HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիի տպարանը` ճգնաժամի մեջ

Տեղական թերթերը սկսել են տպագրվել մայրաքաղաքում Տնտեսական ճգնաժամի պատճառով Գյումրիում հերթով փակվում են խոշոր խանութները: Արդեն իսկ փակվել է «Արայ» ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը: Հետքի Գյումրիի թղթակցի տեղեկություններով` առաջիկայում կփակվեն նաև «Բեկո» և «Զիգզագ» տեխնիկայի խանութները, սննդի ու հագուստի բազմաթիվ օբյեկտներ հանված են վաճառքի: Այս ամենը նշանակում է, որ նվազել են նաև նաև թերթերի գովազդատուները, ավելին` թերթը որպես ապրանք Գյումրիում գրեթե պահանջարկ չունի: Ժողովրդի գնողունակությունն այնպես է ընկնել, որ որոշ տեղական թերթեր, օրինակ` նորաստեղծ«Հայրաքաղաք» մշակութային շաբաթաթերթը հարկադրված դադարեցրել է իր հրատարակությունը: «Հետքի» հետ զրույցում «Հայրաքաղաքի» հիմնադիր Նիկոլ Գրիգորյանն ասաց, որ պատճառը ոչ միայն տնտեսական ճգնաժամն ու ֆինանսների բացակայությունն է, այլև Գյումրիի տպարանի` թերթեր հրատարակելուց հրաժարվելը: «Մյուս թերթերը կարող են գնալ Երևանում տպվել, բայց ինձ ձեռք չի տալիս, իմ թերթն իր բովանդակությամբ պահանջված չէ, ես չեմ կարող էդ ռիսկին դիմել, իմը նոր ստեղծված կազմակերպություն է: Եթե ժողովրդի գնողունակությունը ցածր է, թուղթը թանկ է, ես մարկետինգի խնդիր ունեմ , ինչ իմաստ ունի ճգնաժամի պայմաններում Երևան հասնելս»,- ասում է Նիկոլ Գրիգորյանը: Մյուս շաբաթաթերթերի հիմնադիրները ևս դժգոհում են Երևան հասնելուց ու մեծ ճանապարհածախսեր անելուց: «Հինգշաբթի» շաբաթաթերթի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանի ասելով` իրենց «սև օրերը» սկսվեցին այն պահից, երբ Գյումրիի տպարանն անցած տարվա մայիս-հունիս ամիսներին Գյումրիից տեղափոխվեց Ախուրյան: Հիշեցնենք, որ տպարանը դռնեդուռ ընկավ Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանի պատճառով. վերջինս տպարանին պատկանող շենքը հատկացրեց ամերիկահայ բարերար Հովհաննես Օյումջյանին, ով տպարանի հարակից թիվ 21 դպրոցը ֆինանսավորելուց հետո որոշել էր ավելացնել վերջինիս տարածքը: «Ես չգիտեմ` տպարանը տեխնիկական, թե ֆինանսական խնդիրներ ուներ, բայց մի բան իմ համար պարզ էր, որ տպարանն իր հաշվարկները սխալ էր կատարում: Մի ամիս թերթը տպագրում էինք, բայց մյուս ամսվանից սկսած` կրախի առջև էինք կանգնում, մեկ էլ տեսար` թուղթ չկար: Անցած տարվա մայիս-հունիս ամիսներից ստիպված եղանք Վանաձորի տպարանում տպվել, նոյեմբերից տեղափոխվեցինք Երևան, իսկ Նոր տարվան դարձյալ օգտվեցինք Գյումրիի տպարանից: Բայց ասեմ, որ էլի անակնկալի եկանք, նախատեսվածից քիչ քանակությամբ թերթ տպագրեցինք` թուղթ չլինելու պատճառով: Ասեմ նաև, որ տպարանը որակյալ չէր տպում թերթը, երբեմն լինում էր, որ հայտարարություններ տվողները բողոքում էին, թե ոչինչ չի հասկացվում, մրոտ է: Նոր տարուց սկսած` ստիպված եղանք ընդմիշտ տեղափոխվել Երևան: Իհարկե, շատ ծախսատար է Երևանում հրատարակվելը, «Գինդը» 7-8 տոկոսով բարձրացրել է գները: Մեկ այլ լուրջ խնդիր էլ ունենք. Երևանից մեր թերթը Գյումրի առաքում է «Պրես ստենդը», հիմա մեկ թերթի տեղափոխության համար պահանջում է տասը դրամ, ստացվում է, որ Երևանից Գյումրի եկող տաքսին տասը հազար դրամ է պահանջում, իսկ «Պրես ստենդը» որոշել է միանգամից հարստանալ` 40000 դրամ փող է պահանջում: Եթե ի նկատի ունենք, որ Գյումրիում խայտառակ վիճակ է, գովազդատուներ գրեթե չեն մնացել, բիզնեսի էս տեսակն իրեն արդեն չի արդարացնում»,- դժգոհում է Արմեն Մարտիրոսյանը: 31-03_e-meghakyan«Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր Եպրաքսիա Մեխակյանն էլ, ով ևս դժգոհ է գովազդների քանակի կտրուկ նվազումից, հավելում է, որ Գյումրիի տպարանը թերթերի համար լուրջ, վստահելի գործընկեր չի կարող լինել: «Նոր տարուց սկսած` մեր տպարանը թղթի խնդիր ունեցավ, միգուցե իր մատակարարը ևս խաբել էր իրեն, թղթի տրամադրումը ձգձգել էր, ես դա չգիտեմ, բայց մենք ստիպված եղանք Երևան տեղափոխվել, այսպիսով Գյումրիի տպարանը կորցրեց իր վստահությունը, մեկ տեսար` թուղթ ունեն, մեկ էլ տեսար` չունեն, այդ պատճառով բոլոր հաճախորդները փախան տպարանից, այլևս սկսեցինք նրանց լուրջ չընդունել: Ընթերցողին ինչ հետաքրքիր է թուղթ լինել-չլինելը, մի շաբաթ տպվենք, մյուս շաբաթ ներողություն խնդրենք, թե տպարանը ի վիճակի չէ: Հիմա տպագրվում ենք «Գինդում», որակը Գյումրիի տպարանի համեմատ արտակարգ է, բայց Գյումրիի համեմատ մայրաքաղաքում թանկ է ինքնարժեքը, չհաշված ճանապարհածախսը, բայց այլ ելք չունենք: Հիմա թե ինչ պայմաններ կապահովի Գյումրիի տպարանը, որ հաճախորդներին ետ վերադարձնի, չեմ պատկերացնում: Իհարկե, հասկանում եմ, որ տպարանի անհաջողությունները սկսվեցին այն պահից, երբ Ռոմիկ Մանուկյանը դուրս վռնդեց տպարանի շենքից, հո համակարգիչ չէր, որ ձեռքները տային, ասեին` գնա, տպարանը միլիարդանոց սարքավորումներ ուներ, ամեն հաստոցը մոտ հիսուն հազար դոլարանոց, որոնք ապամոնտաժելու ու տեղափոխելու համար արտասահմանից մասնագետներ էին անհրաժեշտ: Ճիշտ է, այս պահին տպարանը գրքեր, բրոշյուրներ տպում է, բայց իր կայուն եկամուտը թեթրերից է, որը չկարողացավ ճիշտ օգտագործել: Իսկ մենք խաղալիք չենք, արդեն պայմանագիր ենք կնքել «Գինդ» տպարանի հետ»,- ասում է Եպրաքսիա Մեխակյանը: Տեղեկացնենք, որ Գյումրիի տպարանի սարքավորումները զգուշորեն, անվնաս տեղափոխելու համար մեկ տարի առաջ ստիպված էին եղել քանդել չորսհարկանի կառույցի առաջին և երկրորդ հարկերի պատերը: Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստացանք նաև Գյումրիի տպարանի տնօրեն Սոկրատ Էլբակյանից: Վերջինս նախեւառաջ փոխանցեց, որ իրենց հաջողվել է սարքավորումները անվտանգ Ախուրյան տեղափոխել: Մեր այն հարցին, թե ինչու են տպարանից դժգոհում թերթերի տնօրենները, Ս. Էլբակյանը պատասխանեց. «Տպարանի ճգնաժամը սկսվեց այն պահից, երբ ինձ հարկադրեցին տեղից-տեղ տեղափոխվել, երեք-չորս ամիս ես ստիպված եղա չաշխատել, էդ ընթացքում էլ թերթերը տպագրվեցին Երևանում, այսինքն` ես կորցրեցի իմ հաճախորդներին: Իսկ հիմա, բացի թերթերից, ամեն ինչ տպագրում ենք, գործ կա ձեռքներս, պարապ նստած չենք, պարզապես խնդիրն էն է, որ հիմա էլ համաշխարհային ճգնաժամը տպարանին հանգիստ չի տալիս, 2-3 անգամ կրճատվել է պատվերների քանակը, օրինակի համար ասեմ` եթե մի քանի ամիս առաջ 50000 տպաքանակով ինչ-որ բան էինք տպում, ապա հիմա դարձել է 15-20 000, էնպես որ ճգնաժամը նաև մեր դռներն է թակում, և սա` արդեն երկրորդ անգամ»: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի վտարումից հետո Գյումրիի տպարանը լուրջ պարտքեր ունի և մինչև օրս չի կարողանում ճգնաժամից ելք գտնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter