HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոռոգման ջրի համար գյուղացիներն իրար են ծեծում, իսկ ՋՕԸ-ի տնօրենը գոհ է, որ գյուղացին ջուր չի ստանում

Արդեն 3 օր է` Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ոռոգման ջրի համար մարդիկ իրար են ծեծում: Ամառվա այս շոգ օրերին, երբ գյուղացին 2-3 օրը մեկ ոռոգում է իր բանջարաբոստանային մշակաբույսերը, ջրային ընկերությունները որոշել են կտրել ամբողջ գյուղի ոռոգման ջուրը:

«Կանալ» կոչվող ջրատարը, որը մի քանի օր առաջ այնքան վարար էր, որ նույնիսկ կարող էր մարդ քշել տանել, արդեն 3 օր է ամբողջությամբ ցամաքել է: Իսկ գյուղի սկզբնամասի այն հատվածներում, որտեղից ջուրը բաժանվում է գյուղացիական տնտեսություններին, ջրի փականները պլոմբված են ու այդ հատվածներում ՋՕԸ-ի աշխատակիցները հերթապահություն են իրականացնում, որպեսզի գյուղացիները փականները չկոտրեն ու ջուր չտանեն: Գյուղացիները «փառք» են տալիս Աստծուն, որ նրանց ձեռքին գոնե հրազեն չկա: Գյուղացու կողմից ջուր տանելն իսպառ բացառելու համար հողային հունով առուներն էլ լցված են մեծ քանակությամբ հողով:

Քանի որ ցերեկով ջուր տանելը գրեթե անհնար է, Աղավնատան հողագործները գիշերով են փորձում ջուր «թռցնել», որ գոնե փրկեն իրենց բերքը: Մութն ընկնելուն պես գյուղի տղամարդիկ բահերն ուսերին շտապում են հողամասեր: Նրանց հետեւից ձեռքի լապտերներով շտապում են նաեւ նրանց կանայք ու երեխաները: Ու մեկ էլ գիշերվա մթության մեջ, հեռվից լսվում է կանանց անեծքի ու տղամարդկանց հայհոյանքների ձայնը: Նրանցից քիչ հեռու ջրի համար բահերով կռիվ են անում երբեմնի լավ հարեւանները. այդպես արդեն 3 օր:

Գյուղացիները կանգնած են փաստի առաջ. իրենց աչքի առաջ չորանում է ապրուստի միջոցը: Եվ այս ամենն արվում է ուսումնական տարվա սկսվելու նախաշեմին, երբ գյուղացու միակ հույսը հողից ստացված բերքը վաճառելն ու այդ գումարով դպրոցահասակ երեխաների կարիքները հոգալն է:

Աղավնատուն եւ հարակից եւս մի քանի այլ գյուղերի ջրամատակարարումն իրականացնում է «Խոյ» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ):

«Խոյի» տնօրեն Սեյրան Սարգսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ շատ հնարավոր է` եւս 3-4 օր Աղավնատան գյուղացիները զրկված լինեն ոռոգման ջրից:

Ըստ Ս. Սարգսյանի` միայն Աղավնատուն գյուղում գյուղացիները ոռոգման ջրի համար ՋՕԸ-ին պարտք են 50 մլն դրամ: Այս պարտքը գոյացել է մի քանի տարվա ընթացքում: Այս տարի էլ գյուղացիների հետ կնքվել է մոտ 28 մլն դրամի պայմանագիր, բայց կարողացել են հավաքել ընդամենը 3.5 մլն դրամի վարձավճար:

«Մինչեւ այդ համայնքը խելքի չգա, պարտքերը չմարի ջուր չի լինելու: 100 տոկոսով մենք ջրամատակարարումն իրականացրել ենք, բայց մարդիկ չեն վճարում: Ամբողջ գյուղում ընդամենը 3 մարդ կա, որ վճարել է ջրի համար ու մենք ջուր ենք տվել նրանց: Ով բերի վճարի, նրան էլ ջուր կտանք, մենք ջրի պռոբլեմ չունենք»,-ասում է Սեյրան Սարգսյանը:

Գագիկ պապը փաստում է, որ ինքը ոռոգման ջրի պարտք չունի, սակայն առուն ցամաքել է եւ ինքը չի կարողանում իր տնամերձ հողամասը ոռոգել: Նա ճակատի քրտինքը սրբելով ցույց էր տալիս լոլիկի չորացած բույսը եւ ասում. «Է՞ս չի կառավարության պահած գյուղացին: Հետո էլ ասում են, թե գյուղատնտեսությունը պիտի զարգացնենք: Ստի հերը շուն դառնա, թե դուք գյուղացու մասին մտածում եք»:

ՋՕԸ-ի տնօրեն Սեյրան Սարգսյանին ամենեւին էլ չի մտահոգում, որ համայնքը ջրազրկելով գյուղացու բերքը կչորանա եւ ընդանրապես չի կարողանա վճարել ջրի պարտքերը:

«Ես վայրկյանում 400-500 լիտր ջուր եմ տալիս: Մարդիկ չեն տալիս փող ի՞նչ անեմ, գնամ հետները բոքս խաղա՞մ: Ասում են չունենք: Թող չտան, ես էլ ջուրը կտրել եմ, գոնե այդպես իմ վրա հասույթ չի կուտակվի, թող բերքն էլ չորանա»,-ավելացրեց Ս. Սարգսյանը:

Մի քանի օրից նույն ճակատագրին արժանանալու են նաեւ եւս մի քանի համայնքներ: Օգոստոսի 16-ին ջրազրկվելու է Ամբերդ, իսկ ամսի 20-ին՝ Դողս գյուղերը:

Դողսի գյուղապետը մինչեւ ամսի 20-ը ժամանակ է խնդրել, որպեսզի այս ընթացքում հասցնեն գումար հայթայթեն, պարտքերը մարեն, որպեսզի գյուղը չզրկվի ոռոգման ջրից:

Սեյրան Սարգսյանն ասում է, որ միայն վերջին 4 օրում Աղավնատուն գյուղում 4.9 մլն դրամի ներդրում է արել: Շարքից դուրս էին եկել տրանսֆորմատորներն ու ագրեգատները, ինչպես նաեւ շարժիչները: Դրանք ամբողջությամբ փոխվել են:

Հարցին, արդյոք ոռոգման ջրի թանկ վարձավճարը չէ պատճառը, որ գյուղացին չի կարողանում ջրի համար վճարել, Սեյրան Սարգսյանը հետեւյալ պատասխանը տվեց.

«Դա իմ գո՞րծն է, կամ նման հարցերի շուրջ մտածելու իրավունք ես ունե՞մ: Ես ապրանք ունեմ, գարնանը գյուղացիների հետ պայմանագիր եմ կնքել, որ ամեն խորանարդի համար պիտի վճարեն 11 դրամ: Ավել փող չեմ ուզում նրանցից: Մեր մոտ ջրի ինքնարժեքը մոտ 26 դրամ է: Բա ես 26 դրամանոց ջուրը 11 դրամով վաճառեմ գյուղացուն ու դրա համար էլ չվճարե՞ն: Թող պետությունն ինձ 1 դրամով ջուրը վաճառի ես էլ այդ գնով վաճառեմ գյուղացուն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter