրատեղամասում, դուրս է եկել: Այս ընտրատեղամասում նաեւ գրանցվել է մի դեպք, երբ 16 տարեկան քաղաքացու անձնագրով մեկը քվեարկել է, իսկ թե ով է քվեարկել հանձնաժողովի անդամները հստակ չեն հիշում, ու հարցը պարզվում է:
Ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չեն հրապարակվել: Ինչպես «Հետքի»-ին տեղեկացրել է Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վաչիկ Զաքարյանը, երեկ ուշ երեկոյան քաղաքապետի թեկնածու Ալբերտ Խաչատրյանի կողմից վերահաշվարկի դիմում է ներկայացվել տարածքային հանձնաժողով: Ձայների վերահաշվարկը կիրականացվի օրենքով սահմանված ժամկետներում, վստահեցրել է տարածքային հանձնաժողովի նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել