ԱՄՆ դիվանագետների այցը Ախալքալաք
Մարտի 26-ին պաշտոնական այցով Ախալքալաք էին ժամանել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան խորհրդականի պետի տեղակալ Քենթ Դ. Լոգսդոնը, քաղաքական գծով աշխատակից Ջոի Դևիս-Քիշները, քաղաքական օգնական Մակո Չոքոբերիձեն և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական գծով պաշտոնյա Դանիել Մ. Ռեննան:
«Ա-ինֆո» լրատվական գործակալության տվյալներով, հյուրերը հանդիպել են Ախալքալաքի շրջանային վարչության (մունիցիպալիտետ) աշխատակիցների հետ, քննարկել տեղում առկա իրավիճակը, լսել նրանց տեսակետներն ու մեկնաբանությունները, Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, տվյալ դեպքում` հայերին հուզող խնդիրների մասին:
Մարտի 27-ին ժամանած հյուրերը հանդիպել են նաև «Ա-ինֆո» լրատվական կենտրոնի և «Քաղաքացիական զարգացման կենտրոնի» ղեկավարների հետ:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» լրատվական կենտրոնի տնօրեն Արտակ Գաբրիելյանը, հյուրերին տեղեկացնելով լրատվամիջոցի հիմնադրման և գործունեության էական սկզբունքների մասին` և որ Ա-ինֆո միությունը մաս է կազմում Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդին, իրենց կողմից մինչ օրս կատարված ամենահաջողակ քայլերից մեկը համարեց 2007 թվականին «Վրաստանի Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլի տարածաշրջանների հայ բնակչության կացությունը և Վրաստանի պարտավորություններն ու պարտականությունները Եվրոպայի Խորհրդի առաջ» վերնագրով հուշագրի ստեղծումը:
Անդրադառնալով կրթության բնագավառում առկա որոշ անհետաձգելի խնդիրների առկայությանն ու դրանց կարգավորման ուղիների որոնմանը` Ա. Գաբրիելյանը նախ` տեղեկացրել հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ չտրամադրելու խնդրի, տեղի դպրոցներում որակյալ մասնագետների բացակայությանը, հայ-վրացական համատեղ պետական համալսարանի ստեղծման առաջարկի, տեղական ինքնակառավարման մարմինների դերի իսպառ բացակայության, տարածաշրջանում թուրք մեսխերի վերաբնակեցման և այլնի մասին:
Ի դեպ, ինչ վերաբերում է հայ-վրացական պետական համալսարանի հիմնմանը, պարզվում է` այս առաջարկով վերոնշյալ խորհրդի անդամները, համապատասխան նամակով դիմել են Վրաստանի և ՀՀ-ի Կրթության և Գիտության նախարարություններին, բայց ասվածի առնչությամբ, վրացական կողմն առաջարկել է մասնավոր և ոչ թե պետական կառույց ստեղծել, իսկ ՀՀ-ի կողմից դեռ պատասխան չեն ստացել: Ա. Գաբրիելյանի խոսքերով, սա, իրոք, շահավետ տարբերակ կլիներ ոչ միայն տեղաբնակների` այլև վրացական կողմի համար, քանզի տեղաբնակները հնարավորություն կունենային հայերենով ընդունելության քննություններ հանձնել, բայց և բուհն ավարտել վրացերենի իմացությամբ, և սա իսկապես հնարավորություն կտա ազգային փոքրամասնություններին` տվյալ դեպքում հայերին ինտեգրվելու վրաց հասարակությանը:
Ներկաներին հետաքրքրել է այն, որ Քութաիսիում գործող Զ. Ժվանիայի անվան բարձրագույն դպրոց հաճախող շատ ջավախահայեր այսօր վրացերենին գործնականորեն տիրապետում են, այս դեպքում ինչու չշարունակել դիմել նույն կամ նման կրթօջախներ: Ա. Գաբրիելյանն, իհարկե, համաձայնեց հիշյալ դպրոցի որակյալ կադրերի պատրաստման հետ, բայց և նկատեց, որ այլ վայրերում` նույն Քութաիսիում, Թբիլիսիում բարձրագույն կրթություն ստանալն ու վրացերեն ուսումնասիրելը, ցավոք, սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ գտնվող ջավախահայերի զգալի մասին հասանելի չէ, իսկ եթե բարձրագույն ուսումնական հաստատություն գործի հենց տարածաշրջանում, այս դեպքում վրացերենի իմացության տոկոսն ու արդյունքն ավելի բարձր կլինի և տեղի երիտասարդությունը բարձրագույն կրթություն կստանա հենց «տան շեմին»:
Ա. Գաբրիելյանն իր խոսքում հիշատակել է նաև Ախալքալաքում տարիներ առաջ հիմնադրված Թբիլիսիի /Իվանե Ջավախաշվիլու/ անվան պետական համալսարանի մասնաճյուղի ստեղծման մասին, սակայն ցավով արձանագրել է վրացական կառավարության կողմից նույն բուհի փակման փաստը` նշելով, որ մինչև օրս իրենք տեղյակ չեն նման որոշման բուն պատճառների մասին:
Արտակ Գաբրիելյանի կարծիքով, այլ վայրերում կրթություն ստացող շատ ու շատ երիտասարդներ, հարմարվելով միջավայրին, այլևս հայրենիք չեն վերադառնում, ինչով և նպաստում են` առանց այն էլ զգալի չափերի հասած ջավախահայերի արտագաղթին: Ահա թե ինչու հայ-վրացական համատեղ համալսարանի բացումը հնարավորություն կտար գոնե որոշակիորեն լուծել այս խնդիրները:
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման խնդիրներին Ա. Գաբրիելյանը նշել է, որ այսօր ընդհանրապես չի նկատվում տեղական ինքնակառավարման մարմինների դերը շրջաններում, և օրինակ բերել Ախալքալաքի շրջանի մունիցիպալիտետի ժողովի դեռևս 2007թ.-ի հունիս ամսվա ընդունած /հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելու/ որոշումը մինչ այսօր մնացել է թղթի վրա: Նա ասաց, որ տարածաշրջանում ցանկացած պետական հիմնարկ ղեկավարվում է կենտրոնական ուժային կառույցների կողմից:
«Ա-ինֆոյի» տնօրենը նաև կարևորել էց տեղի դպրոցներում ուսուցանող որակյալ մանկավարժների պատրաստման հարցը, բայց և նշել, որ պետությունն այնքան է տարված ջավախահայերի «ինտեգրման» ու վրացերենի ուսուցման խնդրով, որ ակամայից այլևս բարձիթողի է ենթարկել նման կարգի կարևոր հարցերը:
«Քաղաքացիական զարգացման կենտրոնի» տնօրեն Անահիտ Ժամկոչյանն իր ելույթում անդրադառնալով` հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալուն, նշել է, որ մի շրջանում, որի բնակչության մոտ 97 %–ը հայեր են, շատ հարցեր, ինչպես օրինակ` գործավարությունը, դատավարությունը, կարելի է լուծել հայերենի օգնությամբ: Ըստ նրա, սա պետք է իրականացվի նրա համար, որ տեղի բնակչությանն առավել մատչելի ու հասկանալի է հենց իրենց մայրենի լեզուն, ինչու չէ նաև, որ պաշտպանվեն ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Տարածաշրջանում աշխատատեղերի բացակայության խնդիրը, մասնավորապես` տարբեր բուհեր ավարտող շատ երիտասարդների անաշխատանք մնալու հանգամանքը հետաքրքրեց հյուրերին, ինչի վերաբերյալ Ա. Գաբրիելյանը նշեց, որ շատ դեպքերում նույնիսկ աշխատանք տրամադրելու գործում ևս գոյություն ունի ազգային խտրականություն, և որպես օրինակ բերեց, հայաբնակ տարածաշրջանի ոստիկանության համակարգում մոտ 60% ազգությամբ վրացի աշխատակիցներին: Եվ վրացերենի չիմացության խնդիրն էլ ավելացրած, կարելի է իրապես նկատել, որ տեղի պետական մարմիններում նորմալ աշխատանք գտնելու հավանականություն գրեթե չկա:
Վերադառնալով տեղի հայկական դպրոցների դասընթացների շրջանակներում ուսումնասիրվող դասագրքերին` Ա. Գաբրիելյանն ու Ա. Ժամկոչյանը հայտնեցին, որ բավականին երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունն է անվճար հիմունքով հայերեն դասագրքեր տրամադրել Ջավախքի դպրոցներին: Իսկ այժմ Վրաստանն է երկրում հայերեն հրատարակվող դասագրքեր տրամադրում, բայց դրանք ոչ միայն թանկ գներով են վաճառվում աշակերտներին, այլև` որակապես բարձր մակարդակ չեն ապահովում, խոսքը մասնավորապես վերաբերում է հայ ժողովրդի ոչ ճշգրիտ պատմությանը և հաճախակի հանդիպող տառասխալներին:
«Ա-ինֆոյի» և «Քաղաքացիական զարգացման կենտրոնի» ղեկավարները նաև բարձրաձայնեցին Վրաստանում` հայկական եկեղեցու կարգավիճակ չունենալու, հայկական խաչքարերի և եկեղեցիների ճակատագրի մասին:
Անդրադառնալով տարածաշրջանում անհատ ձեռներեցների կողմից հիմնված աշխատատեղերին, հյուրերը հատկապես հարցուփորձ արեցին վերջերս Նինոծմինդայում ստեղծված «Արամանի» ջինսի գործարանի ներկայիս կարգավիճակի, աշխատողների գոհունակությունների և դժգոհությունների վերաբերյալ:
Ներկաներն իրենց խոսքում նշել են, որ կոնկրետ տվյալ անհատը լինելով ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, խնդիրներ չի ունեցել գործարանի բացման հետ կապված, իսկ ինչ վերաբերում է նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ապա քանի որ նրա անունը շոշափվում էր Նինոծմինդայում մի ժամանակ կառուցվելիք կալանավայրի հետ, ժողովրդի արձագանքը շատ դեպքերում այնքան էլ դրական չէ:
Հյուրերը նշել են, որ Ախալքալաքի շրջանային վարչության նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ իրենք տեղեկացել են, որ նման շինություն այլևս չի կառուցվելու, ինչին Ա. Գաբրիելյանը պատասխանել է, որ դա միայն հնարավոր է եղել իրականացնել այն պատճառով, որ կալանավայրի մերձակայքի շրջակա գյուղերի բնակիչները հատուկ ստորագրահավաք են անցկացրել` իրենց բողոքն արտահայտելով շինության կառուցման վերաբերյալ, ինչպես նաև Սամցխե- Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդն է հանդես եկել մի շարք հայտարարություններով: Ա. Գաբրիելյանը նշել է, որ գործարանի բացման փաստը, որպես աշխատատեղ, հենց սկզբից ուրախալի է եղել տեղի բնակչության համար, սակայն շրջանառվող լուրերի համաձայն գործարանի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել ու այս պատճառով դժգոհություններ կան:
Հանդիպման ընթացքում Ա. Գաբրիելյանը նաև հետաքրքվեց, թե ինչու հայկական տարածաշրջան այցելելով, հյուրերի հետ միասին չի ժամանել նաև թարգմանիչ, որը կտիրապետեր հայերեն և անգլերեն, ոչ թե անգլերեն և ռուսերեն լեզուներին: Հյուրերը պատասխանել են, որ իրենք տարբեր ազգային փոքրամասնությունների հետ են հանդիպում` ադրբեջանցի, օս, և բոլորի մայրենի լեզուներով թարգմանիչներ ունենալն այնքան էլ հեշտ չէ:
Հանդիպման ավարտին հյուրերին տրամադրվեց Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների և պարտականությունների կատարման հանձնախմբին ներկայացված «Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի տարածաշրջանների հայ բնակչության կացությունը բարելավելու անհետաձգելիությունը և Վրաստանի պարտավորություններն ու պարտականությունները Եվրոպայի Խորհրդի առաջ» վերտառությամբ հուշագիրը, որում ներառված են տեղի քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և այլ բնագավառերում առկա իրավիճակն ու հիմնախնդիրները և Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի կողմից արված մի շարք հայտարարություններ: Եվ որպես այս խնդիրների լուծման ճանապարհ, հիշյալ հուշագիրը Վրաստանի իշխանություններին առաջարկում է բավականին ամենահեշտ և ամենաճիշտ ճանապարհը` կատարել օրենքով ամրագրված պարտականությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել