HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հովհաննես Իգիթյան. «Իշխանության միակ նպատակն այն է, որ մեր պատվիրակությունը ձայնից չզրկվի»

29_01-h_igityanԻսպանիայի Վալենսիա քաղաքում երեկ սկսվել է Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի կատարման ընթացքը: Մոնիտորինգի խումբը որոշել է, որ ԵԽԽՎ բանաձևերի կատարման առումով Հայաստանում կա առաջընթաց: Բայց Հայաստանի հարցը կրկին կքննարկվի ապրիլի վերջին` Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ ԵԽԽՎ պատվիրակության կազմում միակ պատգամավորը, ով չի կեղծել, եղել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննես Իգիթյանը, սակայն հավելեց, որ նա չի ներկայացրել ողջ իրավիճակը, քանի որ դա մեր հասարակության խնդիրն է, և ոչ թե Եվրախորհրդի: Ըստ նրա` Հայաստանի իշխանության միակ նպատակն այն է, որ մեր պատվիրակությունը ձայնից չզրկվի, անկախ նրանից, թե մենք ինչպիսի զեկույցներ կունենանք: «Այն պրոցեսը, որ Հայաստանում կատարվում է իբր թե բանաձևերի հետ կապված, բացահայտ իմիտացիա է, և այն մարդիկ, որոնք ներկայացնում են իշխանությունը Եվրախորհրդում, միայն կեղծում են, և կարծում եմ, որ կարող են այնտեղ Փիլոյանին ուղարկել, Դավիթ Հարությունյանին չուղարկել, քանի որ ամոթ է, Դավիթ Հարությունյանը բացահայտ սուտ է ասում Եվրախորհրդում մնացած իշխանական ներկայացուցիչների հետ միասին»,- ասաց Իգիթյանը: ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ իշխանությունները իրականացրել են իրենց խոստումը` կապված Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածների փոփոխության հետ: «Այն ժամանակ շեշտվեց, որ մենք այդ փոփոխությունների կարիքն ունենք, որ մարդկանց մեղադրանքները փոխենք, քանի որ անկատար են այդ հոդվածները, և մեղադրանքները չեն համապատասխանում այդ արարքներին: Հիմա էլ Դավիթ Հարությունյանը, որպես գործընթացի շարունակություն, ներկայացրեց, որ ահա` օրենքը մտել է ուժի մեջ, բայց դատախազությունն արդեն վերցրել է դա` մեղադրանքը փոխելու համար, սակայն Եվրախորհուրդը սպասում էր, որ այդ փոփոխությունների հետևանքով գործը պետք է կարճվի և մարդիկ պետք է ազատ արձակվեն: Չեմ կարծում, որ այդ նպատակն ունի Դավիթ Հարությունյանը կամ դատախազը»,- ասաց Հ. Իգիթյանը: Հետքի հարցին, թե դեռ ինչքան կտևի «Յոթի գործը», Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Եթե միջազգային ատյանները, հասարակությունը չխանգարեն, նրանք նույնսիկ մեղադրանք չներկայացնելով` կպահեն այնքան ժամանակ, որ բոլոր ընտրությունները լինեն առանց այդ մարդկանց ներկայության, դա արդեն պատիժ է, ոչ թե դատավճիռ իրականացնելու միջոցով են անում, այլ մարդկանց տանում են, բերում են, ծեծում են, տանում են հոգեբուժարան, պատիժ է առաջին հերթին պատգամավորներին, որ այլ պատգամավորներ, որ նրանց նման են մտածում, հանկարծ չմտածեն, որ մի օր կարող են ինչ-որ ծպտուն հանել»,- ասաց նա: Հոհվաննես Իգիթյանը կարծում է, Եվրախորհրդի գնահատականները ճիշտ պետք է լինեն, բայց դրանց չպետք է հետևեն ոստիկանական պատժիչ մեխանիզմներ, քանի որ, ըստ նրա, դա մենք այստեղ էլ կանենք. «Սխալ գնահատականը վտանգավոր է հասարակության համար, քանի որ հասարակությունը տեսնում է, թե ինչ է կատարվում, և եթե հիմա Եվրախորհուրդն ասի, որ Հայաստանում մենք տեսնում ենք ժողովրդավարական մեծ պրոցես, հասարակությունը կարող է ասել` եթե սա է ժողովրդավարությունը, ես չեմ ուզում այն, և հիասթափվի Եվրոպայից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter