Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը
ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին ընդառաջ, որտեղ պատասխան պետք է տրվի քաղբանտարկյալների ազատ արձակման հետ կապված խնդրին, վարչախումբը որոշել է բազմազանություն մտցնել իր աշխատաոճում, մասնավորապես, սադրանքների կազմակերպել քաղբանտարկյալների նկատմամբ՝ դիմելով նաեւ քրեական տարրերի օգնությանը: Մարտի 27-ին նման մի սադրանք է կազմակերպվել Արթիկի կալանավայրում պահվող քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանի եւ Հարություն Ուռուտյանի նկատմամբ՝ որպես գործիք օգտագործելով հարեւան բանտախցերից մեկի քրեական հանցագործներին՝ նրանց մեջ կոնֆլիկտ հրահրելով: Ընդ որում վերջիններս մինչ այժմ միայն առանձնակի պատկառանքով են վերաբերել քաղբանտարկյալներին: Իսկ մարտի 31-ին, ժամը 13-15-ի ընթացքում («զբոսանքի» ժամեր), օգտվելով այն հանգամանքից, որ քաղբանտարկյալները բացակայել են խցից, բանտի 6 աշխատողներ, ռեժիմի պետի գլխավորությամբ, ապօրինի խուզարկություն են անցկացրել Պ. Մակեյանի եւ Հ. Ուռուտյանի բանտախցում:
Նկատի ունենալով, որ այսօրինակ դեպքեր մինչ այժմ այս կալանավայրում չեն եղել, պետք է ենթադրել, որ կալանավայրի ադմինիստրացիան նման գործողությունների դիմելու հրահանգ է ստացել իր անմիջական վերադասից՝ կալանավայրերի վարչության պետ Աշոտ Գիզիրյանից: Քաղբանտարկյալների «կյանքը դժվարացնելու» այսօրինակ վարքագիծ վարչախումբը որդեգրել էր նաեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին նախորդող օրերին՝ նպատակ ունենալով հոգեբանական ճնշումների միջոցով նրանցից ներման խնդրագրեր կորզել:
Հայ ազգային կոնգրեսը, դատապարտելով վարչախմբի ճղճիմ վարքագիծը, միաժամանակ պահանջում է, որպեսզի վերոհիշյալ խնդրով անհապաղ զբաղվի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ դատախազությունը սույն հրապարակումն ընդունի որպես հայտարարություն կատարված հանցագործության մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել