
Օրաթերթն իր խմբագրականում գրում է. մինչ իշխանությունները բանավեճ են հրահրել` արդյոք Երեւանի քաղաքապետի ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ ոչ, մինչ մի շարք վերլուծաբաններ իրավացիորեն զարմանում են, թե ինչու ողջ աշխարհում ՏԻՄ ընտրությունները քաղաքական են, իսկ Հայաստանում բնակչության կեսը ներառող ընտրությունները պետք է քաղաքական չլինեն, ուրիշ հարց է ծագում, իսկ ո՞ր հարցը Հայաստանում քաղաքական չէ:
Օրինակ` դպրոցների տնօրենների ընտրությունները քաղաքակա՞ն են, թե՞ ոչ: Եթե քաղաքական չեն, այդ ինչպես է ստացվել, որ Հանրապետության դպրոցների տնօրենների ճնշող մեծամասնությունը կամ իշխանական կուսակցության անդամ է, կամ էլ իշխանական ընտրական, ավելի ճիշտ` ընտրակեղծիքների մեքենայի անբաժանելի մաս: Ի՞նչ արժեքների կրող են դառնում այս դպրոցներից դուրս եկող երեխաները, որոնք, թերեւս, բոլորից լավ գիտեն արդեն, որ Հանրապետությունում դպրոցի տնօրենի պաշտոնը դառնում է խաղաղ հանգրվան բարձրաստիճան պաշտոնյաների կանանց եւ, ավելի հաճախ, սիօրուհիների համար: Այս ամենը, իհարկե, արվում է հանուն հանրակրթության, որովհետեւ ինքներդ եք հասկանում, սիրասուն կանայք եւ փափկասուն սիրուհիները շատ ավելի հեշտությամբ կհոգան բազմաչարչար դպրոցի հոգսերը: Կամ էլ` Նկարիչների միության նախագահն իր միության պատվավոր նախագահ է կարգում գլխավոր դատախազին այն միջոցին, երբ ՆՄ նախագահի պաշտոնում իր ընտրվելը վիճարկվում է դատարանում. վճիռը, ինչպես ասում են, կայացված է: Մեր երկրում ոչ քաղաքական հարց այլեւս չկա, որովհետեւ Հայաստանում չկա մի հարց, չկա մի ոլորտ, որը քաղաքական լուծման կարիք չունենա: Իսկ քաղաքական լուծումն էլ մեկն է. օրինական իշխանության եւ որպես հետեւանք` օրինականության վերականգնումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել