
SOS. պոչանքները լցվում են Դեբեդ գետը (վիդեո)
«Հետքը» մի քանի անգամ ահազանգել է, որ ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մերթըլ Փրինս» կորպորացիայի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները գիշերները թափվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ Դեբեդ գետը:
Անցած տարիներին մեզ չէր հաջողվել լուսանկարել, թե ինչպես է կոմբինատը գիշերները պոչանքները լցնում գետը: Տեղանքը լուսավորված չէ, եւ ամենուր թունավոր պոչանքների լճակներ են, անանցանելի ավտոմեքենայի և հետիոտնի համար:
Օգոստոսի 14-ին` ժամը 18-ի սահմաններում, հեռախոսով «Հետքին» կրկին ահազանգեցին պոչանքները լեռնահարստացման ֆաբրիկայից այդ պահին Ախթալա գետակ լցվելու մասին: Երեկոյան ժամը 20:00-ին ականատես եղանք տխուր տեսարանի:
Ներկայումս «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը գտնվում է կալանավայրում, նա մեղադրվում է մանկապղծության մեջ, իսկ ընկերությունը ղեկավարում է նրա կինը` Մադլեն Թաշճյանը:
Թունավոր պոչանքները լցվում են գետը, որի ջրով ոռոգվում են Ախթալայի, Քարկոոփի, Շնողի, Ճոճկանի և Նոյեմբերյանի գյուղերի այգիները եւ բանջարանոցները:
Այս իրավիճակը տարիներ շարունակ չստեսնելու է տալիս բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Լոռու մարզի իրավապահները, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանը ուներ «բարձր» հովանավորներ:
Իսկ այդ վտանգավոր տարածքում, որոտեղով պոչանքներն են հոսում, մենք հանդիպեցինք Ախթալա քաղաքի բնակիչ Գյուլնարային: Նա դույլը ձեռքին մոշ էր քաղաքում հենց այդ վայրից: Իսկ հաջորդ առավոտյան սոցիալապես անապահով այդ կինը իր հավաքած մոշը վաճառելու է Ալավերդու շուկայում, կամ գուցե և Ախթալայի իր հարևաններին` այդպես էլ չգիտակցելով թունավոր պոչանքներով սնված մոշի վտանգները մարդու առողջության համար:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել