Մի՞թե այդքանով են կարեւոր Շուշին ու շուշեցիները
Շուշիի վերակառուցման, նրա երբեմնի համբավի վերականգնման անհրաժեշտության մասին շատ է խոսվել: Իհարկե ակնառու են քաղաքի վերականգնմանն ուղղված աշխատանքները, դրանց մասին նույնպես շատ է գրվել: Բայց թե որքանո՞վ են կարեւորվում այնտեղի բնակիչների ձայնը, Շուշիում կայացող ընտրությունները` դա թերեւս կարելի է դատել լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ակտիվությունից:
Այն, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ լրատվամիջոցներն ու ՀԿ-ները Ղարաբաղում չեն փայլում իրենց ակտիվությամբ` դա հայտնի է, բայց որ այդ պասիվությունը ցուցաբերվում է նաեւ համայն հայության ուշադրության կենտրոնում գտնվող Շուշի քաղաքի ընտրությունների նկատմամբ` դա այդքան էլ ողջունելի չէ: Ի վերջո շուշեցիների համար շատ կարեւոր է քաղաքապետի ընտրությունը: Դրա վառ ապացույցը հենց երեկ կայացած ընտրություններում շուշեցիների ակտիվ մասնակցությունն էր եւ թեժ պայքարը:
Շուշիի քաղաքապետի ընտրությունները պարզվում է կարեւոր չէր ղարաբաղյան ոչ մի լրատվամիջոցի համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էին միայն երկու լրագրող, այն էլ դրսի լրատվամիջոցներից` մեկը «Հետք» -ից, իսկ մյուսը` ֆրանսիական լրատվամիջոցից:
ԿԸՀ-ում չեն հավատարմագրվել նաեւ հանրապետական «Ազատ Արցախ» թերթը եւ Արցախի հանրային հեռուստատեսությունը: Սա նշանակում է, որ նրանց չե՞ն հետաքրքրում Շուշիի քաղաքապետի ընտրությունները, շուշեցիների ձայնը, մտահոգություններն ու ապրումները: Մի՞թե այդքանով են կարեւոր Շուշին ու շուշեցիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել