Քրեական գործեր` ծննդատան տնօրենի դեմ
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ «Գյումրու ծննդատուն» ՊՓԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Պարզվել է, որ Վարդան Սարգսյանը, 2006-2008 թթ., լինելով «Գյումրու ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրեն, 2007թ. փետրվարից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կարգադրել է ընկերության գանձապահ Ա. Գրիգորյանին` ընկերության ընդհանուր թվով 39 աշխատակցի՝ բուժքույրերի, մանկաբարձների եւ սանիտարների վճարել սահմանված աշխատավարձից 7000 դրամ պակաս՝ աշխատանքից ազատված աշխատակիցներին նյութական օգնություն ցույց տալու պատճառաբանությամբ:
Գանձապահ Ա. Գրիգորյանը, տնօրենի կարգադրությամբ, նշված ժամանակահատվածում սահմանված աշխատավարձից յուրաքանչյուր ամիս 7000 դրամ պակաս է վճարել նշված աշխատակիցներին, որի արդյունքում գոյացած ընդհանուր գումարը՝ 2 մլն 240 հազար դրամը, յուրաքանչյուր ամիս մաս-մաս հանձնել է տնօրեն Վ. Սարգսյանին:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ`պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:
Նշված քրեական գործը միացվել է Վ.Սարգսյանի կողմից գումար յուրացնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ավելի վաղ հարուցված քրեական գործին: Պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով հարուցված քրեական գործի տվյալներով՝ Վ. Սարգսյանը 2007 թվականի մարտ-մայիս ամիսներին ծննդատանը բուժօգնություն ստացած Վրաստանի քաղաքացիներ Հ. Առաքելյանի, Լ. Սարգսյանի, Հ. Կարապետյանի հարազատներից, ընկերության դրամարկղում մուծում կատարելու նպատակով վերցրել է ընդհանուր գումարով 407 հազար 880 դրամ, սակայն ընկերության դրամարկղ չի մուծել: Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ ՊՓԲԸ-ի տնօրենը հանձնարարել է Հ. Առաքելյանի, Լ. Սարգսյանի, Հ. Կարապետյանի ծննդաբերության տվյալները փոխել, դրանցում լրացնել ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ տվյալներ եւ դրանք վավերացնելով ընկերության կնիքով, նրանց ձեւակերպել է որպես պետպատվերով բուժվող հիվանդներ, իսկ գումարը յուրացրել:
Նշված երկու դեպքերով հարուցված քրեական գործերը կքննվեն մեկ վարույթում, որի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել