HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծը «Գրանդ Քենդիում» ընդունված է...

168-jamԿիրակի օրը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Գրանդ Քենդի» ընկերության պահակային ծառայության պետ Սամվել Բալասանյանը: Ինչպես պարզվել է ավելի ուշ, շաբաթ օրը գործարանում նրան ծեծի է ենթարկել իր տեղակալը` ընկերության տնօրեն Արմեն Բաբայանի հետ միասին: «Ասեցին, թե գնում ենք պահեստային մաս տարածքը ստուգելու համար, բայց հենց տեղ հասանք, սկսեցին ինձ ծեծել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Բալասանյանը: վերջինս պատմել է, որ իրեն ծեծի ենթարկելու ողջ ընթացքին հետեւել է ՀՅԴ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Կարնեն Վարդանյանը` վերջերս նախագահի կողմից ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչմանն արժանացած ու հեռուստաէկրաններից որպես մանուկների մեծ սիրահար ներկայացող Հրանտ Վարդանյանի կրտսեր որդին: Ի դեպ, կրտսեր Վարդանյանը վերջերս ուշադրության էր արժանացել իր եւս մեկ «նախասիրությամբ», երբ 9-ը թվեր պարունակող ավտոմեքենայի պետհամարանիշի համար վճարել էր շուրջ 140 հազար դոլար: Բալասանյանի պատմելով` իրեն նախ մեղադրել են այն բանի համար, թե իբր ցանկացել է Վարդանյանների «ընտանիքի վրա թուղթուգիր անել տալ»: «Ինձ ասեցին, թե ուզեցել ես մեր առողջությանը վնաս պատճառել: Իբր թե լսող սարքեր են տեղադրել իմ սենյակում ու այդպիսով իմացել են, որ ես թուղթուգիր եմ ուզում անել տալ վարդանյանների փոքր տղայի` Կարենի վրա»,- պամում է Բալասանյանը: Նրա սենյակում եղել է «Դե ֆակտո» ամսագրի այն համարը, որտեղ պատկերված է եղել անցյալ տարի ամուսնացած Կ. վարդանյանն իր հարսնացուի հետ: Ու, ըստ Վարդանյանների, իբր Բալասանյանն այդ ամսագիրը ցանկացել է փոխանցել «թուղթուգիր անող» մի կնոջ: «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը դեպքի առթիվ մեր հարցը լսելուն պես անմիջապես սկսեց պատմել, որ Ս. Բալասանյանը փորձել է իր աշխատասենյակում բռնաբարել աշխատողներից մեկին, տեղակալն էլ, կնոջ բղավոցի աղմուկը լսելով, ներս է մտել ու ապտակել է նրան: «Նրանց են միացել այլ պահակներ: Տուսովկա է եղել»,- ասում է Հ. Վարդանյանը: Ըստ նրա` Ս. Բալասանյանը մինչ այդ փորձել է բռնաբարել նաեւ այլ կանանց: Հ. Վարդանյանի խոսքերով` իրենք նախ Բալասանյանին զգուշացրել են: «Եթե ուզում ես, որ գործն անպատիժ մնա, երկուշաբթի արի, գրի, թե ինչ ես արել, փասափուսեդ հավաքի ու ռադդ քաշի: մենք կմտածենք, թե ինչ կանենք` կտա՞նք օրգաններին, թե՞ ոչ»,- Բալասանյանին տրված զգուշացումն այսպես փոխանցեց Հ. Վարդանյանը: «Սուտ է, բացարձակ սուտ է. նման բան չի եղել»,- Հ. վարդանյանի պատմածը հերքում է Ս. Բալասանյանը: Նրա համոզմամբ` «Կարեն Վարդանյանին օգտագործել են, սխալ ինֆորմացիա են տվել իմ մասին եւ ինքն էլ մինչեւ վերջ չհասկանալով` ինձ ծեծել է տվել»: Բուժող բժիշկ Էդգար Գեւորգյանի փոխանցմամբ` նախնական տվյալներով` Ս. Բալասանյանն գլխուղեղի ցնցում է ստացել, կոտրվել է 9-րդ կողոսկրը, կրծքավանդակի ու աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ ունի եւ առայժմ պետք է մնա բժիշկների հսկողության տակ: «Ապտակից», այնուամենայնիվ, աշխարհում դեռեւս ոչ ոք սալջարդ եւ կողոսկրի կոտրվածք չի ստացել: Երեկ Ս. բալասանյանին են այցելել նաեւ Շենգավիթի ոստիկանության աշխատակիցները: Տուժողը, սակայն, դատական փորձաքննության դռեւս չի ենթարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter