Նոր զարգացումներ Շուշիի քաղաքապետի ընտրության շուրջ
Այսօր Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ մարտի 29-ին կայացած քաղաքապետի ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկը, որը պահանջել էր ընդամենը երեք ձայնով պարտված թեկնածու Ալբերտ Խաչատրյանը: Վերահաշվարկին ներկա էին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, քաղաքապետի երկու թեկնածուները եւ վստահված անձիք, լրագրողներ:
Վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ հիմնականում անվավեր քվեաթերթիկների թիվն է փոխվել. եթե սկզբից երկու ընտրատեղամասերի անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը 66 էր, ապա այսօրվա վերահաշվարկից հետո այն 64 էր: Եղան նաեւ այնպիսի քվեաթերթիկներ, որոնք այս կամ այն թեկնածուի օգտին էր քվեարկված, բայց տարածքային հանձնաժողովը գտավ, որ դրանք անվավեր են, քանի որ օրենքով սահմանված ձեւով չէր նշանը դրված: Ինչեւէ, չնայած վերահաշվարկի պահանջին, արդյունքները դարձյալ Ալբերտ Խաչատրյանի օգտին չեն խոսում. նրան կողմ են քվեարկել 774 ընտրող, իսկ Կարեն Ավագիմյանի օգտին` 779 ընտրող: Արդյունքում 3 ավել ձայնը դարձել է 5:
Սակայն պետք է շեշտել մի հանգամանք եւս ` վերահաշվարկի ժամանակ պարզվեց, որ թիվ 21/2 ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակում ընդգրկված 3 քաղաքացիների մասով էլ պահանջվող փաստաթուղթ չի ներկայացվել անձնագրային բաժնի կողմից, համենայնդեպս այդ տեղեկանքները կցված չէին ընտրացուցակին (դրանցից մեկի տեղեկանքը վերահաշվարկի ժամանակ միայն ներկայացրեց տեղամասային հանձնաժողովի նախագահը, սակայն այն չընդունվեց), ինչը, ըստ ԿԸՀ նախագահի, պետք է լիներ:
Ի դեպ, այդ երեք քաղաքացիների մեջ նաեւ 16 տարեկան քաղաքացին է, որի անձնագրով, ինչպես հետո պարզվել է, քվեարկել է նրա հայրը: Վերահաշվարկի ընթացքում Ալբերտ Խաչատրյանի վստահված անձը նաեւ ներկայացրեց այնպիսի փաստեր, որ ցուցակում նշված ազգանունը չի համապատասխանում քաղաքացու անձնագրի ազգանվան հետ, որն էլ նույն անձնագրով քվեարկել է, այնինչ, ըստ վստահված անձի, պետք է համապատասխան փաստաթուղթ ներկայացվեր մինչեւ քվեարկելը:
Տարածքային հանձնաժողովի նախագահն առաջարկեց կողմերին հանձնաժողով ներկայացնել իրենց առարկությունները եւ փաստերը: Իսկ հանձնաժողովն իր հերթին, ուսումնասիրելով եւ քննարկելով ստացված դիմումները, պետք է մինչեւ ապրիլի 3-ի ժամը 18:00-ը հրապարակի վերահաշվարկի արդյունքները: Մեր տվյալներով, Ալբերտ Խաչատրյանը դարձյալ պատրաստվում է փաստեր ներկայացնել տարածքային ընտրական հանձնաժողով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել