HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Բնակարանի հույս` 21 տարվա սպասումից հետո

16_03-kasakhԿոտայքի մարզի Քասախի նախկին գաղութի տարածքում, ըստ համայնքապետարանի տվյալների, գրանցված են փախստականների 170 ընտանիքներ, սակայն փաստացի ապրում են 55-ը: Հետքը նկարագրել է այն ծանր կենցաղային պայմանները, որում արդեն 21 տարի ապրում է փախստական ընտանիքների մեծամասնությունը: Դեռ 1988 թ. փախստականներին տեղավորելով գաղութի տարածքում` իշխանությունները խոստացել էին կարճ ժամկետներում լուծել նրանց բնակարանային խնդիրները: Սակայն միայն 2006 թ. պետական բյուջեով «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի բնակավայրերում  նախատեսված հատկացումների ցուցակում ընդգրկվեցին նաև Քասախ գյուղում ապրող 35 փախստական ընտանիքներ: Նրանցից ծրագրին մասնակցելու դիմում են ներկայացրել 31 անձինք, որոնցից 5-ի մասնակցությունը մերժվել է փաստաթղթերի թերի լինելու պատճառով, իսկ 26 անձանց տրամադրվել են վկայագրեր, որոնցից 25-ը հրաժարվել են, մեկը գնել է բնակարան: Ռոզա Ադամյանը, ով հանդիսանում է փախստականների ներկայացուցիչը, պատմում է, որ իրենցից շատերն անգամ չեն գնացել վկայագրերի հետևից, քանի որ երբ իմացել են, թե ինչքան գումար է հատկացվելու, հասկացել են, որ անիմաստ է գնալը: «Այդ ժամանակ մեզ մոտ մեկ սենյականոց բնակարանն արժեր 25-30 հազար դոլար, գնայի վերցնեի` ինչ անեի այդ վկայագիրը, ինձ 9000 դոլար էին տալիս, մյուսներին էլ, եթե ընտանիքում 1-2 հոգի էր, 7000, եթե 2-3 էր` 9000 ու այդպես, արդյունքում բոլորս հրաժարվեցինք, հետո միայն իմացանք, որ ինչ-որ մեկը վերցրել է եւ տուն է գնել Մասիս քաղաքի հարակից գյուղերից մեկում, բայց մենք չենք կարող գնալ այստեղից»,-ասում է նա: Քաղաքաշինության նախարարության մամլո պատասխանատու Բաղդասար Մհերյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «մարդ միշտ փորձում է ավելի շատ փող պոկել, քան իրեն առաջարկում են»: Ըստ նրա` փախստականներն իրենց առաջարկվող գումարով հանգիստ կարող էին Քասախում բնակարան գնել: Բաղդասար Մհերյանի խոսքերով` ԲԳՎ-ն աջակցություն է փախստականներին և Աղետի գոտու բնակիչներին, որպեսզի նրանք գնեն բնակարան: «Դա բնակարան չի, եթե դա լիներ բնակարանի իրական արժեքը, պետությունն ինքը կգներ ու կխուսափեինք մեծաթիվ կոռուպցիոն ռիսկերից, բայց պետությունը չի ասում, որ ես քեզ անպայման տալու եմ 2 սենյականոց բնակարանի գին, պետությունն ասում է` ահա քեզ շուկայականին մոտ գին. եթե շուկայում գինը կավելանա կամ կպակասի գումարը, ապա դա արդեն քաղաքացու ռիսկն է, կարող ես քո սեփական միջոցներից էլ ավելացնել ու գնել բնակարան, իսկ եթե ավելի էժան բնակարան ես գնում, ապա մնացած գումարը մնում է քեզ»,- ասում է նա: Քաղաքաշինության նախարարության տվյալներով` մինչ օրս քաղաքացիներին հատկացվել է 14920 ԲԳՎ և 13347-ը վերցրել են ԲԳՎ-ները: Բաղդասար Մհերյանը ԲԳՎ-ներից հրաժարման մի քանի պատճառ է տեսնում. «ԲԳՎ-ն փող է, որը մտնում է անշարժ գույքի շուկա, բնականաբար, երբ կապիտալ է հայտնվում շուկայում, պահանջարկ է լինում, առաջարկի գինը սկսում է  բարձրանալ, բացի այդ` մեկը սերտիֆիկատը ստանալով գործը վաղվան չի թողնում, փնտրում, գտնում է բնակարան, մյուսն էլ վերջին պահին է ուշքի գալիս, չի գտնում իրեն հարմար բնակարանը, այսինքն` ժամկետների մեջ չի տեղավորվում»: Սակայն Քասախի համայնքապետ Արայիկ Մկրտչյանը ևս հաստատում է, որ փախստականներն իրենց առաջարկվող գումարով չէին կարող ոչ միայն Քասախում, այլև Նաիրիի ողջ շրջանում բնակարան գնել, քանի որ գներն իրենց մոտ 2006 թ. շատ ավելի բարձր են եղել: Այս տարի Ճապոնիայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի անվտանգության հիմնադրամը 2.484.900.00 ԱՄՆ դոլար են տրամադրել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համայնքներում «Սոցիալապես կարիքավոր փախստականների, ներքին տեղահանվածների և տեղացի ընտանիքների համար ինքնաբավ կենցաղ» ծրագրի իրականացման համար: «Ծրագիրը կոչված է օգնել բնակչության խոցելի շերտերին նվազեցնել աղքատության մակարդակը, պաշտպանել սեփական կյանքը, միջոցներ ստանալ սեփական գոյությունը ապահովելու համար եւ ապրել արժանապատվության զգացումով»,- ասված է ծրագիրն ազդարարող հաղորդագրության մեջ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է «կարիքավոր ընտանիքներին» սոցիալական բնակարաններ տրամադրել: Բնակարանները տրամադրելու համար վերակառուցվելու է Քասախ գյուղի վաղուց լքված գործարանի երկհարկանի շենքը, որն անմիջապես գտնվում է գաղութի հարևանությամբ: Նախկինում գործարանում  աշխատել են դատապարտյալները: Նախնական տվյալներով` կառուցվելու է մոտ 50 բնակարան: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակից, որը հանդիսանում է ծրագրի համակարգող մարմինը, մեզ տեղեկացրին, որ սա հումանիտար օգնություն է ամենախոցելիներին, սակայն կոնկրետ շահառուները դեռ հայտնի չեն: Միգրացիոն գործակալության Փախստականների հարցերի բաժնի պետ Արա Հարությունյանն էլ մեզ փոխանցեց, որ հնարավոր կլինի ավելի կոնկրետ ինչ-որ բան ասել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի հետ պայմանագիր կունենան, քանի որ դեռեւս հայտնի չէ, թե ով է լինելու բնակարանների բաշխման պատասխանատուն: Ըստ Քասախի համայնքապետ Արայիկ Մկրտչյանի` առաջնահերթ ընտրվելու են այն կարքիավոր ընտքանիքները, որոնք կենցաղային ծանր պայմաններում են ապրում: «Ովքեր իրենց գլխավերևում ծածկ չունեն, ապրում են նկուղներում, տնակներում, կամ էլ գաղութի պատժախուցային հատվածներում, դեռ կատեգորիան ճշտելու խնդիր կա»,- ասում է նա: Համայնքապետը հավաստիացնում է, թե ամեն ինչ անելու է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվող 50 բնակարանների 80 տոկոսը զբաղեցնեն քասախցիները, ընդ որում` դրանց 60 տոկոսը տրվի փախստականներին անժամկետ օգտագործման: Մնացած 20 տոկոսն էլ` Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Փամբակ գյուղերի կարիքավոր ընտանիքներին: Ա. Մկրտչյանն ասում է, որ 1995 թ., երբ իրենց համայնքում քոթեջ-թաղամաս կառուցեցին, այդտեղ տեղավորված կարիքավոր ընտանիքների մոտ 80 տոկոսը Երևանից էին և այլ շրջաններից, այս անգամ էլ թող հակառակը լինի: Ռոզա Ադամյանը մեզ պատմեց, որ մի քանի օր առաջ իրեն համայնքապետարան են կանչել` ներկայացնելու այն բոլոր փախստականների ցուցակները, որոնք իրենց բնակտարածքները չեն սեփականաշնորհել և ուզում են բնակարան ստանալ: Սակայն փախստականներից միայն 28-ը չի սեփականաշնորհել: «Մեզ մոտ մի պահ ասում էին, որ եթե տարածքները չսեփականաշնորհենք, կարող է մեզ դուրս անեն, դրա համար էլ 50 ընտանիքների մոտ կեսը, ովքեր գումար ունեին, սեփականաշնորհեցին իրենց բնակարանները: Ընտանիքներից մի քանիսը հիմա մեզ հետ միասին ուզում են բնակարան ստանալ, սակայն նրանց պատասխանում են, որ դա շատ թանկ կնստի պետության վրա, ունեք արդեն ձեր տարածքը, եթե ուզեք, այդտեղ կարող եք անգամ 4 հարկանի տուն սարքել, այնպես որ շատ փոքր է հավանականությունը, որ նրանց կտան բնակարաններ, բայց ես այդ ընտանիքների անուններն էլ եմ ներկայացրել»,- ասում է տկն Ռոզան: Սումգայիթից եկած 70-ամյա Սվետլաննա Սարգսյանը, ով 2001 թ. ամուսնու մահից հետո մենակ է ապրում, այն մարդկանցից է, ով վախենալով, որ իր ձեռքից այս բնակարանն էլ կխլեն, այն սեփականաշնորհել է և չի մտնում փախստականների ցուցակի մեջ. «Այս սենյակը 110 քառ մ է, բայց ոչ մի հարմարություն չունի. ո'չ զուգարան կա, ո'չ ջուր կա, անընդհատ ստիպված եմ գնալ հարևանների տնից բերել, ամոթ է, չէ, ինչքան կարելի ա, մեկ-մեկ հասնում եմ Քասախի մյուս ծայրը, այնտեղից եմ ջուր բերում,  ես մեծ կին եմ, ինչքան կարող եմ այսպես ապրել, մի փոքրիկ վերանորոգում եմ արել, բայց կոյուղու խողովակները պայթած են, անընդհատ վերևից առաստաղը թրջվում է, ասում եմ` ինձ մի փոքրիկ սենյակ տվեք, որ հարմարություններ ունենա, գոնե 5 տարի նորմալ ապրեմ, բայց ինձ ասում են սեփականաշնորհել ես, բնակարան ունես, ապրի»,- ասում է նա: Այս կապակցությամբ Քասախի համայնքապետն ասաց, որ իհարկե առաջնահերթություն կունենան այն ընտանիքները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակտարածքները, բայց ինքը շահագրգռված է, որ մարդիկ, ովքեր չունեն կոմունալ նվազագույն պայմաններ, ընդգրկվեն ծրագրում: Քանի որ վերջնականապես հայտնի չէ, թե ում է տրամադրվելու սոցիալական բնակարան, Արայիկ Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ համայնքի զարգացման քառամյա ծրագրով նախատեսվում է գաղութի 3 հարկանի երկու մասնաշենքերը, որոնք համեմատաբար «բարեկեցիկ» վիճակում են, վերակառուցել և ամրացնել, հարմարեցնել բնակարանային նվազագույն պայմաններին: Նշենք, որ այդ շենքերը վթարային են: Ի դեպ, «Սոցիալապես կարիքավոր փախստականների, ներքին տեղահանվածների և տեղացի ընտանիքների համար ինքնաբավ կենցաղ» ծրագրի շրջանակներում, բացի սոցիալական բնակարանների տրամադրումից, նախատեսվում է նաև  աղքատությունը նվազեցնել` «եկամտաբեր բիզնեսների, ֆերմերային գործունեության և էներգիայի բազմազան ծառայությունների  մատչելիության միջոցով ավելացնելով կարիքավոր ընտանիքների ինքնաբավությունը»: Եկամտաբեր բիզնեսների և էներգիայի բազմազան ծառայությունների մատչելիության մասով ծրագրի իրականացումը դրված է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման միջազգային կազմակերպության (Յունիդո) հայաստանյան գրասենյակի վրա: Գրասենյակի ծրագրերի պատասխանատու Անահիտ Սիմոնյանի խոսքերով` իրենց մասով ծրագիրը չի վերաբերելու միայն այն մարդկանց, ովքեր ստանալու են սոցիալական բնակարաններ, բայց ներգրավված կլինեն նաեւ փախստականներ, եթե հակված են բիզնեսով զբաղվելու: «Փոքր և միջին բիզնեսի մասով կներդրվի պտտվող ֆոնդի գաղափարը, և հիմնական նպատակը կլինի սկսնակ բիզնեսներին աջակցելը,  հետաքրքրված 200 հոգու հետ կարվեն թրեյնինգներ և կընտրվեն 100 հոգի` իրենց ներկայացրած բիզնես պլանների հիմման վրա, բայց, իհարկե, ամենաաղքատներին չենք տա, քանի որ աղքատները բիզնեսի այնքան էլ պատրաստ չեն»,- ասաց գրասենյակի ծրագրերի պատասխանատուն: Իսկ էներգիայի բազմազան աղբյուրների մատչելիության առումով, ըստ Ա. Սիմոնյանի, պետք է ուսումնասիրել և տեսնել` արդյոք կա պոտենցիալ այդ երեք գյուղերում բիոգազի արտադրության համար: Դա դիտարկվում է այդ ընտանիքների կարիքները հոգալու` էներգիայի լրացուցիչ աղբյուր: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայկական գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը մեզ ասաց, որ գյուղատնտեսական ծրագրերում առաջնահերթ ընդգրկվելու են Քասախի փախստականները, սակայն ծրագիրը նրանցով չի սահմանափակվելու: «Հնարավոր է` լինի նոր սորտի կաթնատու կովերի տրամադրում, սերմացուի, գյուղատնտեսական մեքենաների տրամադրում, դեռ վերջնական որոշված չէ, ծրագրի գաղափարը դեռ 2 տարի առաջ է ներկայացվել, հիմա կարող է փոփոխությունների կարիք լինի»,- ասաց Ն. Սահակյանը: Ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի այս տարվա ապրիլի 1-ին և կտեւի 2 տարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter