Լրագրողը` զրպարտության թիրախ
Լրագրողական աշխատանքիս 18 տարիների ընթացքում միշտ խուսափել եմ անձիս հետ կապված դեպքերը հանրության սեփականությունը դարձնել: Սակայն հիմա իմ համեստությունը, ավելի ճիշտ` անհետեւողականությունը, կարող է վատ հետեւանքներ ունենալ: Հայտնվել եմ, չգիտեմ ինչպես անվանել` զրպարտանքի՞, թե դավադրության թիրախի ոչ հաճելի դերում: Ամեն ինչ սկսվեց այս տարվա հունվարի 21-ին, երբ «Առավոտ» օրաթերթի մարզերի հետ աշխատող խմբագիրը էլեկտրոնային (տարեսկզբից թղթակցում եմ «Առավոտին») փոստով ինձ ուղարկեց, ավելի ճիշտ` «վերադարձրեց» իբր տպագրության համար թերթին ուղարկած իմ տեղեկատվությունը:
Դրանով իբրեւ թերթին տեղեկացրել եմ Իջեւանի Գետահովիտ գյուղի մի խումբ բնակիչների անունից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղված բաց նամակի մասին: Նամակն անստորագիր էր, դրա տակ իբրեւ հեղինակներ նշված էր` Ամիրաղյաններ, Չիբուխչյաններ, Բրուտյաններ: Նամակում երկրի նախագահից արդարություն էին պահանջում, նշում Իջեւան քաղաքի մի բնակչի կողմից (նամակում «առեւանգողի» անուն-ազգանունն առկա է) մի աղջկա առեւանգելու մասին: Աղջկա անուն-ազգանունը չէր հիշատակվում, սակայն այնտեղ նշվում էր «մեր անձնական օրինակի»` «աղջկաս առեւանգման» մասին: Այդպես էլ պարզ չէր, թե ում աղջկան են առեւանգել` Ամիրաղյանների՞, Բրուտյանների՞, Չիբուխչյանների՞: Նամակից պարզ չէր նաեւ, թե «առեւանգումից» հետո ինչպես է որոշվել «առեւանգված» աղջկա ճակատագիրը: Սակայն հստակ երեւում էր անստորագիր նամակի թիրախը` Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը, ով նամակում նշված է որպես «կաշառակեր» եւ «հայ երիտասարդ աղջկա պատիվը ոտնահարող»: Նա, իբր, կաշառքի դիմաց կոծկել է սույն հանցագործությունը: Սակայն զրպարտիչը կամ զրպարտիչները սխալվել էին իրենց հաշվարկներում:
«Նյութը» կամ անստորագիր զրպարտագիրը «Առավոտը» չէր հրապարակի, քանզի պարզ չէր, թե ում աղջկան, երբ են առեւանգել եւ այլն: Բացի այդ` թերթի խմբագրին տարօրինակ էր թվացել, որ «նյութը» համակարգչով ուղարկվել էր ոչ թե իր էլեկտրոնային հասցեին (ինչպես սովորաբար Տավուշի մարզից ուղարկում եմ թղթակցությունները), այլ` «Առավոտի» ընդհանուր հասցեին: Սակայն, սա դավադիր ծրագրի «առաջին սերիան» էր:
Մեկ շաբաթ անց` հունվարի 27-ին, «Փակագիծ» թերթում «Մարզի թալանչին» եւ «Դատախազի եկամտաբեր բիզնեսները» խորագրով եւ «Մ. Ի.» ստորագրությամբ տպագրվեց մի հոդված, որում մարզի դատախազ Աննա Մանթաշյանը մեղադրվում էր մարզային դատախազության շենքի առաջ ծառեր հատելու եւ Տավուշի մարզում տեղի ունեցած մի շարք հանցագործություններ «կոծկելու» մեջ: Երբ Տավուշի մարզի դատախազը «Փակագիծ» թերթից հետաքրքրվել էր, թե ով է հրապարակման հեղինակ Մ. Ի.-ին, թերթից նրան պատասխանել էին, որ նյութը ստացվել է էլեկտրոնային փոստով` voskan_ [email protected] էլեկտրոնային հասցեից: Սա նման է տողերիս հեղինակի էլ. հասցեին, որ մշտապես հրապարակվում է իմ կողմից խմբագրվող Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթի վերջին էջում: Ակնհայտ էր, որ զրպարտիչները երկու նպատակ էին հետապնդում` անվանարկել մարզի դատախազին, եւ երկրորդ` նրան տրամադրել իմ դեմ:
Մարզի դատախազն այդ հրապարակումից հետո զանգահարեց եւ իմացավ իմ էլ. փոստի հասցեն: Որոշ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ ինչ-որ մեկը կեղծել է էլ. փոստի հասցես: Տողերիս հեղինակի իրական հասցեն [email protected] է, այսինքն` իմ անունից հետո գծիկը դրվում է մեջտեղից եւ ոչ թե տողատակից: Կեղծ հասցեին իրական տեսք տալու համար հասցես կեղծողը կամ կեղծողները իմ էլեկտրոնային փոստի հասցեից պատճենել եւ այդ կեղծ հասցեում տեղադրել են լուսանկարս: Սակայն, ինչպես ասում են, ստի ոտքը կարճ է:
Նույն «Փակագիծ» թերթի փետրվարի 4-ի համարում տպագրվեց Սոկրատ Հովսեփյանի «Վերնագիրը վերջում» հոդվածը, ուր հոդվածագիրը փաստերով, կետ առ կետ հերքել է մարզի դատախազի վերաբերյալ պնդումները, փաստերով ներկայացրել, որ անանուն հոդվածում ներկայացված, իբր մարզի դատախազի «կոծկած» հանցագործությունները իրականում ժամանակին բացահայտվել եւ դրանց վերաբերյալ նյութերը դատարան են ուղարկվել, առկա են դատավճիռներ: Հոդվածագիրը նաեւ ներկայացրել է իմ էլեկտրոնային փոստի կեղծման պատմությունը, դատապարտել նման արարքը: Հոդվածում նաեւ տեղեկություններ կան, թե ով կարող էր հրահրել այս կեղծարարությունը:
Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ ներկայումս իմ անունից շարունակվում են զրպարտչական նամակներ ուղարկվել հանրապետության ղեկավար այրերին: Ընդհանրապես հանրապետության ղեկավարներին նամակներ ուղարկելը (էլ չեմ խոսում դրանց զրպարտչական բովանդակության մասին) իմ գործելաոճը չէ: Եթե որեւ հիմնավոր, փաստերով ապացուցված տեղեկություններ եմ ունենում Տավուշի մարզում կատարվող օրինախախտման, կաշառակերության վերաբերյալ, որպես ժուռնալիստ հրապարակում եմ հանրապետական լրատվամիջոցներով: Դա իմ մասնագիտական պարտականությունն է:
Ես ներքին համոզմունք կամ հիմնավոր կասկածներ ունեմ, թե ով է այս ամենի կատարողը կամ պատվիրատուն: Սակայն մտադիր չեմ կասկածները (որքան էլ դրանք հիմնավոր լինեն) փաստերի տեղ հրապարակել: Ուստի այս հրապարակումը համարում եմ հանրապետության իրավապահ մարմիններին ուղղված հարցում, պահանջ, որպեսզի նրանք բացահայտեն օրինախախտումների հեղինակին կամ հեղինակներին եւ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկեն: Այլապես, չպատժված հանցագործությունները նորերն են ծնում, եւ «դեպի վերեւ» զրպարտչական նամակների հոսքը կշարունակվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել