Ավագանու ընտրություններում ՀՅԴ-ն պայքարելու է «հանունի» գաղափարաբանությամբ
«Այս ընտրություններն, իհարկե, քաղաքական են, սակայն սա այն քաղաքական մակարդակը չէ, որով պայմանավորված` պետք է ակնկալել արմատական փոփոխություններ, որովհետեև այսպիսի ընտրությունը պետք է զուգորդվի նաև պրոֆեսիոնալ մենեջերների նկատմամբ հասարակության վստահությամբ ևս»,- այսօր Ուրբաթ ակումբում ասաց Երեւանու ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը:
Թեկնածուն կարծում է, որ ներկայացված 7 քաղաքական ուժերը խոսում են «քաղաքական համակարգի որոշակի զարգացման մակարդակի մասին, սկսվում է կոնսոլիդացման մի հետաքրքիր շրջան»: Բանախոսը կարեւորում է մասնակիցների քիչ թիվը` «սա նշանակում է, որ տեղի է ունենում արժեքային համակարգերի կենտրոնացում»:
Անդրադառնալով իր թեկնածությանը` Ա. Մինասյանը նշեց, որ իր թեկնածությունն առաջադրելը կուսակցության որոշումն է. «Ես` որպես ՀՅԴ անդամ, պարտավոր եմ կատարել այդ որոշումը եւ վստահ եմ, որ կկատարեմ համարձակ»:
Բանախոսն ասաց, որ ՀՅԴ-ն մասնակցում է ընտրություններին՝ ակնկալելով հաղթահարել 40 տոկոսի սահմանագիծը եւ կարծում է, որ ամեն ինչ կախված է հասարակության վստահությունը շահելուց: Կարեւորելով այդ փաստը` կուսակցությունը կարող է որոշել, որ պատգամավորը կարող է ավելի օգտակար լինել որպես ավագանի, այս դեպքում «ես օրենսդիր մարմնի մանդատը վայր կդնեմ եւ կգնամ»:
Նախագահի կողմից Գագիկ Բեգլարյանին քաղաքապետի պաշտոնում նշանակելը, ըստ թեկնածուի, կարող է անհավասար մրցապայքարի պատճառ դառնալ. «Լինելով ՀՀԿ խորհրդի նախագահը` հանրապետության նախագահը նպատակահարմար է գտել, դա իր իրավունքն է, իր լիազորությունն է։ Ցանկալի չէ, իհարկե, որ նշանակվում է անձ, որը պետք է հիմնական մրցակիցներից մեկը լինի և 3-4 ամսվա կտրվածքով աշխատանքներ տանի, բայց եթե մեր իրականությունն այդպիսին է, ինչ կարող ենք անել։ Մեզ մնում է պայքարել, պայքարել հանունի, և ոչ թե ընդդեմի գաղափարաբանությամբ և փոխադարձ մերժումը վանել մեզնից»,- ընդգծեց բանախոսը:
Որպես քաղաքական գործիչ իր հանրաճանաչության մասին Արծվիկ Մինասյանն ասաց. «Ավելի լավ է չլինել հայտնի վատ իմաստով, քան քիչ հայտնի լինել լավ իմաստով»: ՀՅԴ թեկնածուն առավել կարևորեց այն հանգամանքը, որ առաջիկա ընտրություններից բոլոր մասնակից ուժերը դուրս գան միաբան ու միասնական։
Այդ առումով, ըստ թեկնածուի, կոալիցիա ձևավորելու հավանականությունը բավական մեծ է, բայց դա միակ ճանապարհը չէ։ «Ինչո՞ւ։ Շատ դժվար է պետական կառավարման ամբողջական ոլորտում ունենալով կոալիցիայի այլ ձևաչափ, քաղաքապետական համակարգում ունենալ մի քիչ այլ մոտեցում, թեև կոալիցիան այն իմաստով, որ հիմա գործադրվում է, մի քիչ աղավաղված ձևով է։ Ես չեմ բացառում, որ ընտրություններից հետո կարող է համագործակցություն լինել բոլոր ուժերի հետ»։
ՀՅԴ-ի հաղթանակի դեպքում, ինչպես նշեց Մինասյանը, համագործակցության կոչ կանի բոլոր ուժերին, քանի որ կուսակցությունը նպատակ չունի միանձնյա իշխանության: Թեկնածուն պատրաստ է համագործակցություն առաջարկել «Ժառանգությանը», որն ունի կառավարման համապատասխան ներուժ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել