HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետին մեղադրում են պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Վանաձորցի Ֆրիդա Պապիկյանը Լոռու մարզի դատախազին ուղղված դիմումով խնդրել է քրեական գործ հարուցել Վանաձորի քաղաքապետի դեմ` մեղադրելով նրան անօրինական որոշում կայացնելու մեջ: 61-ամյա կինը կարծում է, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանը կեղծ փաստաթղթերի հիման վրա եղբորը զրկել է իր բնակարանը սեփականաշնորհելու իրավունքից:

«Վանաձորի քաղաքապետը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով արգելված արարք` պաշտոնեական կեղծիք»,- դատախազին հասցեագրած հաղորդման մեջ նշում է եղբոր շահերը պաշտպանող կինը: «Խախտվել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 1992 թ. մարտի 20-ի արձանագրության առաջին հոդվածը` սեփականության իրավունքը»,- ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը: Կազմակերպությունն օգնել է Պապիկյաններին` վերականգնելու սեփականության խախտված իրավունքը: Ֆրիդա Պապիկյանի եղբայրը` Ռաֆայել Պապիկյանը, Հայաստանում չէ, ուստի քրոջը լիազորել է պաշտպանել իր շահերը եւ վերականգնել բնակարանի նկատմամբ սեփականության իր իրավունքը: «1994 թ.-ից գնացել է Ռուսաստան` աշխատելու, գնաց ու իր ետեւից կինը տունը ձեռքից խլեց»,- բողոքում է Ֆրիդան: Նա դատական տարբեր ատյաններում փորձել է օգնել եղբորը: Մի դեպքում Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում բավարարվել է նրա հայցը, մյուս դեպքում ՀՀ վերաքննիչ ատյանում`մերժվել: Այժմ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում: Մինչ դատարանը կորոշի` ով է սխալ` Ֆրիդան ու նրա եղբայրը, թե եղբոր կինը` Տատյանա Սչաստլիվցեւան ու Վանաձորի քաղաքապետարանը, Ֆրիդան շարունակում է դիմել հնարավոր բոլոր ատյաններ` եղբոր իրավունքները վերականգնելու համար: Ընտանեկան այս խնդրի ծագման պատճառը Ֆրիդա Պապիկյանը համարում է եղբոր կնոջ նեղ անձնական կապերը: «Բնակարանի նախկին 3 տերերը` Ռաֆայելը, նրանց որդին եւ Տատյանայի մայրը, այլեւս տան տերեր չեն: Տատյանայի մայրը մահացել է, իսկ ամուսինն ու տղան հանրապետությունում չգտնվելու պատճառով զրկվել են բնակարանը սեփականաշնորհելու իրավունքից»,- պատմում է Ֆրիդան: Վանաձորի քաղաքապետն իր 2006 թ. որոշմամբ բնակարանը սեփականաշնորհել է ընտանիքի կնոջ` Սչաստլիվցեւայի անվամբ: «Փաստաթղթերը ներկայացրել է Սչաստլիվցեւան՝ 2006 թ.: Ներկայացրել է մոր մահվան վկայականը եւ համատիրությունից տեղեկանք`Ռաֆայել ու Կարեն Պապիկյաններին հաշվառումից դուրս գրելու մասին»,-Վանաձորի քաղաքապետի որոշումն է պարզաբանում քաղաքապետարանի բնակարանային ֆոնդի բաժնի պետ Արա Մայիլյանը: Դեռեւս 12 տարի առաջ` 1997 թ.-ին, Ռաֆայելի կինը բնակարանը սեփականաշնորհելու համար դիմում է քաղաքապետարան: Ռաֆայել Պապիկյանը, համաձայն բնակարանի օրդերի, համարվում էր երեք սենյականոց բնակարանի վարձակալ: Նրան պատկանող բնակելի տարածության օրդերը ներկայացնելով քաղաքապետարան` կինը միաժամանակ ամուսնու անվամբ բնակտարածության սեփականաշնորհման մասին դիմում է հանձնում: Քաղաքապետարանը դիմումն ընդունում է առանց դիմումատուի ներկայության ու ստորագրության: Դիմումում նշված է, որ վարձակալը եւ նրա որդին բացակայում են հանրապետությունից եւ վարձակալը`Ռաֆայել Պապիկյանը, համաձայն է, որ բնակարանը ձեւակերպվի կնոջ` Տատյանայի անվամբ: Չնայած նշված համաձայնությանը` ամուսինը դիմումը չի ստորագրել, քանի որ հանրապետությունում չէր: Այս պատճառով Վանաձորի քաղաքապետարանը դադարեցրել է բնակարանի սեփականաշնորհման գործընթացը, իսկ այդ ընթացքում Տատյանան բնակարանի նկատմամբ միակ սեփականատեր դառնալու համար ամուսնուն անհայտ բացակայող է ճանաչել: «Ես էլ դատարանում վկայություն տվեցի, որ իմ եղբոր գտնվելու վայրը հայտնի է` դատավորին ցույց տալով եղբորս ու նրա կնոջ համատեղ նկարները Ռուսաստանում»,-Ֆրիդան ցույց է տալիս մի քանի նկար, որտեղ, նրա ասելով, եղբայրն է, հարսն ու մյուս եղբորորդու կինն ու երեխաները: Ֆրիդան պատմում է, թե 2006 թ.-ի հոկտեմբերին եղբոր մյուս որդին մահանում է Ռուսաստանում: Նրա հուղարկավորության համար հարսը շտապում է ամուսնու մոտ` Ռուսաստան, որտեղ էլ լուսանկարվում են: Չնայած սրան, դատական առաջին ատյանը Ֆրիդայի եղբորը` Ռաֆայելին 2007 թ.-ին ճանաչում է անհայտ բացակայող, որից հետո Տատյանան ամուսնալուծվում է: Սակայն արդեն 2008 թ. հունիսին Վերաքննիչ դատարանը անհիմն է համարում Ռաֆայելին անհայտ բացակայող ճանաչելու մասին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը: Երբ Տատյանան արդեն ամուսնալուծված էր «անհայտ բացակայող» ամուսնուց, Վանաձորի քաղաքապետարան է ներկայացնում ամուսնուն եւ որդուն բնակարանի հաշվառումից դուրս գրելու մասին տեղեկանքը: «Բազում» համատիրության նախագահ Արայիկ Չոբանյանի 2006 թ. տրամադրած տեղեկանքի համաձայն` հայր եւ որդի դեռեւս 1997 թ.-ին Ռուսաստանում հաշվառվելու համար դուրս են եկել Վանաձորի հաշվառումից: Վանաձորի քաղաքապետարանը 12 տարի առաջ  ներկայացված դիմումն ու համատիրության տեղեկանքը հիմք ընդունելով` բնակարանը սեփականաշնորհում է Տատյանա Սչաստլիվցեւայի անվամբ: Դրանից հետո Ռաֆայելի քույրը` Ֆրիդան, որոշումը վիճարկում է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան` համոզված լինելով, որ խախտվել է «ՀՀ-ում պետական, հանրային եւ համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքը: Համաձայն օրենքի` պետական, հանրային եւ համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումի հիման վրա: Քանի որ Ռաֆայել Պապիկյանը բացակայել է հանրապետությունից եւ դիմում չի ներկայացրել, քաղաքապետարանն իրավունք չուներ նրա բնակարանը սեփականաշնորհել անգամ կնոջ դիմումով: «Սչաստլիվցեւան բնակարանի վարձակալ չի ճանաչվել, նրա հետ վարձակալության պայմանագիր չի կնքվել, եւ նա չի դիմել այն սեփականաշնորհելու համար»,- ասված է դատարանի վճռում: Համաձայն դատարանի վճռի` Վանաձորի քաղաքապետը խախտել է եւս մեկ` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջները` անհավասար մոտեցում է ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ: Ըստ դրա` քաղաքապետարանը մի դեպքում ընթացք չտալով վարձակալի դիմումին, մյուս դեպքում` հիմք ընդունելով նույն դիմումը միայն վարձակալի ընտանիքի անդամի` կնոջ համար, որոշել է ընթացք տալ դրան: Միեւնույն ժամանակ, առաջին ատյանի դատարանը գտել է, որ «Հաշվառումից դուրս գրվելն այդ պահին գործող բնակարանային օրենսդրության համաձայն չի առաջացնում բնակարանում բնակտարածության օգտագործման իրավունքի կամ ընտանիքի անդամ հանդիսանալու մեխանիկական դադարեցում»: Վճռի հետ չհամաձայնելով` Տատյանա Սչաստլիվցեւան այն բողոքարկում է Վերաքննիչ դատարան: Դատարանը գտնելով, որ Վանաձորի քաղաքապետի կայացրած որոշումը համապատասխանում է օրենքներին, այն կրկին ուղղարկում է քննության: Այս դեպքում առաջին ատյանի դատարանը մերժում է Ֆրիդայի հայցը: Վերջինիս բողոքի հիման վրա գործը կրկին գտնվում է Վերաքննիչ դատարանի վարույթում: Այս խնդրի օրինականությունը ներկայումս քննում է Լոռու մարզի դատախազությունը, որտեղ Ֆրիդա Պապիկյանի դիմումի հիման վրա մարտ ամսվա սկզբին արդեն քրեական գործ է հարուցվել ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter