Ղարաբաղում շարունակվում է հիպոթեքային վարկավորման ծրագիրը
Ինչպես «Հետք»-ին տեղեկացրեցին Արցախի ներդրումային հիմնադրամում, այս տարվա ընթացքում հիպոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում հիմնադրամ է դիմել 62 հոգի, որոնցից 58-ի տեղեկանքի տվյալները ծրագրի փորձագետների կողմից նախնական դրական եզրակացության են արժանացել: 62 դիմողներից 12-ը ցանկություն ունեն բնակարան գնել(11-ը առաջին գոտում` Ստեփանակերտ, իսկ 1-ը` երկրորդ գոտում` շրջաններ), 6-ը` տուն կառուցել (բոլորն էլ առաջին գոտում), իսկ 44-ն էլ բնակարան վերանորոգել (32-ը` առաջին, իսկ 12-ը` երկրորդ գոտում): Մարտի 15-ի դրությամբ, արդեն վարկ են ստացել 21 հոգի` 5-ը` բնակարանի գնման, , 13-ը`վերանորոգման եւ 3-ը` կառուցման համար:
2008 թվականի սկզբից հիմնադրամը սկսել է բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու, կառուցելու եւ վերանորոգելու համար պետական աջակցության գործընթացը: Այդ նպատակով մարտի 20-ից մինչեւ տարեվերջ հիմնադրամ է դիմել 608 քաղաքացի, որոնցից 541-ի տեղեկանքները ծրագրի փորձագետների կողմից նախնական դրական եզրակացությանն են արժանացել: 2008-ի ընթացքում հիմնադրամի ֆինանսական կոմիտեի կողմից բավարարվել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման աջակցություն ստանալու համար ներկայացված 250 հայտ, այդ թվում` 75 բնակարանի գնման, 158-ը` վերանորոգման, 17--ը` կառուցման նպատակով, մերժվել է 4 հայտ:
Գործակալ բանկերի հետ վարկային պայմանագրեր են կնքել 190 քաղաքացի, որոնցից 55-ը բնակարանի գնման, 124-ը վերանորոգման, 11-ը բնակելի տան կառուցման նպատակով` 1051,12 մլն դրամ ընդհանուր գումարով: 2008թ. գործակալ բանկերի կողմից մերժվել է 15 հայտ, ծրագրի աջակցությունից հրաժարվել են 13 քաղաքացի:
Հայտերի մերժման հիմնական պատճառները քաղաքացիների եկամուտների ցածր մակարդակն է եւ որոշ քաղաքացիների վարկային բացասական պատմությունը:
2008 թվականի ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների (առանձնատների) կառուցման ծրագրի շրջանակում միջոցներ են ձեռնարկվել Ասկերան քաղաքում երկու, Հադրութ քաղաքում մեկ 9 բնակարանոց, Մարտակերտ քաղաքում մեկ 18 բնակարանոց բնակելի շենքերի կառուցման, ինչպես նաեւ Շուշի քաղաքի Նիկոլ Դումանի փողոցում գտնվող թիվ 2, պատերազմի ժամանակ այրված, 64 բնակարանոց բնակելի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման ուղղությամբ:
Հիմնադրամի տարեկան հաշվետվության համաձայն, հիմնադրամը նպատակ ունենալով բարձրացնել Ստեփանակերտ քաղաքի անշարժ գույքի շուկայում բնակարանների առաջարկն ու նպաստել քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավմանը` քաղաքաշինության նախարարության հետ համաֆինանսավորման սկզբունքով, Ստեփանակերտ քաղաքի նախկին Կահույքի ֆաբրիկայի տարածքում կառուցում է բնակելի շենքեր: Այդ նպատակով 2008 թվականին հիմնադրամը ծախսել է 150 մլն դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել