Արդեն մեկ ամիս Ախուրիկ համայնքը ղեկավար չունի
«Գնացողի հետեւից կամ լավ, կամ ոչինչ»,- այդպիսին էր տպավորությունը ախուրիկցիներից, երբ փորձում էինք պարզել, թե ինչու է հանկարծակի ընտանիքով գյուղից հեռացել երկար տարիների համայնքապետ Դրաստամատ Բադեյանը: «Դե, հիվանդության պատճառով, ձեզ մարզպետարանում չեն ասել, Բադեյանի դիմումի մեջ էդպես էր գրած»,- զգուշորեն հետաքրքրվեց համայնքային ծառայող Համբարձում Ավետիսյանը, ով, այսպես ասած, ժամանակավորապես «տիրություն» էր անում գյուղին` մինչեւ համայնքապետի պաշտոնակատար նշանակելը:
2009 թ.-ի մարտի սկզբներին Ախուրիկի համայնքապետ Դրաստամատ Բադեյանը (նա գյուղը ղեկավարում էր 1996 թ.-ից) պաշտոնից ինքնակամ հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետարանի տարածքային բաժին, որը, սակայն, մերժվել էր ավագանու համապատասխան որոշման բացակայության պատճառով: Մի քանի օրից դիմումը, որտեղ հրաժարումը պատճառաբանվում էր հիվանդությամբ, ու նրան կից ավագանու համապատասխան որոշումը հանձնվում են մարզպետարանի տարածքային բաժին: Երբ տարածքային բաժնի պետ Կառլեն Աբրահամյանը փորձում է զրույցի հրավիրել Բադեյանին, պարզվում է` վերջինս արդեն ընտանիքով լքել է գյուղը:
Մեզ չհաջողվեց տեսնել ավագանու որոշման արձանագրությունը, քանզի գյուղ այցելության պահին համայնքապետարանը փակ էր: Կառլեն Աբրահամյանը, իմանալով այդ մասին, ամենեւին էլ չզարմացավ` ասելով, թե Բադեյանի եղած ժամանակ էլ համայնքապետարանը բաց չի եղել: «Բադեյանը, ճիշտն ասած, գրել էր, որ առողջական վատ վիճակը թույլ չի տալիս լիարժեք կատարել համայնքապետի պարտականությունները, սակայն այստեղից-այնտեղից մեզ խոսակցություններ են հասել, որ նա մեծ գումարներ է պարտք ինչ-որ մարդկանց ու դրա համար է հեռացել գյուղից»,- պարզաբանեց մարզպետարանի տարածքային վարչության պետը: Վերջինս տեղեկացրեց, որ հրաժարականի դիմումն ուղարկել են Կառավարություն եւ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, պատասխանը կտրվի: Դրանից հետո այդ համայնքում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեն, որից հետո համայնքապետի ընտրություններ կնշանակեն:
Կառլեն Աբրահամյանի հավաստմամբ` Դ. Բադեյանը չի փայլել համայնքապետի իր գործունեությամբ եւ տարին ամփոփելիս, հիմնականում, հայտնվել է վատ աշխատող համայնքապետերի ցուցակում: Մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի տրամադրած տվյալները նույնպես հաստատում են այդ փաստը: 2007 թ. Ախուրիկում հողի հարկի հավաքագրումը կազմել է 57,9 %, գույքահարկը` 49,9 %, սեփական եկամուտների գծով հավաքագրումը կազմել է 41 %: Առավել անմխիթար են 2008 թ.-ին գրանցված ցուցանիշները. հողի հարկ` 28,5 %, գույքահարկ` 40,8 %, սեփական եկամուտներ` ընդամենը 17,3 %:
«Համայնքապետի աշխատանքը գնահատվում է ըստ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների, սակայն 2008 թ. ցածր արդյունքները Բադեյանին ամենեւին էլ չէին խանգարել, որ վերընտրվի, գուցե դա ընտրողներին էլ է ձեռնտու»,- ասում է Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Հովսեփ Սիմոնյանը: Պրն Սիմոնյանի դիտարկումով, նմանատիպ համայնքապետերն ընտրվում են հենց միայն նրա համար, որ հարկեր չեն հավաքում: «Տեսեք, նույն Ախուրիկի օրինակով, էս անցած երկու ամսվա համար համայնքապետը 307 հազար դրամի հողի հարկ պիտի գանձեր, այնինչ ընդամենը 16 հազար դրամ է հավաքել, որն էլ անում է 4,4 %: Հիմի էլ հրաժարականի դիմում է տվել: Եթե իմ կարծիքն եք հարցնում, Բադեյանը 2008 թ. ՏԻՄ ընտրություններին ընդհանրապես չպիտի մասնակցեր»:
Ախուրիկը ո'չ մանկապարտեզ ունի, ո'չ էլ` համայնքային ենթակայության որեւէ այլ կառույց, որի պահպանման համար հարկ կլիներ գումարներ ծախսել: Վագոն-տնակում տեղավորված գրադարանն էլ սպասարկում է մեկ աշխատող, ում ամսեկան 30 հազար դրամը եւս դժվարանում են վճարել: Գյուղում զարգացման գրեթե ոչ մի ծրագիր չի իրականացվել: Ախուրիկն անգամ համայնքապետարանի տիպային շենք չունի: Որպես համայնքապետարան ծառայում է գյուղի կենտրոնում տեղակայված փայտաշեն, մի հարկանի տնակը, որի վրա այդ մասին հուշող ցուցանակ չկա:
Հովսեփ Սիմոնյանի կարծիքով` 1200 բնակիչ ունեցող եւ սեփական եկամուտների հավաքագրման գծով խիստ կաղացող գյուղին 5 համայնքային ծառայողը շատ-շատ է: Համայնքապետարանն ունի 9 աշխատող, այն դեպքում, երբ իրենք բազմիցս առաջարկել են կրճատել թիվը` հասցնելով 5-ի: Ամեն ամիս համայնքային բյուջեից 431 հազար դրամ աշխատավարձ պիտի վճարվի, որը, կարելի է ասել, անտեղի է: Մանավանդ որ Ախուրիկի արդեն նախկին համայնքապետ Դրաստամատ Բադեյանն աշխատավարձերի կուտակած պարտքեր ունի դեռ 1996 թ.-ից: Մարզպետարանի ֆինանսատնտեսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Սիմոնյանից տեղեկացանք, որ Ախուրիկի համայնքապետարանի աշխատավարձերի պարտքը կազմում է 6 մլն 996,6 դրամ, որից 2 մլն 447,1 հազար դրամը սոցվճարի պատքն է:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ կրճատումների վերաբերյալ մարզպետարանից տրված խորհուրդն Ախուրիկի համայնքապետարանում ի վերջո ընկալել էին եւ անցած տարի կրճատել... հավաքարարի հաստիքը: Համայնքային ծառայող Համբարձում Ավետիսյանից տեղեկացանք, որ 2008 թ. նոյեմբերից համայնքապետարանի հաշվեհամարը կալանքի տակ է, եւ իրենք ոչ մի տեսակի ֆինանսական գործարք չեն կարողանում իրականացնել, բնականաբար, աշխատավարձ էլ չեն ստանում: Համայնքի բյուջեն վերջին անգամ կալանքի տակ է դրվել ոռոգման ջրի վարձերը չմուծելու պատճառով: Ախուրիկցիները հողատարածքները ջրում են պոմպակայանի միջոցով եւ էլէկտրաէներգիայի մեծ պարտք են կուտակել:
Այն, որ Ախուրիկը աղքատ համայնք է, դրա համար էլ հարկերը չեն կարողանում հավաքել, տարածքային բաժնի պետ Կառլեն Աբրահամյանի համար անհասկանալի պատճառաբանություն է: Նա օրինակ է բերում նույն տարածքում, նույն բնակլիմայական պայմաններում գտնվող հարեւան գյուղերի գրանցած ցուցանիշները: «Ախուրիկի կողքին Գետքն է, Երազգավորսն է, Բայանդուրն է, ես չեմ կարծում, թե նրանց համար հատուկ պայմաններ են ստեղծված, ուղղակի մարդիկ աշխատում են եւ միշտ էլ 80-90 % ցուցանիշ են ապահովել սեփական եկամուտների հավաքագրման գծով»:
Կառլեն Աբրահամյանը հույս ունի, որ նոր համայնքապետը Ախուրիկում կկարողանա շատ խնդիրներ լուծել: «Պրակտիկան ցույց է տվել, որ համայնքի ղեկավարի փոփոխությունը միշտ էլ դրական ու շոշափելի տեղաշարժեր է արձանագրել տվյալ համայնքի կյանքում,- փաստում է Կառլեն Աբրահամյանը,- Կարմրավան համայնքը քեզ օրինակ. պարտքերի չափն էլ արդեն չեմ հիշում: Նախկին համայնքապետը 20 մլն-ի պարտք էր կուտակել, 2-3 տարում նոր ընտրված համայանքապետը գրեթե փակել է այդ գումարները եւ հիմա հնարավորություն ունի ծրագրերի մասնակցել, աշխատավարձ է տալիս ժամանակին, սոցվճարների հետ կապված խնդիրներ չունի: Հույս ունենք, որ Ախուրիկում էլ համայնքապետի առաջիկա ընտրությունները գյուղի օգտին կլինեն»:
2007 եւ 2008 թթ.-ին Ախուրիկում Շիրակի մարզպետարանը ստուգումներ չի իրականացրել: Ախուրիկն ընդգրկված էր 2009 թ. ստուգման ենթակա համայնքների ցանկում: «Արդյոք համայնքապետը որեւէ չարաշահում թույլ չի տվել, որն էլ հապճեպ հեռանալու, այն էլ` գերդաստանով, հիմք ծառայեր» մեր հարցին մարզպետարանում ժխտողական պատասխան տվեցին` պատճառաբանելով, թե հարկերը շատ էր հավաքում, որ մի բան էլ յուրացներ: Ամեն դեպքում ֆինանսատնտեսական ստուգումներ իրականացվելու են, որն էլ կպարզի` համայնքային բյուջեից յուրացումներ եղել են, թե` ոչ:
«Բարոյական կլիներ, եթե Դ. Բադեյանն իր դիմումում գրեր, որ հեռանում է, որովհետեւ չի կարողանում այլեւս աշխատել, ոչ թե ինչ-որ հիվանդություն մեջտեղ բերեր»,- ասում է Կառլեն Աբրահամյանը: Ապա ավելացնում է, որ բադեյաններ էլի ունեն մարզում, որոնց խորհուրդ կտային նույն կերպ վարվել: «Ցավոք, կան համայնքի ղեկավարներ, ովքեր հրաշալի հասկանալով, որ չեն կարողանում աշխատել, միաժամանակ շարունակում են կառչած մնալ աթոռներից: Իմ կարծիքով, ավագանու չկայացած ինստիտուտն էլ է մեղավոր այս հարցում, նաեւ մարդկանց սեփական իրավունքների ու պարտականությունների վատ իմացությունը»,- ասում է Շիրակի մարզպետարանի տարածքային բաժնի պետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել