ՀՅԴ-ն հույս ունի, որ ընտրություններում վարչական լծակը չի օգտագործվի
Այսօր Ուրբաթ ակումբում հյուրընկալված պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով գլխավորում է ՀՅԴ ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններում, ասաց, որ Գագիկ Բեգլարյանի նշանակումը քաղաքապետի պաշտոնում մրցակցության առումով որեւէ խնդիր չի ստեղծի, եթե պահպանվեն խաղի կանոնները:
Արծվիկ Մինասյանը նկատի ունի, որ «վարչական լծակը չօգտագործվի, որ նա չփորձի քաղաքապետարանին հատկացված գումարներն այնպիսի ծախսումների ենթարկել, որով տպավորություն ստեղծվի, որ դա նաեւ ընտրակաշառք է»:
Ըստ թեկնածուի` մարդիկ ցանկանալու են վարչական ռեսուրսը օգտագործել, սակայն տվյալ պարագայում կարեւոր է ընտրողի վարքագիծը: Այս հարցը բարձրացվել է նաեւ կոալիցիոն գործընկերների մոտ, եւ ՀՅԴ-ն սպասում է արձագանքի: «Ես կարող եմ մեկ բան ասել` այս երաշխիքը կարող է տալ միայն հանրապետության նախագահը, այս հարցը, ինչպես այլ շատ հարցեր մեր երկրում, գերագույն գլխավոր հրամանատարի վարքագծից է կախված»: Մինասյանը հույս ունի, որ նախագահը վարչական լծակը չկիրառելու որոշում կկայացնի եւ հրապարակային կարտահայտի այդ դիրքորոշումը:
Լրագրողներից մեկը հարցրեց, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն իր ռեսուրսներն օգտագործի եւ փորձի գնել ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» տեղերը: Հարցը հնչեց` նկատի առնելով «Ժառանգության» անդամ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը, թե կոալիցիոն ուժերից մեկը փորձել է գնել «Ժառանգության» տեղերը հանձնաժողովներում: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն արդեն հերքել են, իսկ ՀՅԴ-ն էլ, ինչպես նշեց պատգամավորը, «եթե այդքան գումար ունենա, քարոզարշավի վրա կծախսի եւ շատ ավելի ճոխ քարոզարշավ կկազմակերպի»:
Արծվիկ Մինասյանը կարեւորեց նաեւ հանձնաժողովների այն անդամների խնդիրը, որոնք հանդես են գալիս «իրականում սատանայի դեմքով եւ իրենց ստվերային գործն են անում»: Մինասյանը գտնում է, որ ինչքան շուտ բացահատվեն եւ հեռացվեն այդ անձինք, այնքանով կապահովվի ընտրությունների անաչառությունը:
«Եվ, ի դեպ, ես վստահ եմ, որ թե' «Ժառանգությունը», թե մյուս ուժերը ուշադրությամբ հետեւելու են իրենց անդամների վարքագծին»,- նշեց թեկնածուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել