HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Լոլիկ աճեցնողները՝ քաղաքապետի ընտրություններում

«Ժառանգություն» կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, ընտրական հանձնաժողովների՝ իրեն պատկանող տեղերը մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ չի կիսի ՀԱԿ-ի հետ։ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունը որոշել է ընդգծված չեզոք դիրք գրավել ընտրություններում եւ գործնականորեն չօժանդակել ՀԱԿ-ին։ Այդպիսով կուսակցությունը ձգտում է չկորցնել դիրքերը ընդդիմադիր դաշտում եւ օգտագործել ՀԱԿ-ի նկատմամբ ունեցած միակ առավելությունը՝ խորհրդարանական ուժ լինելու հանգամանքը, որն էլ ընտրական հանձնաժողովներում ներկայուցուցիչներ ունենալու եւ խորհրդարանական ամբիոնը քարոզչական նպատակներով օգտագործելու հնարավորություն էր տալիս։

Դա միակ լծակն է, որով «Ժառանգությունը» կարող է ՀԱԿ-ին դեռեւս իրենից որոշակի կախվածության մեջ պահել եւ ստիպել նրան հաշվի նստել իր հետ։ Համենայնդեպս, անգամ հանձնաժողովի տեղերն իր հետ չկիսելու մասին «Ժառանգության» որոշումից հետո ՀԱԿ-ում չեն շտապում այդ կուսակցությանը իշխանական պատվերներ կատարելու, անսկզբունքայնություն դրսեւորելու մեջ մեղադրել։ Դրսեւորումներ, որոնք արտահայտվեցին առանձին ցուցակով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու` «Ժառանգության» հայտնած մտադրությունից անմիջապես հետո։ Ըստ էության, չնայած ավագանու ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական ուժ, սակայն գործնականում կրկին ձեւավորվել է երկու բեւեռ։ Մի կողմում ընդդիմությունն է՝ ի դեմս ՀԱԿ-ի, մյուս կողմում իշխանությունը՝ ի դեմս կոալիցիոն 4 ուժերի, որոնք երկու հստակ խնդիր են հետապնդում։ Առաջին՝ յուրաքանչյուրն իր հերթին հավաքել առավելագույն թվով այնպիսի անցողիկ քվեներ, որոնց հանրագումարը նաեւ ավագանու մեծամասնություն կապահովի։ Այդ ուժերի նվազագույն խնդիրն է լինելու ավագանու ընտրություններում ստանալ ուժերի հարաբերակցության այպիսի պատկեր, որն ամբողջությամբ կարտացոլի խորհրդարանում առկա հարաբերակցությունը։ Դա նաեւ նախագահական ընտրությունների պաշտոնապես արձանագրված արդյունքները վավերացնելու, լեգիտիմացնելու անուղղակի միջոց կհանդիսանա։ Այս պայմաններում չի բացառվում, որ ՀԱԿ-ը զուտ ստացած քվեների ընդհանուր թվով առավելություն ունենա ՀՀԿ-ի նկատմամբ։ Սակայն ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ միասին կոալիցիա կազմելով նաեւ քաղաքապետարանի կառավարման «օրենսդիր» մարմնում՝ ավագանիում, միեւնույն է՝ ՀԱԿ-ին բլոկադայի կենթարկեն որպես փոքրամասնություն, ինչպես «Ժառանգությանը»՝ խորհրդարանում։ «Ժամանակավոր պարտությամբ» խաղը շահելու այս մարտավարությունը նախընտրելի է իշխանության համար։ Մի կողմից նա ցույց կտա, որ ընդունում է ընդդիմության լիդերի միանշանակ առավելությունը քաղաքապետի իր առաջադրած թեկնածուի նկատմամբ, մյուս կողմից կոալիցիոն գործընկերների օգնությամբ Բեգլարյանին «ընտրել կտա» քաղաքապետի պաշտոնում եւ կլուծի իր խնդիրը։ Իհարկե, այս դեպքում մեծանում է ՀՀԿ-ի կախվածությունը կոալիցիոն գործընկերներից, որովհետեւ օպերացիան միահամուռ ուժերով գլուխ բերելու դեպքում մատուցած ծառայությունների համար փոխհատուցելու խնդիր է առաջանալու, եւ կոալիցիոն մյուս կուսակցությունները չեն կորցնի ՀՀԿ-ին եւ հանրապետության նախագահին պայմաններ առաջադրելուց։ Ի սկզբանե հենց այդպիսի կախվածությունից զերծ մնալու խնդիր էր հետապնդում Սերժ Սարգսյանը՝ փորձելով Երեւանի կառավարման մարմինների ընտրությունը ծառայեցնել ավելի ինքնուրույն խաղացողի կարգավիճակ ստանալու նպատակին։ Տեր-Պետրոսյանի՝ ընտրություններում ներգրավվելու անսպասելի քայլը ՀՀԿ-ին ստիպում է ժամանակավորապես հրաժարվել այդ առավելագույն ծրագրերից եւ ապավինել պրոիշխանական ուժերի ծառայություններին։ Այս թակարդից խուսափելու համար ՀԱԿ-ին անհրաժեշտ կլինի հաղթանակ տանել ոչ թեՀՀԿ-ի նկատմամբ, այլ բոլոր կոալիցիոն ուժերի` միասին վերցրած։ «Ժառանգության» բացակայության, ընդդիմության ձայները փոշիացնելու՝ կոալիցիոն ուժերի հետապնդած նպատակների համատեքստում այսպիսի մաքսիմալիստական ծրագիրը թվում է անիրատեսական։ Երկրորդ՝ հնարավորինս փոշիացնել ընդդիմության ձայները եւ նրան ընտրությունների արդյունքները բողոքարկելու լուրջ առիթներ չընձեռել։ Իշխանական ուժերը շատ լավ են հասկանում, որ կոալիցիոն կուսակցությունների միջոցով այս խնդիրը գրեթե հնարավոր չի լինի իրագործել։ Որովհետեւ ընտրությունը կայանալու է ոչ այնքան 7 կուսակցությունների միջեւ, որքան իշխանության եւ ընդդիմության, այսինքն` ՀԱկ-ի եւ մնացած բոլոր մասնակիցների միջեւ։ Այս դասավորության պայմաններում որեւէ նշանակություն չունի՝ իշխանությունը չո՞րս, թե տասնչորս ուժ է ներկայացնում ընտրողներին։ Այս առումով պահեստային տարբերակ է ընտրություններում մնացած երկու՝ առաջին հայացքից լրիվ չեզոք կուսակցությունների՝ Ժողովրդական կուսակցության եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության՝ ՀԱՍԿ-ի օգտագործման հնարավորությունը։ ՀԱՍԿ-ի խնդիրը քվեաթերթիկում ընտրողին որոշակի շփոթության դրդելն է լինելու, եթե իշխանությանը չհաջողվի ձախողել քաղաքապետի ընտրությունները նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդի վերածելու` ընդդիմության պլանները։ Բացի դրանից, այս մեթոդը նաեւ հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում հենց այդ շփոթությունը խաղարկելով՝ ՀԱԿ-ի ձայները քվեաթերթիկների հաշվարկի, արդյունքների արձանագրման ժամանակ «ջրել» ՀԱՍԿ-ի օգտին։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀԱՍԿ-ի ցուցակի անցողիկ տեղերում հանգրվանել են պետական նոմենկլատուրայի ներկայացուցիչներ՝ մի քանի նախարարություններից։ «Ժառանգության» բացակայության ֆոնին առավելապես կարեւորվելու է Տիգրան Կարապետիչի եւ նրա Ժողովրդական կուսակցության դերակատարությունը։ Կարապետիչի վրա կարող է ինչ-որ պահի խնդիր դրվել «իրենով անել» «Ժառանգության», այսինքն` չափավոր ընդդիմադիր էլեկտորատի ձայները։ Ահա թե ինչու է Տիգրան Կարապետյանը հայտարարում, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեր ընտրություններին, կարող էր տանել իր էլեկտորատի մի մասը։ Սակայն Կարապետիչի տարբերակն այնքան էլ արդյունավետ չի կարող լինել՝ հաշվի առնելով նրա քաղաքական վարկանիշը, էքսցենտրիկ վարքագիծը, որոնք ավելի շատ վանող գործոններ են։ Գուցե իշխանությունն ընդհանրապես Կարապետիչի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չզգա էլ։ Սակայն նրանց գլխավոր խնդիրն այդ չէ։ Թե՛ ՀԱՍԿ-ը եւ թե՛ ԺԿ-ն փորձելու են թույլ չտալ ընտրապայքարի տեղափոխումը լիակատար քաղաքական հարթություն։ Այս ուժերն ամեն ինչ, թերեւս, կանեն, որպեսզի Երեւանի շարքային ընտրողի մոտ ձեւավորվի այն պատկերացումը, թե Երեւանի քաղաքապետն ընտրվում է միայն փողոցները վերանորոգելու, երթեւեկությունը կարգավորելու, փողոցների մաքրությունն ու բարեկարգությունն ապահովելու համար։ Տիգրան Կարապետյանն արդեն իսկ սկսել է ընտրողների ուղեղների լվացման այդ գործընթացը։ Նա իր վերջին ասուլիսում փայլատակեց` պոպուլիզմի մի քանի դասական փայլուն նմուշներ ցուցադրելով։ Նա հայտարարեց, թե երեւանցիները կողմնակի եկամտի աղբյուր պետք է ունենան՝ լոլիկ, վարունգ աճեցնելով։ Դա ոչ միայն նշանակում է, որ Կարապետիչի լեյտմոտիվը ընտրություններում լինելու է լոլիկ աճեցնելը, այլ հայրենական քաղաքական դաշտում լոլիկ աճեցնողների նոր, հինգերորդ շարասյուն է հայտնվում, որի հիմքերը դրվեցին 2008 թ. նախագահական ընտրություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter